HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

Ազգային պարկը չի կարողանում կանխել գյուղացիների կողմից կատարվող ծառահատումները

Երեկվանից «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում օգատատերերը «Դիլիջան» ազգային պարկ»-ում հատված ծառերի լուսանկարներ էին հրապարակում։

Երկու օր առաջ հատված ծառերի դեպքին երեկ անդրադարձել էինք։ Մասնավորապես նշել էինք, որ պարկի տարբեր մասերում առողջ ծառեր էին հատվել, իսկ մեր զրուցակից Տիգրան Շահբազյանը հայտնել էր, որ Հաղարծին գյուղում գյուղացիները զբաղված են հատված ծառերն իրենց բակերում դասավորելով։

 

Այս լուսանկարը մարտի 26-ին է արված,  այն մեզ փոխանցել է Տիգրան Շահբազյանը։

Երեկ «Հայկական բնապահպանական ճակատ»-ի ֆեյսբուքյան էջում պարկում հատված ծառերի նոր լուսանկարներ հրապարակեց Լևոն Գալստյանը։ Նրա փոխանցմամբ՝  ծառերը հատվել են երեկ, իսկ դրանք լուսանկարել են օտարերկրյա զբոսաշրջիկները։

 

«Ճանապարհի եզրերին մոտ 2 կմ երկարությամբ բազմաթիվ հատված ծառեր ու փայտի կույտեր են։ Տեղացիների ասելով՝ ՀՀԿ-ն նաև այսպիսի ընտրակաշառքի ձև է ընտրել ու կիրառում է անտառամերձ բնակավայրերում»,- գրել էր Լեւոն Գալստյանը։

«Դիլիջան» ազգային պարկ»-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Վահիկ Վասիլյանը մեզ հետ զրույցում ասաց, որ մեր հրապարակած լուսանկարներին երեկ ծանոթացել է. «Այդ ծառերից որոշ մասն արդեն ակտավորված է, որոշ հին ծառեր են եղել, որոնք որպես թափուկ կտրվել են, դրա համար թվում է, թե նոր կտրած են։ Իսկ գիտեք՝ հին ծառը որ կտրում են, տեսքից դառնում է ոնց որ թարմ կտրած։ Մարդկանց շփոթության մեջ է գցում»։

Տնօրենի պաշտոնակատարի փոխանցմամբ՝ ապօրինի ծառահատումները կատարավել են շաբաթ-կիրակի օրերին՝ գյուղացիների կողմից։ Այդ օրերին իրավական գործողություն կատարել չեն կարողացել, այդ պատճառով նոր են պատրաստվում արձանագրություն կազմել. «2-3 դեպք բացահայտել ենք, որոնք այժմ կարձանագրենք, կհանձնենք տեսչություն»։

Այս օրերին, նրա խոսքով, ապօրինի ծառահատման 3-4 դեպք է գրանցվել։ Բոլոր դեպքերում էլ գյուղացիներն են կատարել։ Վասիլյանը հավաստիացնում է, որ գյուղացիների դեմ պայքարելը դժվար է, քանի որ ապօրինի ծառահատումներ կատարելու հանգամանքը նրանք պատճառաբանում են սոցիալական վատ վիճակով։ Երեկ էլ այցելել է Հաղարծին գյուղ, որտեղից լուսանկար էինք հրապարակել, հանդիպել է գյուղացիների հետ, ասում է՝ նրանք նոր բան չեն ասել, կրկնել են, որ այդ ծառերի վաճառքի գումարով են սնվում, քանի որ այլ միջոց և եկամուտ չունեն. «Ասում են՝ ավելի լավ է ինձ տանեք, ակտ գրեք, քան իմ երեխան այս ձմեռով սառի»։

Իրավիճակը շտկելու համար Վահիկ Վասիլյանն առանջահերթ է համարում գյուղացիներին «ստիպել», որ գոնե թափուկները տանեն, քանի որ նրանք թափուկի տոմս են գնում և երեք թափուկ վերցնելիս միաժամանակ առողջ ծառ հատում։

Մեկնաբանություններ (1)

Հայկական բնապահպանական ճակատ
Եթե մեր պետությունը չի կարողանում ժողովրդի մինիմալ կենցաղային պայմաններն ապահովել ու մարդիկ ստիպված պիտի անտառները ոչնչացնեն, որպեսզի ցրտից ու սովից չմեռնեն՝ ուրեմն կառավարող վարչակազմն ուղղակի իրավունք չունի շարունակել ղեկավարել մեր երկիրը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter