HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Լ. Մեջլումյան․ «Առնվազն 5 տարի հետո վերակառուցված պղնձաձուլական գործարանում 1000 նոր աշխատատեղ կլինի»

«Հետքի» հարցերին պատասխանում է «Էյ-Սի-Փի»-ի ընկերության տնօրեն, Հանրապետական կուսակցության տարածքային ցուցակով Ալավերդի քաղաքում ԱԺ պատգամավորի թեկնածու առաջադրված Լուսինե Մեջլումյանը

Վարչապետ Կարեն Կարապետյանը մարտի 19-ին ալավերդցիների հետ հանդիպմանը չանդրադարձավ չինացիների 400 մլն դոլար խոստացող ներդրումով Ալավերդու պղնձաձուլարանի վերակառուցման ծրագրին: Ձեր կարծիքով, ինչու՞ չանդրադարձավ: 

Ես վարչապետի փոխարեն չեմ կարող պատասխանել: Միգուցե ինքը համարեց, որ այդ ծրագիրն արժանի է յուրահատուկ ուշադրության և քննարկման: 

Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը մեր այս հարցին ի պատասխան՝ ասաց, որ վարչապետն այդ ծրագրին Ալավերդիում չի անդրադարձել, որովհետև անլուրջ է  համարել մարդկանց հետ խոսել մի ծրագրի մասին, որը դեռ քննարկման փուլում է և պաշտոնապես ընդունված չէ: Դուք հակառակը, Ձեր ամբողջ քարոզչության ընթացքում այդ ծրագրով բնակչությանը խոստանում եք 1000 աշխատատեղ: Ե՞րբ կիրականանա այդ ծրագիրը։ 

Մենք 1,5 տարի հետո արդեն կսկսենք պղնձաձուլական գործարանի վերակառուցման  շինարարական աշխատանքները: Առնվազն 5 տարի հետո վերակառուցված պղնձաձուլական գործարանում կունենանք ևս 1000 աշխատատեղ: 

Արդյոք սա «Էյ-Սի-Փի» ընկերության կողմից շրջանառության մեջ դրված գաղափա՞ր չէ՝  ամեն գնով  ևս 5 տարի ժամկետով պղնձաձուլարանի չնորմավորված արտանետումների համար կառավարության համաձայնությունը ստանալու նպատակով, որը նոր սպառնալիքներ կարող է ստեղծել գործարանի ազդակիր համայնքերի բնակչության առողջության համար:    

Քանի որ վերջին տարիներին գործարանի շահութաբերությունը շատ է նվազել, և ոչ մեր մեղքով, վերամշակողներին տրվող վերամշակման մարժան (զուտ շահույթը) շատ է պակասել, որպեսզի մենք կարողանանք մի փոքր էլ գոյատևել և մեր վերակառուցման ծրագիրն ի կատար ածել… 

Դուք պահանջում եք իրավունք ևս 5 տարի անթույլատրելի արտանետումներ կատարելու համար: 

Այո: Բայց, ամենայն հավանականությամբ, երբ կսկսեն շինարարական աշխատանքները, գործարանն իր գործունեությունը կդադարեցնի, ամբողջ աշխատուժը կներգրավվի շինմոնտաժային աշխատանքներում: Ասեմ, որ  կառավարությունը մերժել է վարչապետին ուղղված մեր դիմումը՝ ներդրումային ծրագիր ներկայացնելու հիմքով, և սրանից լավ տարբերակ ներդրումային ծրագիր կառավարությանը ներկայացնելու՝ կարծում եմ չէր լինի: Ժամկետները և պայմաններն ամբողջությամբ համընկան, և մենք, կարծում եմ, այս ծրագիրը անմիջապես կներկայացնենք կառավարություն, որպեսզի ստանանք համապատասխան արտանետումների թույլտվություններ: 

Գործարանի արտանետումներից, ի վերջո, ծծմբային անհիդրիդը կորզվելո՞ւ է, թե՞ ոչ: 

Կառուցվելու է տարրական ծծմբի արտադրամաս, արտանետումներից կորզվելու է ծծմբաթթվի 99 և ավելի տոկոսը: Լինելու է ծծմբի կորզում, միանշանակ: 

Փետրվարի 14-ին ՌԴ «Գիպրոգազմաքրում» բաժնետիրական ընկերության և չինական «Էնֆի» ընկերության աշխատանքային խմբերի հետ Ձեր քննարկումից հետո «Լեռնամետալուրգիայի ինստիտուտ»  ՓԲԸ-ի  գործադիր վարչության փոխնախագահ  Սահակ Արզումանյանը արեց հետևյալ մեկնաբանությունը. «Հիմա պետք է կողմնորոշվենք՝ երկուսն էլ նորմալ առաջարկներ են, բայց ռուսականը մետալուրգիական գազերից ստացված էլեմենտար սերա ունի, ինչ-որ մի փոքր փորձ, դա Նարիցկի գործարանում է արված, իրենց նախկին աշխատանքներն են: Չինացիները  դեռևս  մետալուրգիական գործարանների հետ կապված փորձ չունեն»: Խնդրում եմ բացատրեք, թե ինչ է նշանակում այս մեկնաբանությունը: 

Աշխարհում շատ մեծ տարածում ունի ծծմբաթթվի արտադրությունը: Այդ տեխնոլոգիան ոչ մեկի համար գաղտնիք չէ: Բայց տարրական ծծմբի արտադրությունն օգտագործվում է մետալուրգիայի գազերից միայն Նարիցկի գործարանում: Աշխարհում ուրիշ որևէ տեղ  մետալուրգիական գազերից ծծումբ չեն արտադրում: Հիմնականում նավթային գազերից և այդ տիպի գազերից են արտադրում: Դրա համար ռուսական կողմը այդ փորձն ունի, իրենք, քանի որ վերջիվերջո ռուսական ընկերություն են, գոնե մոտ են այդ փորձին, չինական կողմն ընդհանրապես չունի այդ փորձը: Որպեսզի հարցը պարզաբանեմ, փորձի փոխանակման միջոցով մենք պարզենք, որ տարբերակն ենք ընտրում: Դա է ասել ընդամենը պարոն Արզումանյանը: Ուրիշ ոչ մի բան: Ոչ մի բանից չենք հրաժարվել: Էդպիսի բանից ո՞վ կհրաժարվի: 

Ինչպե՞ս են չինացիները պղնձաձուլարանի վերակառուցման ընթացքում ապահովելու տարրական ծծմբի ստացումը, երբ իրենց հայտնի չէ դրա ստացման եղանակը:  

Բայց չինացիները հիմա ամեն կերպ աշխատում են այդ ուղղությամբ, որովհետև իրենք շատ լավ պատրաստված բազա  ունեն, շատ լավ ինստիտուտներ ունեն: 

Աժ ընտրությունների քարոզչության այս օրերին Ալավերդիում շրջառվում են լուրեր, թե դուք աշխատողներին վախեցնում և պարտադրում եք ընտրել Ձեզ: 

Ես ոչ մեկի չեմ պարտադրում, բայց նաև ոչ ոք չի կարող արգելել ինձ մարդու հետ հանգիստ զրուցել և խնդրել, շեշտում եմ՝ խնդրել իր և ընտանիքի անդամների ձայնը տալ գործարանի տնօրենին, այսինքն՝ իմ օգտին: Հիմա աշխատողը դա կանի՞, թե՞ չի անի, բնականաբար, իր ցանկությունն է:

Ձեզ չընտրելու դեպքում ընկերության աշխատողը չի՞ ազատվի աշխատանքից: 

Ո՞նց եմ ստուգելու՝ մարդիկ ինձ ընտրե՞լ են, թե՞ ոչ : Ինչ վերաբերում է հեռացնել- չհեռացնելուն, դա մեր մեթոդը չէ: 

Ինչպիսի՞ հարաբերություններ ունեն «Էյ-Սի-Փի» ընկերության ղեկավարությունը և  «Վալլեքս» խմբի ընկերությունների  նախագահ Վալերի Մեջլումյանը Ալավերդու քաղաքապետարանի հետ: 

Ես կասեի, որ այդ հարաբերությունները չեզոք են:

Մեկնաբանություններ (12)

Մարքար
Բա էդ ընչի հինգ տարի: Հինգ տարի եդը գնանք ում հարցնենք թե էս խի չելավ: Որ ինքը էդ վախտը էլ ընդի չըլի, գլխի չեք
Susanna
Սաղ տեղերում էլ պարտադրում են ու թող ոչ մեկը չհրաժարվի, որ ընկած ձայն չի հավաքում: Ու շատ վատ ա, որ տուժողը խեխճուկրակ բանվորներն են լինում, էլի մի քանի հինգերեսանի պետեր ու պաշտոնյաներ կարում են վերադասին համոզեն որ իրանք արդար են, ազանիվ են, ընտրել են ու էլի շատ բաներ, վերջում չընտրվեց թե չէ, էլի կուժուկուլեն խեխճ բանվորության գլխին ա կոտրվելու: Խոսում էլ են, համոզում էլ են, սպառնում էլ են, իրանց սեփական հիմնարկն ա ու ոնց ուզում են նենց էլ անում են:
Գայանե
Լուսինեն ինչ խոսք կիրթ ու գրագետ աղջիկ է, մեր աչքի առաջ մեծացած, բայց դե կողքի կանգնածներին նայում ես, լացդ գալիս է: Աշխարհ կանգնիր, իջնող կա:
Արմինե
Ոնց կարող է վարչապետը խոսել մի ծրագրից, որը բիզնեսում դեռ տեսանելի չէ, ես զարմանում եմ: Իսկապես զարմանում եմ մեր ժողովրդի վրա: Եթե 1000 չլինի, 700 լինի, մեր ժողովրդի օգուտն է լինելու էդ աշխատատեղերի ստեղծումը: Ամենքս էլ գիտենք, թե ինչու Մեջլումյանների ու հմիկվա մեր քաղաքապետի ջրերը մի առվով չհոսելու պատճառը: Այդ մասին առանց Փարեմուզյան Լարիսայի հոդվածների մենք գիտենք: Լուսինեի կողքին կանգնած մարդիկ վաղ թե ուշ գնալու են, մաքրվելու է այդ աղջկա շրջապատը: Ինքը խելացի աղջիկ է, կիրթ է, ինչը ամենակարևորն է: Մի մտիկ արեք մյուս թեկնածուներին: Երկու բառ չեն կարենում կապեն իրար, ուր մնաց գնան դեպուտատ լինեն:
Հակոբ
Ով էք դուք, չենք էլ հասկանում ու դուք էլ չգիտեք,որ մեր հանքերի տերը մենք ենք, էտ մեր հանքով եք օլիգառ դառե,ու մեր հանքերը ձեզ վարձով տվել ենք,մենք ժողովուրդն ենք ու ձեզ չենք ընտրելու
Դավիթ
Արագացրեք, էլ ինչ ունեք լցնելու ժողովրդի ականջները լցրեք, որովհետև քարոզարշավին հաշված ժամեր են մնացել: Էլի չդիմացավ պարոն Մեջլումյանը նորից բարձրացրեց գործարանը փակելու հարցը: Հենց գալիս ա մի պահ, որ իրանք կարան փաստի առաջ կանգնեն, սկսում են գործի դնել շանտաժի հին մեթոդները: Էս էլ քանիանգամ զավոդը փակում են, էս անգամ արդեն տարիուկես հետո: Սա խաղ ա, որ հենց սկսեն իրանց չընտրողներին մաղելը, անունը դնեն, որ մենք նախորոք ասել էինք, որ ֆինանսական խնդիրներ ունենք, պետք ա կրճատումներ անեինք: Բայց չգիտես ինչի փիառվելու ժամանակ ֆիննսական խնդիրներ չկային: Ոնցոր ասում են Ռամը ձեզ օգնական:
Կարեն
1 Աշխատատեղերը անլուրջ են, 2 իբր փող չլինելու պատճառով ծերերի ճաշարանն է փակել, մանկապարտեզների սնունդ կտրել, ճոպանուղին է փակել ու այլն, սակայն չգիտես որտեղից փող գտնվեց օծանելիքների, պայուսակների, ժամացույցների , զոնտիկների ու նման բաների համար; 3 ամբողջ քաղաքը գազ է շնչում պլյուսներ էլ կան իհարկե, աշխատատեղեղ է ապահովում, ոչ մեկ չի ժխտում սակայն համեմատեք պլյուսն ու մինուսը, , ու եկեք վերջ ի վերջո չխաբենք ինքներս մեզ, ոչ մեկ պատգամավոր չի դառնում մեր խնդիրները լուծելու համար, գնում է լուծելու իր իսկ խնդիրները
Արման
Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը ասաց, որ վարչապետն այդ ծրագրին Ալավերդիում չի անդրադարձել, որովհետև անլուրջ է համարել մարդկանց հետ խոսել մի ծրագրի մասին, որը դեռ քննարկման փուլում է և պաշտոնապես ընդունված չէ: ԷՍՔԱՆՈՎ ԱՄԵՆ ԻՆՉ ԱՍՎԱԾ Ա
Կամո
Լ. Մեջլումյան․ «Առնվազն 5 տարի հետո վերակառուցված պղնձաձուլական գործարանում 1000 նոր աշխատատեղ կլինի» այ ըստեղ են ասել ԷՇ ՋԱՆ ՍԱՏԿԻԼ ՄԻ ԳԱՐՈՒՆ ԿԳԱ
Անահիտ
Տիկին Մեջլումյանն ասում է, որ քաղաքապետարանի հետ իրենց հարաբերությունները չեզոք են: Այնքան չեզոք փաստորեն, որ քաղաքի համար արդյունավետ ծրագրեր փակվեցին, այնքա չեզոք, որ այսօր չի գործում ճոպանուղին, ծերերի ճաշարանը: Եվ սա չեզոք հարաբերությունների արդյունքում: Ինչ արել է գործարանը արել է ալավերցիներին, գոնե էնքան խելք ունենան ալավերդցիները ու հասկանան, կտրելու փոխարեն չհամբուրեն իրենց հարվածող ձեռքը:
Մարինե Մ.
Վարչապետը իհարկե անլուրջ կհամարեր մի ծրագիր, որի տակը իրականում բան էլ չկա, նենց չի որ ջուր ծեծելուց բան չի հասկանում: Իսկ ժողովուրդը դեռ շարունակում ա հավատալ, որ հազար մարդ աշխատանք է ունենալու, դե ում էդքան կիսաթանկարժեք դուխիներ, սումկաներ ու զոնտիկներ նվիրեին, որ չինացիների գալուն չհավատար :)
Գուրգեն
2000-ականների սկզբից ալավերդցիներն անվերջ լսել են այս աղջնակի հորեղբոր հեքիաթները, որոնք որևէ կերպ կյանքի չեն կոչվել: Հիմա էլ որևէ հիմք չկա այս խոսքերին հավատալու: Եթե նման լուրջ ծրագրեր կան ու ինքն էլ այդքան հզոր կառավարիչ է, ինչպես ներկայացվում է հոլովակներում, էլ ինչու՞ է գնում ԱԺ: Մեկ էլ ասեք՝ գերազանցության վկայականն ու ոսկե մեդալը չշփոթի կենսագրությունը ներկայացնելիս...

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter