HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Հերգնյան

ԱրմենՏելը` լիցքավորման թանկացման մասին. «Քարտերը բաժանորդներին են հասնում դիստրիբյուտորների միջոցով»

Ինչպես «ՎիվաՍել-ՄՏՍ»-ի և «Յուքոմ»-ի, այնպես էլ՝ «Բիլայն»-ի կանխավճարային հեռախոսակապի  հաշիվների լիցքավորման քարտերը խանութներ ու կրպակներ են հասնում միջնորդների միջոցով։ Բջջային օպերատորների պատասխաններից հետևում է, որ լիցքավորման թանկացման  «հեղինակները» հենց այդ միջնորդ հանդիսացող ընկերություններ են։

«ԱրմենՏել»-ից (ապրանքանիշը՝ «Բիլայն») այսօր, «Հետք»-ի հարցմանն ի պատասխան,  տեղեկացրին, որ ընկերությունը լիցքավորման քարտերը բաժանորդներին հասցնում է դիստրիբյուտոր ընկերությունների միջոցով: 

Հիշեցնենք, որ վերջին ժամանակներորում Երևանում և  մարզերում լիցքավորման քարտերի և հաշիվների լիցքավորման համար բջջային երեք օպերատորների բաժանորդներից խանութներում և կրպակներում հավելյալ միջնորդավճար է գանձվում։ 

«Մեր ընկերությունում սակագների և ծառայությունների գները չեն փոփոխվել։ Միաժամանակ հայտնում ենք, որ մեր բաժանորդները  «Բիլայնի» վաճառքի և սպասարկման գրասենյակներում, մեր ինտերնետ կայքից՝ բանկային քարտերի  և բջջային հավելվածի միջոցով, ինչպես նաև բանկերի մասնաճյուղերում կարող են օգտվել հեռախոսահամարները դրամական միջոցներով համալրելու ծառայություններից առանց որևէ միջնորդավճարի: Ընդ որում՝ մեր ընկերությունը ներկայումս ձգտում է էլ ավելի ընդլայնել ուղղակի վաճառքների ուղղությունները՝ օգտագործելով մշտապես զարգացող թվային տեխնոլոգիաների զանազան հնարավորությունները»,- նշված է պատասխանում:

Իսկ հարցին՝ արդյոք «ԱրմենՏել»-ը ձեռնարկում է քայլեր լիցքավորման նախկին եղանակին անցնելու համար, ընկերությունից պարզապես նշել են. «Մեր ընկերության նպատակն է վճարումների մատչելիության և սպառողների հարմարավետության ապահովումը»։

Հստակ պատասխան մեր հարցին, ինչպես տեսնում եք, չի տրվել։ Սակայն, ենթադրվում է, որ «ԱրմենՏել»-ի պարագայում ևս միջնորդ ընկերությունները կամ անհատները չեն գտնվում ընկերության վերահսկողության ներքո։ Եվ, ուրեմն, ի՞նչ հիմքով է թանկացել լիցքավորումը՝ պետք է պատասխանեն հենց այդ միջնորդները։  ՀՀ մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը ավելի վաղ  հայտարարել է, որ սկսել է այս խնդրի վերաբերյալ ուսումնասիրությունը՝ տեղեկություններ պահանջելով նաև նշված միջնորդ՝ վերավաճառող ընկերություններից։

Հիշեցնենք, որ թանկացման վերաբերյալ մեր հարցին, «ՎիվաՍել-ՄՏՍ»-ից     ևս ավելի վաղ պատասխանեցին, որ իրենց հետ համագործակցող բոլոր դիլերներին ուղարկվել է գրություն, որով վերջիններս նախազգուշացվել են, որ իրավունք չունեն փոփոխելու լիցքավորման քարտերի և հեռախոսահամարները գումարով համալրելու ծառայությունների սակագները։

Իսկ «Յուքոմ»-ից նշեցին, որ չկա ցածր կամ նույն չափով միջնորդավճար սահմանելու մեխանիզմ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter