HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

Փաստաբան. «Խախտվել է Սամվել Բաբայանի անմեղության կանխավարկածը»

«Հետք»-ը Արցախի պաշտպանության բանակի նախկին  հրամանատար Սամվել Բաբայանի քրեական գործի վերաբերյալ զրուցել է վերջինիս փաստաբան Ավետիս Քալաշյանի հետ:  

-Պարոն Քալաշյան, մարտի 25-ին ձեր պաշտպանյալ Սամվել Բաբայանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը, և դուք պատրաստվում եք բողոքարկել այն:  Կմանրամասնե՞ք,  թե ինչ հիմքով եք բողոքարկելու որոշումը:

-Նման որոշումները սովորաբար բողոքարկվում են անհիմն լինելու պատճառով. Բաբայանին կալանավորելու հիմքեր չկան:

-Դատաախազությունն, օրինակ՝ կալանքի վերաբերյալ հաղորդագրություն է տարածել՝ նշելով,  որ Սամվել Բաբայանը և մյուսներն ընդունել են առնչությունը «Իգլա» զենիթահրթիռային համալիր ներկրելու գործին: Դուք ասում եք, որ սա չի համապատասխանում իրականությանը, Բաբայանն իրեն առաջադրված մեղադրանքին առնչություն չունի, մեղադրանքն անհիմն է, բայց միևնույն ժամանակ ապատեղեկատվություն չեք որակում դատախազության հաղորդագրությունն ու ասում, որ պարզապես այս կառույցն  իր ձևով է մեկնաբանում հարցը: Ձեր խոսքերից կարո՞ղ ենք եզրակացնել,  որ Բաբայանն, այնուամենայնիվ ինչ- որ առնչություն ունի « իգլա» տեսակի զենիթահրթիռային համալիր ներկրելու գործի հետ, բայց նախաքննություն իրականացնող մարմինը սխալ է որակել նրա արարքը և այն վերաորակելու կարիք կա:

-Չէ, չենք կարող այդպես ասել, քանի որ Բաբայանի ՝ մինչ այս կատարած որևէ գործողության մեջ որևէ հոդվածով նախատեսված հանցակազմ չկա, չեմ կարող փակագծերը շատ բացել:

-Դուք նշել եք, որ այս գործով կալանավորված անձանցից որևէ մեկին Բաբայանի հետ չեն առերեսել, որից ենթադրում եք, որ նրանք Բաբայանի դեմ ցուցմունք  չեն տվել:  Իսկ գործում, առհասարակ, Բաբայանի դեմ  որևէ այլ անձի ցուցմունք կա՞:

-Ոչ,  ըստ իմ ունեցած տեղեկությունների՝ չկա նման անձ:

-Սամվել Բաբայանն այդ երկու անձանցից որևէ մեկին ճանաչո՞ւմ է:

-Մեկին ճանաչում է, մարտական ընկերներ են:

-ԱԱԾ-ն հաղորդագրությամբ հայտնել է, որ  «կատարված քննչական գործողությունների և օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ստացվել են  արժանահավատ տվյալներ, որ նշված զենիթա-հրթիռային համալիրի բաղկացուցիչ մասերի ձեռքբերումը և փոխադրումն իրականացրած անձինք գործել են Սամվել Բաբայանի հետ ունեցած նախնական համաձայնությամբ և նրա պատվերով»։ Ինչպե՞ս եք մեկնաբանում այդ հաղորդագրությունը:

-Չկա նման բան: Դա ընդամենը կասկած է, ճիշտ է, նման բովանդակությամբ էլ մեղադրանք է առաջադրվել, բայց նման բան չկա, և չկան այդ մեղադրանքն ապացուցող հանգամանքեր: Այն հանգամանքները, որոնք ներկայացվել են կալանքի միջնորդության քննության ժամանակ, խոսում են այն մասին, որ Բաբայանին վերագրվող արարքի վերաբերյալ չկա նաև հիմնավոր կասկած:

-Պարո՛ն Քալաշյան, դուք նշում եք, որ Բաբայանին վերագրվող արարքներում իր ուղղակի առնչությունը չկա,  որ գործում  չկա հիմնավոր կասկած՝ իրեն մեղսագրվող արարքների՝ կատարված լինելու վերաբերյալ,  որ ԱԱԾ-ն  օպերատիվ հետախուզական տվյալներ չունի առ այն, որ կալանավորված մյուս անձինք գործել են Բաբայանի հետ նախնական համաձայնությամբ և նրա պատվերով,  որ Բաբայանի  կալանքի որոշումն անհիմն է և  միևնույն ժամանակ նշում, որ  այս պահի դրությամբ նախաքննությունն օբյեկտիվ է ընթանում,  Սամվել Բաբայանի իրավունքների խախտում տեղի չի ունեցել: Եթե հիմք ընդունենք ձեր կողմից վերը թվարկված հանգամանքները՝ կապված նախաքննության ընթացքի հետ, ապա ստացվում է,  որ Սամվել Բաբայանի իրավունքներն արդեն իսկ խախտվել են, քանի որ նրան անհիմն մեղադրանք է առաջադրվել և կալանավորումն ընտրվել խափանման միջոց:

-Բաբայանին մեղսագրվող արարքներում չկա նաև իր անուղղակի առնչությունը, պարզապես ես լիարժեք չեմ կարողանում  նմանատիպ հարցերին պատասխանել ոչ թե նրա համար, որ այդ հարցերի պատասխանները չունեմ, այլ որովհետև գործի մանրամասն տվյալներ չեմ կարողանում հայտնել: Երբ կգա ժամանակն,  ու ես նպատակահարմար կգտնեմ  գործի վերաբերյալ մանրամասն տեղեկություններ հայտնել, այդ ժամանակ ինքս  կբացեմ փակագծերն, ու այդ հարցերի պատասխաններն ի հայտ կգան: Ուղղակի այս պահի դրությամբ, իմ պաշտպանյալի շահերից ելնելով, գտնում եմ, որ ճիշտը մանրամասներ չհայտնելն է: Ինձ մտահոգում է միայն մի բան. քրեական գործի լավ ավարտը, իսկ այս ընթացքում իմ լռությունը կարող է տարբեր կերպ մեկնաբանվել. եթե ես այդ ամենի ետևից ընկնեմ, չեմ հասցնի բուն գործով զբաղվել:

-Ձեր կարծիքով՝ մինչ այդ պահը տարածված  պաշտոնական հաղորդագրություններով խախտվե՞լ է Բաբայանի անմեղություն կանխավարկածը:

Հենց այն հրապարակումը, որ Բաբայանն ընդունել է իր առնչությունն իրեն առաջադրված մեղադրանքին, անմեղության կանխավարկածի խախտում է:

-Օրեր շարունակ մամուլը գրում էր այն մասին, որ Սամվել Բաբայանը կկալանավորվի: Ինքը՝ Բաբայանը ի՞նչ  է ասում այս առնչությամբ: Իր համար իր կալանավորումն անսպասելի՞ էր:

-Չեմ խոսել այդ մասին:

Մեկնաբանություններ (2)

Վարազ Սյունի (Ամստերդամ)
Ազգային ամոթ է, որ Սամվել Բաբայանի պես մարդու գլխին օրը ցերեկով սարքում ու կալանավորում են, բայց ոչ մի քաղաքական ուժ սրա դեմ լու՛րջ քաղաքական ակցիա չի կազմակերպում: Ազգային ամոթ է,որ «Հաց բերողին» օրը ցերեկով կալանավորում ու սպանում են, բայց ոչ մի քաղաքական ուժ սրա դեմ լու՛րջ քաղաքական ակցիա չի ձեռնարկում: Բա էլ ու՞ր մնաց ձեր «ընդդիմադիր» լինելը: Հայը չի՛ հարգում իր հաղթողներին,դրա համար, ի վերջո, պարտվում է:
Վարազ Սյունի (Ամստերդամ)
ՀՀ Ոստիկանությունն ու ԱԱԾ-ն միայն սեփակա՛ն ժողովրդին ջարդել գիտեն: Պերմյակովի գործի ժամանակ ծակները մտած մկնիկներ էին դարձել: Հայաստանի դատաիրավական համակարգը անկախ չէ,որ մարդ հաստատ իմանա: Հնարավոր է նաև,որ մարդկանց գլխին սարքում են: Ոստիկանությունն ու ԱԱԾ-ն «սարքել-թքել-կպցնելու» մեծ վարպետներ են. Սովետից մնացած հիվանդություն:ԱԱԾ-ն իբր գործ է անում:Թուրքական «գորշ գայլերի» ղեկավարներն եկան Երևանի կենտրոնում նկարվեցին ու նույնիսկ կաթողիկոսարան գնացին,բայց ԱԱԾ-ն քնած էր:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter