HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Առաքելյան

Իսկ ովքե՞ր են «բարեփոխիչները». պետական կառավարումը նախըտնրական ծրագրերում

Ընտրություններին մասնակցող քաղաքական գրեթե բոլոր ուժերն էլ իրենց նախընտրական ծրագրերով տարբեր՝ հիմնականում տնտեսական, սոցիալական, գիտակրթական ոլորտներում խորքային բարեփոխումներ են խոստանում: Որևէ բարեփոխում իրականացնելու մասին, սակայն, ավելորդ է խոսել, եթե չկա այդ պատասխանատվությունն իր վրա կրող, պրոֆեսիոնալ, հանրային շահի գերակայության գիտակցումով առաջնորդվող, ստեղծագործական, ճկուն մտածողությամբ օժտված, դինամիկ և ժամանակի պահանջներին համընթաց շարժվող կառավարման համակարգ: Նախորդ 4 տարիներին պետական կառավարման համակարգի զարգացման միակ ուղեգիծը եղել է օպտիմալացման անվան տակ կադրային կրճատումները, պետական մարմինների կառուցվածքային փոփոխությունները, որոնք շարունակաբար կաթվածահար ու սպասողական վիճակում են պահում ամբողջ համակարգը և զրկում մոտիվացիայից: Արդյունքում ո՛չ մատուցվող ծառայությունների որակն է փոխվել, ո՛չ կառավարումն է ավելի արդյունավետ դարձել, ո՛չ կոռուպցիան է նվազել և ո՛չ էլ պետական կառավարման համակարգն է դադարել հասարակության և քաղաքացու փոխարեն սպասարկել օլիգարխիայի, քաղաքական իսթեբլիշմենթի մասնավոր ու բիզնես շահերը:

Քաղաքական ուժերի կողմից բարեփոխման որևէ խոստում իրականում որևէ արժեք չունի, եթե դրանց զուգահեռ ծրագրերում չկա հիմնական ռեսուրսի՝ պետական կառավարման, դրանից բխող կադրային քաղաքականության մոդելային տեսլականը:

Միանգամից նշենք, որ Հայաստանի կոմունիստական և «Հայկական վերածնունդ» կուսակցությունները, ինչպես նաև «Ծառուկյան» դաշինքը պետական կառավարման համակարգին, հանրային ծառայությանն իրենց ծրագրերում չեն անդրադարձել ընդհանրապես: Թվում էր, թե հատկապես վերջին երկուսը, իշխանության մաս եղած լինելով, պետք է ներսից ավելի առարկայորեն պատկերացնեին համակարգային հիմնախնդիրները: Պարզվում է՝ նրանց լիովին բավարարում է գործող համակարգը:    

«ՀԱԿ-ՀԺԿ» դաշինքը հիմնականում կենտրոնացել է պետական ծառայության պրոֆեսիոնալության, պատասխանատվության սկզբունքների, ինչպես նաև համալրման և առաջխաղացման օբյեկտիվ չափորոշիչների վրա: Ուշագրավ է, որ այս խնդիրը ներառել է «Շնորհապետություն» գլխի մեջ: Այդ արտահայտության ներքո հասկացվում է մերիտոկրատիկ, արժանիքների վրա կառուցված կառավարումը: Բայց նման արդիական համակարգ ունենալու նպատակադրմամբ հանդերձ՝ դաշինքը բավականին ժուժկալ է գտնվել մեխանիզմները նշելու տեսանկյունից: «Պետական պաշտոնյաների պաշտոնեական առաջխաղացման բոլոր փուլերում պետք է գործի ազնիվ մրցույթների եւ որակավորման քննությունների համակարգ՝ սկսած դպրոցներից եւ ԲՈւՀ-երից»,-ընդամենը նշված է դաշինքի ծրագրում։  

«Ազատ դեմոկրատներ» կուսակցությունը պետական կառավարումը և տեղական ինքնակառավարումը դիտարկել է ընդհանրության մեջ՝ առանձնացնելով թափանցիկության և արդյունավետության հատկանիշների բարելավումը: Ծրագրում համակարգին առնչվող ընդամենը մեկ նախադասություն կա. «Անհրաժեշտ է ներդնել պետական, հանրային և համայնքային կառավարման արդյունավետ, թափանցիկ և հաշվետու համակարգեր, այդ թվում՝ ինքնաբավ համայնքային բյուջեների մեխանիզմ»: Լիբերալ քաղաքական ուժի համար, որի խնդիրը Հայաստանը եվրոպական քաղաքակրթական ու մշակութային «ռելսերի» վրա տեղափոխելն է, տնտեսական քաղաքականության գրեթե ամբողջական փիլիսոփայությունը փոխելը, կառավարման համակարգի նկատմամբ այս կրավորականությունը, մեղմ ասած, այնքան էլ ընկալելի չէ: Եվրոպական երկրներում, թափանցիկության և հաշվետվողականության սկզբունքների կիրառումից բացի, հսկայական ուշադրություն է դարձվում կադրային քաղաքականությանը, որը կառուցվում է արժանիքների վրա՝ սկսած հանրային ծառայության համալրումից, վերջացրած կարիերային առաջխաղացումն ու մասնագիական զարգացումը: Բայց ծրագրում նման սկզբունքների մասին խոսք չկա:

Ի դեպ, վերոնշյալը վերաբերում է նաև «Ելք» դաշինքին, որն իր ծագիրը սկսում է Հայաստանը եվրոպական տիպի երկիր դարձնելու տեսլականով: Դաշինքի համար առաջնայինը պետական կառավարման ոլորտում հակակոռուպցիոն վերահսկողական ուժեղ կառուցակարգերի ներդրումն է: Դրա հիմնական ուղղություններն են համարվում, ըստ ծրագրի, ավելորդ վարչարարության և կառավարման օպտիմալացումը և «շահերի բախման կարգավորման, վերահսկողության միասնական և խստացված օրենդրության ընդունումն ու համապարտադիր գործադրումը»: Առանցքային է համարում ապօրինի հարստացման դեմ պայքարը: Այդ առումով պարտադիր է համարում հատկապես աշխարհի ցանկացած բանկում, ֆինանսական կազմակերպությունում պետական պաշտոնի հավակնողների, նման պաշտոն զբաղեցնողների, նրանց հետ փոխկապակցված անձանց անունով բացված հաշվեհամարների առկայության, դրանց շարժի, մնացորդի, շարժական և անշարժ գույքի, արժեթղթերի մասին տեղեկատվության հասանելիության ապահովումը: Խոստանում է պետական ծառայողների արդյունավետությունը բարձրացնելու համար պետական կառավարման համակարգում աշխատավարձերը հասցնել մասնավոր հատվածում առկա մակարդակին: Մարդկային ռեսուրսների կառավարման հիմնահարցին անդրադարձ չկա: Ի դեպ, պետք է նկատել, որ աշխարհում գրեթե չկան այնպիսի երկրներ, որտեղ պետական հատվածի ծառայողների աշխատավարձերը հավասար կամ բարձր լինեն մասնավոր հատվածից: Փոխարենն այնտեղ գործում են այդ տարբերությունը «փոխլրացնող» մոտիվացիոն ինստիտուտներ՝ սոցիալական փաթեթի համակարգ, տարբերակված և բավականին արժանապատիվ կենսաթոշակ, աշխատանքի կայունություն և պաշտպանվածություն և այլն: 

«Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքն իր ծրագրում շեշտել է մի կողմից իրավական և քաղաքական գործիքակազմով պետական կառավարման հաշվետվողականության, թափանցիկության, պետական պաշտոնյաների գործունեության նկատմամբ հանրային վերահսկողության, մյուս կողմից՝  օրենսդրորեն և գործնականորեն պետական ծառայողների աշխատանքային և սոցիալական պաշտպանվածության մակարդակները բարձրացնելու անհրաժեշտությունը: Ի թիվս բիզնես միջավայրի բարելավման և հասցեական սոցիալական քաղաքականություն վարելու՝ դաշինքը երկրում սոցիալական խնդիրների լուծման հիմնական գործոն է համարում նաև պետական կառավարման համակարգի արդյունավետության բարձրացումը: Թվում է, թե շոշափել է վարվող քաղաքականությունների և կառավարման արդյունավետության ներքին պատճառահետևանքային կապը և տվել ճիշտ ախտորոշումներ: Բայց կադրային քաղաքականությանը, որը կառավարման արդյունավետության առումով անկյունաքարային նշանակություն ունի, ընդհանրապես չի անդրադարձել:      

Թերևս, այս ոլորտի հետ կապված ամենահամակարգված մոտեցումները կարելի է գտնել ՀՅԴ կուսակցության նախընտրական ծրագրում՝ չնայած վերջինիս խիստ հռչակագրային բնույթին: Ծրագրում ձևակերպել է պետական կառավարման համակարգն արմատապես բարեփոխելու պահանջը: «Հանրային ծառայությունը (ներառյալ քաղաքացիական ու համայնքային ծառայությունը) պատիվ է, որին պետք է արժանանան միայն բարձր մասնագիտական ու մարդկային որակների տեր անձիք»,-նշված է ծրագրում: ՀՅԴ-ն առաջ է քաշում շատ կարևոր՝ պետական ծառայողների՝ ծառայողական պարտականությունների կատարման անձնական պատասխանատվության խնդիրը: Գործոն, որի լղոզվածությունն է ընկած վարչական կոռուպցիայի շատ դրսևորումների հիմքում: Պատասխանատվության հասցեականության ապահովման նպատակով բարձրացնում է պետական մարմինների արդյունավետության գնահատման միասնական չափանիշներ սահմանելու անհրաժեշտության, պետական ծառայողների իրավունքներն ու պարտականությունները հստակ նկարագրելու կարևորությունը: ՀՅԴ-ն առաջնային է համարել նաև պետական ծառայողների սոցիալական ապահովության և պաշտպանվածության խնդիրը: Ծրագրում այս կապակցությամբ նշվում է. «Ներդնել հանրային ծառայողների ու նրանց ընտանիքների արժանավայել կենսամակարդակ երաշխավորող վարձատրության համակարգ: Վարձատրությունը պետք է բավարար լինի, որպեսզի հանրային ծառայողը չփորձի եկամտի այլ աղբյուրներ փնտրել՝ հաճախ չարաշահելով իր պաշտոնական դիրքը: Ընդլայնել հանրային ծառայության սոցիալական փաթեթից օգտվողների շրջանակը՝ ներառելով առողջապահության, մշակույթի, կրթության և գիտության ոլորտի բոլոր աշխատակիցներին»: Պետական կառավարման արդյունավետությունը սերտորեն կապում է պրոֆեսիոնալիզմի և հանրային վստահության, երիտասարդությանը պետական ծառայությունում ներգրավելու հստակ կանոնակարգումների հետ:

Հայաստանի հանրապետական կուսակցությունն առաջին պլանում կարևորում է արդյունավետ և նպատակային կադրային քաղաքականության իրականացումը: «Պետական ծառայության համակարգը պետք է համալրվի բացառապես պրոֆեսիոնալ կադրերով՝ անկախ իրենց սոցիալական կարգավիճակից, իսկ ծառայության անցնելու գրավականը պետք է լինի հայրենիքին նվիրումով ծառայելը և դրա դիմաց արժանապատիվ վարձատրություն ստանալը»,-նշվում է ՀՀԿ-ի նախընտրական ծրագրում: Չնայած պրոֆեսիոնալիզմի սկզբունքի ընդգծմանը, ՀՀԿ քարոզարշավը ղեկավարող վարչապետ Կարեն Կարապետյանն արդեն հայտարարել է, թե պետք է բարեփոխել պետական ծառայության համակարգը և կադրերի ընտրության գործընթացում մեծացնել մարմինների ղեկավարների որոշիչ դերակատարությունը: Որովհետև, ըստ վարչապետի, որպեսզի նախարարն իրականացնի իր ծրագրերը, պետք է ունենա իր կադրերը: Առանց այն էլ, անգամ օրենսդրական կարգավորումների պարագայում, մարմինների ղեկավարները լիարժեք հնարավորություն ունեն ազդելու կադրերի ընտրության վրա: Եվ երբ ակնհայտ իրողության պայմաններում վարչապետը նրանց դերն է՛լ ավելի մեծացնելու խնդիր է առաջադրում, թաքնված կերպով պրոտեկցիոնիզմը զարգացնելու և հեռավոր 80-90-ականներին վերադառնալու հոտ է գալիս: Այնպիսի տպավորություն է, թե վարչապետը տեղյակ չէ՝ ինչ է գրված սեփական կուսակցության ծրագրում:  

Դրա փոխարեն ՀՀԿ ծրագրում գեղեցիկ ձևակերպումներ կան պետական մարմինների կողմից քաղաքացիներին մատուցվող ծառայությունների որակը բարձրացնելու, պետական չինովնիկների բյուրոկրատական, սպասողական և նախաձեռնություններից զուրկ վարքագիծը փոխելու, հետխորհրդային դասական բյուրոկրատական կառավարումից դեպի ճկուն, արդյունավետ և նախաձեռնող պետական կառավարման համակարգի անցնելու մասին: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter