HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մարինե Մադաթյան

Հայաստանի երիտասարդական հիմնադրամի աշխատակիցը շուրջ 80 հազար դոլար է նվիրել Կարեն Ավագյանին

Ազգային ժողովի պատգամավոր, խորհրդարանական առաջիկա ընտրություններում Հայաստանի հանրապետական կուսակցության համապետական ցուցակով առաջադրված Կարեն Ավագյանը ներկայացրել է իր գույքի և եկամուտների հայտարարագիրը:

Համաձայն փաստաթղթի` 2016թ. փետրվարի 2-ից մինչև 2017թ. փետրվարի 2-ն ընկած ժամանակահատվածում Կարեն Ավագյանի եկամուտները հիմնականում գոյացել են երկու տարբեր նվիրատվություններից: Երկու դեպքում էլ նվիրատուն նույն անձն է` Խաչիկ Լևոնի Զաքարյանը:

Ընթերցողներին հիշեցնենք, որ Կարեն Ավագյանը բացի Ազգային ժողովի պատգամավոր և ՀՀԿ գործադիր մարմնի անդամ լինելուց, նաև Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի համակարգողն է արդեն 7 տարի: Հիմնադրամը հիմնվել է 2001թ.: Ի թիվս այլ ծրագրերի, այս հիմնադրամն է բաշխում նախագահի աշխատակազմի կողմից տարբեր հասարակական կազմակերպությունների պարբերաբար տրամադրվող դրամաշնորհները:

Կարեն Ավագյանին նվիրատվություն կատարած Խաչիկ Զաքարյանը ևս աշխատում է Հայաստանի երիտասարդական հիմնադրամում: Զաքարյանի նվիրատվություններից մեկը կազմել է 20 միլիոն ՀՀ դրամ, մյուսը` 40 հազար ԱՄՆ դոլար, այսինքն` ընդհանուր առմամբ նա մեկ տարում Կարեն Ավագյանին է նվիրել ավելի քան 80 հազար ԱՄՆ դոլար:

Խաչիկ Զաքարյանից փորձեցինք պարզաբանում ստանալ, թե ինչ նպատակով է կատարվել նվիրատվությունը, ինչ միջոցներից, և ինչպես կարող ենք վստահ լինել, որ նվիրաբերված միջոցները առնչություն չունեն Հայաստանի երիտասարդկան հիմնադրամին փոխանցված գումարների հետ:

Խաչիկը խնդրեց հարցերը գրավոր ուղարկել: Ավելի ուշ գրավոր տարբերակով պատասխանեց «Հետքի» հարցմանը (հարցրել էինք նաև, թե ազգակցական ինչ կապ ունի Կարեն Ավագյանի հետ): «Գումարը նվիրել եմ եղբորս՝ Կարեն Ավագյանին, նոտարով վավերացված նվիրատվության պայմանագրով։ Նվիրատվությունը կատարել եմ իմ անձնական խնայողություններից։ Նվիրատվությունը որևէ ուղղակի կամ անուղղակի կապ Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հետ չունի»,- գրել է նա:

Հավելենք, որ ըստ ընտրողների ռեգիստրի` Խաչիկ Զաքարյանը Կարեն Ավագյանի մորեղբոր տղան է, 25 տարեկան: Այժմ նա աշխատում է որպես ՀԵՀ-ի «սոցիալ-տնտեսական և զբաղվածության ծրագրերի համակարգող», իսկ թե ինչպես է հասցրել խնայել ու զարմիկին նվիրել շուրջ 80 հազար դոլար, հայտարարագրի «չերևացող» էջն է:

Կարեն Ավագյանը նշված ժամանակահատվածում հայտարարագրել է Երևանում գտնվող երկու բնակարան, որոնցից մեկի համասեփականատերն է, մյուսի` միանձնյա սեփականատերը: Կոտայքի մարզի Պտղնի գյուղում էլ պատգամավորն ունի 120 քմ մակերեսով կիսակառույց տուն և երկու տարբեր հողամասեր` դարձյալ միանձնյա սեփականությամբ:

առաջին լուսանկարում` Կարեն Ավագյանը Սերժ Սարգսյանի հետ / president.am

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter