HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

500 դոլարի կռի՞վ, թե՞ փակ թեմա. Վիրահայոց թեմի կարգալույծ եղած քահանան մանրամասներ է պատմում

Երեկ Մայր Աթոռը հայտարարություն տարածեց, որ կարգալույծ է հռչակվել Վիրահայոց թեմի Ծալկայի և տարածաշրջանի հոգևոր հովիվ Տ. Մովսես քահանա Մանուկյանը: Տնօրինության համար հիմք է ծառայել Վիրահայոց թեմի առաջնորդ Տ. Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի միջնորդագիրը և Մայր Աթոռ Ս. Էջմիածնի Կարգապահական հանձնախմբի եզրակացությունը Մովսես քահանա Մանուկյանի` հոգևոր ծառայության վայրն ինքնակամ լքելու վերաբերյալ: 

Վրացահայ համայնքում հոգևորականների պակասի մասին «Հետքի» հետ զրույցում ասել է անձամբ Վիրահայոց թեմի առաջնորդ Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը: Տ. Մովսես քահանա Մանուկյանից փորձեցինք ճշտել, թե ինչու է լքել ծառայության վայրը, երբ տարածաշրջանը քահանաների կարիք ունի: 

-Ինչո՞ւ եք լքել Ձեր ծառայության վայրը: 

-Դուք լրագրող եք, մի պարզ հարց Ձեզ` ինչպե՞ս կարող է քահանան իր տարածքը լքել, և 3 տարի 2 ամիս հետո նրան նոր կարգալույծ անեն: Ես հոգևորական եմ, բայց 3 տարուց ավելի է` հոգևոր ծառայություն չեմ մատուցում, նոր են կարգալույծ անում: Դուք նման մի բան պատմության մեջ տեսե՞լ եք: Հոգևորականը, որը մի ամիս տարածքը լքում է, երկրորդ ամսին կարգալույծ են անում: Ես վերին արտի ցորե՞ն էի, կամ ո՞վ էի, որ տարածքս 3 տարուց ավելի է` լքել եմ, հեռացել եմ, ինձ հիմա են կարգալույծ անում: 

-Դուք 3 տարի բացակայում եք և ծառայություն չէի՞ք իրականացնում: 

-Չեմ բացակայում, ինձ չեն թողել ծառայություն իրականացնել: 

-Դա ի՞նչ է նշանակում: 

Դա նշանակում է՝ երեք տարի առաջ Թեմի առաջնորդի հետ որոշ խնդիրներ եղան: Խնդիրը կապված էր այն բանի հետ, որ Ռուսաստանից մեծահարուստ մարդիկ կային, օգնում էին ինձ: Իրենք ասացին, որ այդ օգնությունը պետք է տաս մեզ: Ես էլ տվյալ մարդուն զանգահարեցի, ասացի, որ էն օգնությունը, ինչը որ ինձ ես տալիս, փոխանցիր թեմին, որովհետև թեմն ասում է, որ դա պետք է տալ իրենց: 

-Ի՞նչ օգնության մասին է խոսքը: 

-Ֆինանսական օգնություն: 

-Դա անձամբ Ձե՞զ էին տալիս, թե՞ համայնքին:

-Անձամբ ինձ էին օգնում: Տվյալ անձնավորությունն ասաց, որ ես քեզ եմ ճանաչում, քեզ եմ տալիս, իրենց չեմ ճանաչում: Այդ իսկ պատճառով դադարեցրեց ֆինանսական աջակցությունը: Այսինքն՝ ասաց՝ ո՛չ քեզ, ո՛չ էլ թեմին այլևս չեմ տա:

2013թ. դեկտեբերից դադարեցրեց օգնել: 2014 թվականից ես չեմ աշխատել: Իրենք էլ ասացին, որ եթե այդպես է, մեր թեմում չպետք է ծառայես, ասացին՝ գնա այլ թեմերում ծառայելու: Ես իմ ծառայությունն ուրիշ տեղ չէի ուզում շարունակել, ես իմ ծննդավայրում և տարածաշրջանում էի ծառայել: 

Ես էլ ասի՝ ավելի լավ է՝ էս հարցը Վեհափառը որոշի: Ես գնացի Վեհափառի մոտ, բոլոր խնդիրները ներկայացրեցի: Վեհափառն այդ ընթացքում զանգահարեց Վիրահայոց թեմի առաջնորդին, հետո ասաց, որ գնամ շարունակեմ ծառայությունս: Ես էլ եկա Սրբազանին տեսա, ասաց՝ մինչև Վեհափառը ինձ գրավոր չասի, թեմում ծառայությունը չես շարունակելու: Հունվարին ժողովներ կային Մայր Աթոռում: Թեմի առաջնորդին ասացի, որ այդ ժողովներին Վեհափառին ասի՝ գրավոր ներկայացնի, ես էլ շարունակեմ ծառայությունս: Չգիտեմ արդեն իրենք ինչ են խոսել, ինչ չեն խոսել, բայց էդ ամենը երկար ժամանակ ձգձգվում էր: Դրանից հետո ես Վեհափառին նամակ գրեցի՝ հարցնելով, թե ինչն է պատճառը, որ ես չեմ կարող շարունակել ծառայությունս: Ես ոչ տարածքն եմ լքել, ոչ էլ այնպիսի հոգևորական եմ եղել, որ ժողովուրդը չսիրեր:

Այդ ընթացքում ես մի քանի նամակներ եմ գրել Վեհափառին: Հետո ավելի քան մեկ տարի առաջ ես գնացի, ասացին, որ հանձնաժողով են ստեղծելու, որպեսզի հանձնաժողովը քննարկի իմ հարցը: Հանձնաժողովը որոշեց ու ասաց, որ մի այլ թեմում ծառայությունս շարունակեմ: Ես էլ ասացի, որ Վրաստանում եմ ծնվել, գիտեմ այդ տարածաշրջանի լավն ու վատը, ուզում եմ իմ ծառայությունը իմ տարածաշրջանում շարունակել: Ասացի, որ եթե հնարավոր է, ես իմ ծառայությունը իմ տարածաշրջանում էլ շարունակեմ: Իրենք ասացին՝ լավ, կորոշենք ու տեղյակ կպահենք: Մինչ էսօր իրենց որոշումը ձգձգվեց: Բայց ես նաև ընտանիքի տեր մարդ եմ, տանը նստելով ու առանց աշխատանքի իրենց որոշմանը սպասել չեմ կարող: Ծառայությունից բացի սա նաև աշխատանք է, ես երեք երեխա ունեմ: Իմ նամակներին ոչ մի պատասխան չեն տվել, ու էսօր իմացա, որ ինձ կարգալույծ են արել: Եթե ինքնակամ լքած լինեի, ինձ պետք է կարգալույծ անեին առնվազն 2014 թվականին: Ոչ թե 3 տարի 3 ամիս քահանային սպասեցնել տան ու հետո ասեն, որ կարգալույծ ես: Հիմքը թող ցույց տան: 

Քահանա ձեռնադրվել եմ 2009 թվականին: Սկզբնական շրջանում մի քանի ամիս Ծալկայի շրջանում եմ ծառայել, այնուհետև նշանակվել եմ Վրաստանի Մառնեուլի շրջանի Շահումյան գյուղում: Սակայն այնտեղ եկեղեցին վերանորոգված չլինելու պատճառով քահանայի մշտական ներկայությունը նպատակահարմար չի եղել: Հետո նշանակվել եմ Ախալցխայի շրջանի հինգ առաքելական գյուղերի հոգևոր հովիվ, այնուհետև՝ ողջ Ախալցխայի տարածաշրջանի հովիվ: Այնուհետև նորից ծառայություն եմ իրականացրել Ծալկայում:  

Մեկ-երկու ամիս էի ծառայում Ծալկայում, մեծահարուստը եկավ ու տեսավ գյուղերի վիճակը, ասաց՝ ինչո՞վ կարող եմ օգնել: Ես խնդրեցի հոգալ տրանսպորտի ծախսը: Մեքենա է՝ փչանում է և այլն: Երիտասարդը համաձայնեց: Թեմի առաջնորդն էլ, երբ իմացավ այդ մասին, ասաց, որ իրենց պետք է տրվի: 

-Որքա՞ն գումարի մասին է խոսքը:

-Ամիսը 500 դոլար էր տալիս: Ամեն մի հոգևորական եկեղեցուց աշխատավարձ է ստանում: Երբ Ռուսաստանից բարերարը ֆինանսապես ինձ սկսեց աջակցել, իրենք (Վիրահայոց թեմից-Ք.Ա.) ասացին, որ ինձ էլ աշխատավարձ չեն տալու և բարերարի ուղարկած գումարը կհամարվի իմ աշխատավարձը:

Ճիշտ է՝ ես ծիսակարգեր չեմ անցկացնում, բայց միշտ էլ մնալու եմ հոգևորական:

Այստեղ մի հոգևորականին նշանակում են մի տեղ, մինչև ժողովուրդը սովորում է նրան, տեղափոխում են ու մեկ ուրիշին են բերում:

Մինչ ես Ախալցխայի շրջանում սկսել էի եկեղեցիների վերանորոգում, և Պամաճ գյուղի եկեղեցին ավարտեցինք, պիտի անցնեի մյուս գյուղերի եկեղեցիների վերանորոգմանը, ինձ հանեցին, տարան Ծալկա: Ծալկայում էլ այս խնդիրն առաջացավ: 

Ես Էջմիածնում էլ ասել եմ՝ եթե ես սխալ եմ, կանչեք երկրորդ կողմին, որպեսզի երկրորդ կողմն էլ ներկայացնի, որ եթե ես սխալ եմ ասում, նրանք թող ասեն, որ ես սխալ եմ ասում, հետո որոշեք, թե ով է սխալ: 

-Դուք հեռացե՞լ եք Սամցխե-Ջավախքից: 

-Ոչ, ես միշտ էլ Վրաստանում եմ, կամ էլ Կիրովական եմ գալիս՝ ընտանիքիս մոտ: Էլ սպասելն իմատ չունի, ստիպված պիտի խոպան գնամ: 

Հ.Գ. Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Տեր Վահրամ քահանայից փորձեցինք պարզաբանումներ ստանալ և հասկանալ, թե ինչու քահանայի նամակներին պատասխաններ չեն տրվել:  Տեր Վահրամը մեր հարցադրումներն առաջարկեց ուղղել Վիրահայոց թեմին, «եթե հետո հարկ նկատվի, անհրաժեշտ հավելյալ պարզաբանումներ անպայման կտրվեն»: Մեր դիտարկմանը, թե նամակները գրվել են Կաթողիկոսին, ոչ թե թեմի առաջնորդին, Տեր Վահրամն ասաց, որ մանրամասները կտրամադրվեն թեմի առաջնորդի կողմից, հետո հարկ եղած դեպքում կզրուցենք Կարգապահական հանձնախմբի ներկայացուցչի հետ: 

Վիրահայոց թեմի առաջնորդ Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը հրաժարվեց թեմայի շուրջ զրուցել՝ առաջարկելով պարզաբանումներ ստանալ Սամցխե-Ջավախքի և Ծալկայի ընդհանուր առաջնորդական փոխանորդ Տեր Բաբգէն վարդապետ Սալբիյանից: Տեր Բաբգէն վարդապետ Սալբիյանն էլ ասաց, որ այդ թեմայի շուրջ նույնպես չի ցանկանում զրուցել:   

Վիրահայոց թեմից փոխանցեցին, որ Տ. Մովսես քահանա Մանուկյանը ոչ մի տեղ չի կարողացել ծառայել և խնդրել է տեղափոխել Հայաստանի որևէ թեմ, սակայն այս ընթացքում որևէ թեմի առաջնորդ նրան չի վերցրել ծառայության՝ հաշվի առնելով նրա քահանայական կարողությունները և որակները, դրա համար էլ նա այլևս եկեղեցուն պետքական չի եղել. «Բոլոր նշանակված տեղերում ձախողված քահանա է եղել»: 

Ինչ վերաբերում է 500 դոլարին, ըստ թեմի պատասխանի, ապա կարգի համաձայն՝ դա պետք է մուտք արվեր Սամցխե-Ջավախքի և Ծալկայի ընդհանուր առաջնորդական փոխանորդություն և այնտեղից վճարում իրականացվեր. «Ընդունված կարգ է, որ բարերարը երբ գումար է տալիս, պիտի ուղիղ անձին չտա, այլ առաջնորդարան: Ինքն ուղիղ վերցնում էր, ինչը զուտ տեխնիկական հարց էր»

Լուսանկարում՝ ձախից՝ Վիրահայոց թեմի առաջնորդը, Տ. Մովսես քահանա Մանուկյանը և Տեր Բաբգէն վարդապետ Սալբիյանը

Մեկնաբանություններ (2)

Իսկ Սուրբ Հոգու շնորհնե՞րը
Նախ կարգալույծ չէ, այլ կարգաթող է: Իսկ Սուրբ Հոգու շնորհնե՞րը, Ս. Ձեռնադրության Խորհրդի անջնջելի լինելու հանգամա՞նքը....... Մեկ խոսքով՝ առաջին հայացքից շատ պարզ թվացող հոգնեցնող ու տհաճ թեմա է:
Գեւորգ
Զարմանալու բան չկա - սուրբ հայրերը վարվել են ըստ Սողոմոն իմաստունի աստվածաշնչյան դատի՝ ,,ոչ քեզ, ոչ մեզ!,,

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter