HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վերաքննիչը մասնակի բավարարեց Կարո Եղնուկյանի բողոքը

Ամալյա Մարգարյան

Վերաքննիչ քրեական դատարանը` նախագահությամբ Մխիթար Պապոյանի, մասնակի բավարարեց Կարո Եղնուկյանի պաշտպան Տիգրան Հայրապետյանի բողոքն ընդդեմ Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն ընդհանուր իրավասության դատարանի կայացրած որոշման և գործն ուղարկեց առաջին ատյանի դատարան` նոր քննության:

Հիշեցնենք, որ Կարո Եղնուկյանը բողոք էր ներկայացրել առաջին ատյանի դատարան` ընդդեմ քննչական կոմիտեի անգործության: Նա նշելել էր, որ առաջադրված մեղադրանքը պարզ չի եղել, իսկ քննիչը չի փորձել այն հստակեցնել։ «Քննիչը ոչ մի գործողություն չի կատարել, բոլոր հարցերը մնացել են անպատասխան։ Մենք քննիչին խնդրում ենք բացատրել՝ ո՞րն է մեղսագրվող գործողությունների բնույթը, ինչի մեջ է մեղսագրվում Եղնուկյանը: Քննիչն ասում է, որ Քրեական դատավարության օրենսգրքում կա այդպիսի նորմ, որ մենք իրավունք ունենք ծանոթանալու քրեական գործի նյութերին նախաքնության ավարտից հետո»,- առաջին ատյանի դատարանում բողոքի քննության ժամանակ հայտնել էր փաստաբան Տիգրան Հայրապետյանը։

Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն ընդհանուր իրավասության դատարանը մերժել էր բողոքը`եզրահանգման մեջ նշելով, որ այն չի գտնվում դատարանի իրավասության ներքո: Այսօրվա նիստի ընթացքում դատավոր Մ. Պապոյանը նշեց, որ գործը գտնվում է միջդատավարական վարույթում, և այն պետք է դատարանում քննվի:

Հիշեցնենք, որ «Հիմնադիր խորհրդարնի» անդամ Կարո Եղնուկյանը մեղադրվել է  պատանդներին պահելուն օժանդակելու (Քրեական օրենսգրքի 38-218 հոդված) ու զավթած շենքները և շինությունները պահելուն օժանդակելու (Քրեական օրենսգրքի 38-219 հոդված) մեջ, սակայն Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն առաջին ատյանի դատարանում բողոքի քննության ժամանակ փաստաբան Հայրապետյանը հայտնել էր, որ  ձգտելը միայն բավարար չէ անձին մեղադրանք առաջադրելու համար: «Չի երևում, թե իր գործողություններով ինչպես է իր պաշտպանյալն օժանդակել ՊՊԾ գունդը գրավածներին, իսկ եթե չի օգնել, ապա գործել է իրավապահ մարմինների օգտին»։

Այսօր դատական նիստին չէին ներկայացել դատախազը և քնիիչը: Կարո Եղնուկյանը նշեց, որ թեև առարկաություն չունի, բայց կցանկանար երկու խոսք ասել քննիչին. «Այս քննիչը այն քննիչն է, որը «Հաց բերողին» դատապարտեց մահվան»,-հայտարարեց Եղնուկյանը:

Դատավորն ընդհատեց նրա խոսքը` նշելով որ ասվածը գործի հետ կապ չունի և հայտնեց, որ եթե Կարո Եղնուկյանը քննիչի գործողությունների հետ խնդիր ունի, այն պիտի վիճարկի պատշաճ կարգով: «Սա հայտարարություն անելու հարթակ չէ»,-հավելեց դատավորը:

Նիստի ավարտից հետո «Հետքի» հետ զրուցում փաստաբան Հայրապետյանը նշեց, որ Վերքննիչ դատարանը քաջություն ունեցավ և բարձրաձայնեց, որ առաջին ատյանի դատարանը սխալվել է:

«Հիմա առաջին ատյանի դատարանը պետք է քննի, որ քննիչի և դատախազի գործողություններն անօրինական են: Մենք ասում ենք, որ մեղադրանքի հիմքերն ու բնույթը չի պարզաբանվում, դատարանն ասում է, որ դա իր քննելու հարցը չէ: Վերաքննիչը բավարարեց մեր բողոքը և ցույց տվեց, որ բողոքը դատարանի  քննության հարց է: Բողոքը մասնակիորեն բավարարվեց, եթե ամբողջությամբ բավարարվեր, Կարո Եղնուկյանին ազատ կարձակեին»,-հայտնեց փաստաբանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter