HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մարինե Մադաթյան

«Ազատ դեմոկրատներ»-ի և «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի ծրագրերի մի քանի կետեր բառացի կրկնվում են

Խորհրդարանական առաջիկա ընտրություներում առաջադրված 9 քաղաքական ուժերից երկուսի նախընտրական ծրագրի մի քանի կետեր բառացի կրկնվում են:

Խոսքը «Ազատ դեմոկրատներ» կուսակցության և «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի կրթական խոստումների մասին է: Օրինակ՝ երկու ուժերն էլ առաջակում են բուհերում վերականգնել ռազմական ամբիոնները կամ կրթության ոլորտում նվազեցնել հարկային բեռը, սակայն դա անում են նույն ձևակերպմամբ, նույնիսկ` բառերի միևնույն շարադասությամբ:

Կրկնվող կետերը. համեմատելու համար մկնիկը կենտրոնից շարժեք աջ կամ ձախ, քերականական կամ հոմանշային եզակի տարբերություններն ընդգծված են

Կրթական ծրագրերի այս հատվածները կարդալիս մրցակից քաղաքական ուժերը նույնանում են, հարց է առաջանում՝ որն է «արտագրության» աղբյուրը:

«Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի ներկայացուցիչ Անդրանիկ Գրիգորյանն ասաց, որ երկար տարիների մանկավարժ է և «ՕՐՕ» դաշինքի կրթական ծրագրի մի քանի դրույթների մասով խորհրդատվություն է տրամադրել: Իր խոսքով՝ «Ազատ դեմոկրատներ»-ի ծրագիրը չի էլ նայել: «Ես հասկանում եմ ձեր հարցի հետնապատկերը, բայց հավատացեք, որ Անահիտ Բախշյանի հետ կապված որևէ բան չկա, որ մենք իրենցից ենք վերցրել կամ իրենք են մեզնից վերցրել: Չեմ կարող ասել, թե ինչպես է դա եղել»,- ասաց նա:

Անդրանիկը նկատի ուներ «Ժառանգություն» կուսակցության նախկին անդամ, այժմ, որպես անկուսակցական, «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունից առաջադրված և վերջինիս նախընտրական ծրագրի կրթական խոստումները հեղինակած Անահիտ Բախշյանին:

Իսկ թե ինչպես կբացատարի բառացի կրկնությունը, Անդրանիկը պատասխանեց. «Չեմ կարող բացատրել, գուցե ես էլ, տիկին Բախշյանն էլ, երկար տարիներ դպրոցում աշխատելով, նույն կերպ ենք մտածում»: Տարօրինակ չէ, որ նույն բառերով են մտածում` հարցին, պատասխանեց. «Հավատացեք, որ կյանքում դա ամենամեծ տարօրինակությունը չէ»։

Բուհերում ռազմական ամբիոնները վերականգնելու մասին կետը, որ բառացի կրկնվող հատվածներից մեկն է, Անդրանիկի խոսքով՝ ՊՆ նախկին նախարար, այժմ «ՕՐՕ» դաշինքի անդամ Սեյրան Օհանյանի նախաձեռնությունն է:

«Պարոն Օհանյանը դեռևս երկար տարիներ գտնում էր, որ Հայաստանում ռազմահայրենասիրական դաստիարակությունը որոշակի համակարգված, կազմակերպված չի արվում, իսկ դաստիարակության կարևոր կետը հանրակրթական դպրոցն է, դպրոցին պետք է ուշադրություն դարձնել (ուշադրություն դարձրեք, որ ծրագրում խոսքը ոչ թե դպրոցների, այլ բուհերի մասին էր - Մ.Մ.)»:

Ըստ Անդրանիկի` դաշինքի կրթական ծրագրի այս կետի ձևակերպումը տրվել է խմբային աշխատանքի արդյունքում: «Բացառում եմ, որ copy-paste (արտագրություն-Մ.Մ.) է եղել: Նաև չեմ կարծում, թե «Ազատ դեմոկրատներն» են մեզանից copy-paste արել: Ես ուղղակի դա կապում եմ էն մտքի հետ, որ կրթական համակարգի խնդիրները բոլորին էլ ակնառու են, բոլորս էլ հասկանում ենք, թե հանրակրթական դպրոցներում խնդիրները որտեղից են գալիս»,- ասաց Անդրանիկը:

«Ազատ դեմոկրատներ»-ի անդամ Անահիտ Բաշխյանը, ի տարբերություն «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի ներկայացուցչի, պարզեցրեց աղբյուրը, որտեղից վերցրել են կրկնող կետերը: Ըստ Անահիտ Բախշյանի` դրանք «Ժառանգություն» կուսակցության նախկին ծրագրից են:

«Ես ու Հովսեփն ենք դա գրել այն ժամանակ (նկատի ունի «Ժառանգության» անդամ Հովսեփ Խուրշուդյանին)»,- ասաց Անահիտ Բաշխյանը՝ ավելացնելով, որ «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքն էլ է, փաստորեն, նույն աղբյուրից է օգտվել: Նշենք, որ «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքից առաջադրված 26 հոգի «Ժառանգություն» կուսակցությունից են:

Աղբյուրը, որից օգտվել են, Անահիտ Բախշյաին խոսքով, «Ժառանգություն» կուսակցության 2012թ. խորհրդարանական ընտրությունների ժամանակ ներկայացրած ընտրական ծրագիրն է:

Իսկ ճշտմանը՝ արդյոք բուհերում ռազմական ամբիոններ ստեղծելը «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի անդամ Սեյրան Օհանյանի գաղափարն է, պատասխանեց. «Իհարկե ոչ, դա մենք ենք գրել, այն ժամանակվա ծրագրից է, պարզապես չիրականացված կետերը նորից ներառել ենք մեր ծրագրում, քանի որ արդիական են»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter