HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գնալ դեպի իրական սահման. Վազաշենում բացվել է Սևանի անվան «Հավեսին սենյակը»

«Մենք պետք է դուրս գանք մեր անձնական նեղ սահմաններից ու գնանք դեպի իրական սահման` իրական մարդկանց մոտ: Հայրենիքը սկսվում և ավարտվում է սահմանով»,- մի առիթով ասել է նկարչուհի, անիմատոր, երջանկահիշատակ Սևան Նագգաշյանը: 

Երեկ իրականություն դարձավ Սևանի նախագծերից մեկը. Տավուշի սահմանամերձ Վազաշեն գյուղի դպրոցում բացվեց նրա անվան սենյակը՝ «Հավեսին սենյակը»: Այստեղ երեխաները հնարավորություն են ունենալու նկարել, քանդակել, ֆիլմեր դիտել, հանդիպումներ ունենալ արվեստագետների հետ:

Սևանն այս սենյակը պատրաստվում էր իրագործել դեռևս նախորդ տարի, որոշել էր՝ Կանադայից վերադառնալուց հետո իրականացնել նախագիծը, բայց չհասցրեց: Նա քաղցկեղով հիվանդ էր, այդ մասին ընկերներից քչերը գիտեին: Հոկտեմբերի 14-ին համացանցում արագ տարածվեց Սևանի մահվան բոթը:

Նախորդ տարի նրա ծննդյան հաջորդ օրը՝ նոյեմբերի 28-ին, Երևանի «Ակումբ» սրճարանում Սևանի ընկերները հուշ-երեկո էին կազմակերպել: Ելույթ էին ունեցել բարդերը, «Շողակն» համույթի մեներգչուհի Հասմիկ Հարոթյունյանը: Համերգի հասույթը 210.000 դրամ էր, որը տրամադրվեց Սևանի նախագծի համար, բացի դրանից, «Հայ Ձմեռ պապ» բարեգործական հիմնադրամի տնօրեն Արմինե Պետրոսյանը 1000 դոլար դրամաշնորհ էր ստացել «Awesome» հիմնադրամից այդ ծրագրի համար:  Կազմակերպչական գործերին միացավ նաև Տավուշի հոգևոր առաջնորդ Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը:

Սևան Նագգաշյանն ու Արմինե Պետրոսյանը

Ա. Պետրոսյանն իր ղեկավարած հիմնադրամի սկզբունքներից մեկը համարում է երիտասարդական նախաձեռնություններին խրախուսելը, նրանց միջև կամուրջներ ստեղծելը: Հիմնադրամին Երևանի «Արեգնազան» կրթահամալիրն է առաջարկել միանալ «Հավեսին սենյակի» բացմանը:

«Երեխաներն էլ, ուսուցիչներն էլ, տնօրենն էլ գործնական կերպով սկսեցին նախապատրաստել այցը՝ նկարչական պարագաներ գնեցին վազաշենցի դպրոցականների համար, կրկեսային համար պատրաստեցին: Նույնիսկ քաղցրավենիք էին գնել՝ շատ էին ուզում քաղցրացնել հակառակորդի գնդակակոծությունների ու հրետակոծությունների տակ ապրող վազաշենցի դպրոցականների կյանքը»,- ասում է Արմինե Պետրոսյանը:

«Արեգնազանի» սաները ծրագրել էին միասին ներկել դպրոցի պատերից մեկը, բացի դրանից, իրենց հետ տարած դեկորատիվ նյութերով որոշել էին ժամացույց պատրաստել «Հավեսին սենյակի» համար: Դրանով պիտի մեկնարկեր կենտրոնի և սահմանի երեխաների ընկերության միասնական ժամանակը: Ծրագրում էին նաև միասին նկարել, ապա ցուցադրել սենյակում, սակայն ժամանակը կարճ էր, չհասցրեցին: Երևան գալու ճանապարհին, Արմինեի փոխանցմամբ, երեխաներն ասել են, որ ցանկանում են դարձյալ այցելել իրենց հասկակակիցներին:  Վազաշենցիներն էլ, նրա խոսքով, անհամբեր սպասում էին «Հավեսին սենյակի» բացմանը և շատ ոգևորված ու հետաքրքրված էին: Սևանի սենյակի բացման արարողությանը Կանադայից եկել էին մասնակցելու Սևանի եղբայրները՝ Վահանն ու Շահեն:

«Հիմա, երբ բացումն արդեն արել ենք, նոր մտածումներ ունեմ. մի բան է սիրուն սենյակ կահավորելը, մեկ այլ բան՝ այն ապրեցնելը, նպատակին ծայառեցնելը: Հարկավոր է միջոցներ գտնել ու հաճախ այցելել Վազաշեն, հանդիպել ու խոսել երեխեքի հետ, ֆիլմեր դիտել ու քննարկումներ կազմակերպել, վարպետաց դասեր անցկացնել, ճիշտ նկարել սովորեցնել և այլն: Վստահ եմ, որ Սևանի ընկերները չեն հոգնի այդ այցերից, բայց հարկավոր է լավ մտածել ու նրբորեն կազմակերպել այդ ամենը»,- ասում է «Հայ Ձմեռ պապ» բարեգործական հիմնադրամի տնօրենը:

Նրա փոխանցմամբ՝ Սևանը մի անգնահատելի ժառանգություն է թողել իրեն ու ընկերներին: Նա առանձնահատուկ տաղանդ ուներ իր ճաշակին համապատասխանող մարդկանց միավորելու: Իսկ թե ինչ է զգում, երբ համատեղ նախագիծն արդեն իրականացած է տեսնում, ասում է. «Ի՞նչ եմ զգում. խոնջանք, գոհություն և միաժամանակ անհանգստություն: Սևանի հեռանալուց հետո մտքերս խառնվել էին, բայց հասկանում էի, որ հոգիս խաղաղեցնելու համար անպայման պիտի գլուխ բերեմ այն, ինչի մասին որոշել էինք: Բայց այն ամենն, ինչ կապված է Սևանի հետ, մի տեսակ ներքին ինքնազարգացում է ապրում»:

Լուսանկարները՝ հեղինակի և Արմինե Պետրոսյանի ֆեյսբուքյան էջից 

Մեկնաբանություններ (4)

Կարինե Մելոյան
Սևանի բարությունը, անկեղծությունը, ազնվությունը և մաքրություն էր,որ համախմբեց ու միավորեց իր արվեստագետ ընկերներին այս լուսավոր գաղափարի,նախաձեռնության շուրջ:Այս համեստ,լուռ և պարկեշտ մարդիկ հայի լավագույն տեսակն են,որնք անաղմուկ ու անաղաղակ,իրական քայլերով և իրենց արվեստի միջոցով ցանկանում են նպաստել նոր սերունդի դաստիրակությանը:
Ռուբեն
Մի տեսակ կցկտուր հոդված է:Օրինակ ես կուզեի նաև որոշակի ինֆորմացիա ունենալ այն արվեստագետների մասին, ովքեր մասնակցել են այս գործին,չէ որ հասարակությունը ժամանակ առ ժամանակ բողոքում է թե այ մտավորականներն ու արվեստագետները իրենք իրենցով են զբաղված: Ահա շատ լավ առիթ էր մեր հասարակությանը ճանաչել տալու մեր այսօրվա ստեղծագործող արվեստագետիներին, ովքեր պատրաստ են իրենց ժամանակն ու միջոցը տրամադրել ու լծվել Վազաշենցի մանուկներին կրթելու գործին:
Ամիրան Գարսլյան
Սահմանին ապրող մարդու համար շատ կարևոր է արվեստագետների հետ շփումը :Ինքս Տավուշցի եմ և ուզում եմ նշել,որ առաջին անգամն է,երբ սահմանպահ գյուղ է այցելում արվետսգետների մի խումբ,ովքեր ունեն մի նպատակ կրթել և արվեստի կախարդական դռները բացել Վազաշենցի երեխաների առջև:Լավ կլինի,որ այսպիսի այցելություններ լինեն պարբերաբար բոլոր մարզերում և սահմանամերձ գյուղերում:
Հռիփսիմե
Շնորհակալություն Արմինե Պետրոսյանին Սևան Նագաշյանի նախագիծը իրականացնելու և գործը գլուխ բերելու համար,բայց կարծում եմ կարևոր է նաև նշել այն արվեստագետների անունները ,որոնք իրենց համեստ ներդրումն ու մասնակցթյուն էին ունեցել այս գեղեցիկ միջոցառմանը:Հուսով եմ այդ փոքրիկ վրիպումը կշտկվի:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter