Երեքշաբթի, 25 սեպտեմբերի

Բուժու՞մ, թե սպեկուլյացիա․ դիաբետով հիվանդ երեխաները՝ փորձադաշտ



Երբ մամուլում հրապարակումներ եղան շաքարային դիաբետով հիվանդ 29-ամյա Հովհաննես Նիկողոսյանի մահվան մասին, որը մի քանի ամիս բուժում էր ստացել հանրապետության բուսաբույժներից մեկի մոտ, «Հետք»-ի խմբագրություն է դիմել Երեւան քաղաքի բնակիչներից մեկը, որի երեխան նույնպես ունի շաքարային դիաբետ։

Ըստ ահազանգող քաղաքացու, որի անունը չենք նշում՝ խախտած չլինելու համար նրա երեխայի անձնական կյանքի իրավունքը, բուսաբույժները շաքարային դիաբետ ունեցող երեխաների ծնողներին գրավիչ խոստումներ են տալիս, թե՝ մենք կբուժենք ձեր երեխային, սակայն հետագայում բարդություններ են առաջանում։   

Ու քանի որ տարբեր բուսաբույժների դռներ կտրելու ճանապարհին ծնողն իմացել էր, որ շատերն են իրենց երեխաների բուժման հույսը կապում բուսաբուժության հետ, հետո հիասթափվում, որոշել է պատմել իր դստեր հիվանդության պատմությունը։

«Բուսաբույժներն ասում են՝ բերեք, կբուժենք։ Շաբաթներ տեւած կուրսից հետո իմ դստերը հասցրեցին շատ բարդ վիճակի։ Ու երբ դիմեցինք էնդոկրինոլոգի, վերջինս մեզ ասաց՝ էս ի՞նչ օրն եք գցել երեխային։ Ու իրենք երեխայիս կյանքի վերադարձրին։

Ես ինքս համալսարանը գերազանցությամբ եմ ավարտել, բայց ընկել եմ թակարդը։ Գեղեցիկ գովազդում են, օրինակներ բերում, հոլովակնոր ցուցադրում, որտեղ ինչ որ մեկը պատմում է, որ իր օրգանիզմում շաքարի ցուցանիշը 20 էր, եւ իբր բուսաբուժությամբ կարգավորվել է։ Էդ պահին էնպես ես հուզվում, մտածում երեխայիդ առողջության մասին, որ ինչ էլ ուզեն՝ թեկուզ կյանքդ, կտաս, միայն թե երեխադ բուժվի։

Ու ինձ նման՝ տասնյակ-հարյուրավոր ծնողներ կան։ Ես հասա նրան, որ բուսաբույժները խոստովանեցին, որ չեն կարող բուժել երեխայիս։ Վերջում ասացին՝ էնդոկրինոլոգի դիմեք»,-պատմեց մեզ դիմած ծնողը։

Շաքարային դիաբետը լինում է երկու տիպի՝ առաջին եւ երկրորդ։ Առաջին տիպը զարգանում է հիմնականում երեխաների, դեռահասների ու երիտասարդների մոտ, եւ այս դեպքում՝ օրգանիզմում ինսուլին ընդհանրապես չի արտադրվում։ Երկրորդ տիպը հիմնականում բացահայտվում է մեծահասակների մոտ, եւ այս դեպքում ինսուլին արտադրվում է, բայց՝ փոքր քանակությամբ։

Առողջապահության նախարարության գլխավոր մանկական էնոդկրինոլոգ, պրոֆեսոր, բժշկական գիտությունների դոցենտ Ելենա Աղաջանովան «Հետք»-ի հետ զրույցում ասում է, որ որեւէ բույս չի կարող փոխարինել ինսուլին արտադրող դեղամիջոցին․

«Ինսուլինը կյանքի համար անհրաժեշտ դեղամիջոց է։ Երբ այն չկար, մարդիկ մահանում էին դիաբետից։ Բույսերը չեն կարող փոխարինել ինսուլինին։ Բույսերը կարող են պարզապես օգուտ բերել։ Օրինակ՝ որոշ չափով փոփոխություններ առաջացնել արյան մեջ։ Որոշ դեղաբույսեր կարող են օրգանիզմում գլյուկոզայի պարունակությունը նվազեցնել՝ զուտ ուժեղացնելով գլյուկոզայի յուրացումը հյուսվածքների կողմից։ Բայց՝ միայն ինսուլինի առկայության դեպքում։ Մեծահասակներին բույսերը կօգնեն, քանի որ նրանց մոտ ինսուլին որոշակիորեն արտադրվում է։ Իսկ երեխաներին դա կօգնի այն դեպքում, երբ երեխան ստանում է ինսուլին»։

Պրոֆեսորն իր կուտակած փորձով է համոզվել՝ ծնողն իր երեխայի առողջության համար եւ սնխչու մոտ կգնա, եւ բուսաբույժի։ Բայց բժիշկների պատգամը հստակ է՝ ինսուլինի ներարկումները չի կարելի հանել։ «Եթե բուսաբույժն ասում է, որ ինսուլինի ներարկումները հանելով, նա կարող է բույսերով բուժել, արդեն մի վստահեք այդ մարդուն։ Որովհետեւ դա արդեն սուտ է։ Դա հնարավոր բան չէ։ Եթե դա այդպես հեշտ լիներ, ինչու՞ էր աշխարհը միլիոններ ծախսում այս հիվանդության բուժման վրա»,-ասում է Ելենա Աղաջանովան։

Երբ դիաբետով հիվանդ երեխան առաջին անգամ մտնում է էնդոկրինոլոգիայի բաժանմունք, առաջին հերթին ծնողներին զգուշացնում են՝ ցանկության դեպքում փորձել բուսաբուժությունը, սակայն՝ ինսուլինը չհանել, քանի որ դրա բացակայությունը կարող է երեխային հասցնել մահվան։

«Կան դեպքեր, երբ հիվանդը կամ ծնողը տեղեկանալով, որ ինսուլինն անհրաժեշտ է ածխաջրերի յուրացման համար, որոշում է ածխաջրերով հարուստ սնունդ չուտել, որպեսզի ինսուլինի կարիք այլեւս չլինի, դիաբետն էլ իբր անցնի։ Չկա նման բան, որովհետեւ ինսուլինը բավականին լայն ֆունկցիաներ է կատարում օրգանիզմում, եւ նրա ազդեցությունը նյութափոխանակության համար անփոխարինելի է։ Մեկ է, ինչ էլ փորձեն, արդյունքը բարդացումն է լինելու»,-ասում է Աղաջանովան։

Պրոֆեսորը հավաստիացնում է՝ եթե բուսաբուժության արդյունքում օրգանիզմում գլյուկոզայի պարունակությունն իջնի, ապա բժիշկները կնվազեցնեն հիվանդին նշանակված ինսուլինի դոզան։ Բայց այդ նվազագույնն էլ կենսական անհրաժեշտություն ունի։

Կան դեպքեր, երբ գլյուկոզայի պարունակությունը մի քանի ամսով կարգավորվում է, ինչը, ըստ պրոֆեսոր Աղաջանովայի, բուսաբույժների կողմից սպեկուլյացիա անելու առիթ է տալիս։ Խոսքն այն դեպքերի մասին է, երբ օրգանիզմում եղած ինսուլինի մնացորդային արտադրության արդյունքում մի քանի ամսով գլյուկոզայի տոքսիկությունն անցնում է։ Գիտության մեջ դա անվանում են մեղրամիս։ Այդ շրջանում դիաբետ ունեցող անձի ինքնազգացողությունը փոխվում է, եւ բուսաբույժները սա ներկայացնում են որպես իրենց հաղթանակը։

«Մենք ծնողներին զգուշացնում ենք, որպեսզի որեւէ մեկը չկարողանա այդ պահին սպեկուլյացիա անել։ Մեկ է, մի քանի ամիս հետո էլի գլյուկոզան բարձրանալու է»,-ասում է Ելենա Աղաջանովան։ Հնարավոր բարդացումների ծայրահեղ վիճակը, ըստ նրա, մեկն է՝ մահը։ Եթե ինսուլին չի արտադրվում ու արհեստական միջամտություն նույնպես չկա, ապա լինում են նյութափոխանակության խանգարումներ, այն էլ՝ բավականին խորը։

Մեր զրուցակիցն ասում է, որ աշխարհում միակ տարբերակը ներարկումն է, անգամ հաբերի տեսքով հնարավոր չէ մարդու համար ինսուլին ապահովել, որովհետեւ հաբը քայքայվում է ստամոքսահյութում։ Առայժմ գիտությունը չի կարողացել արտադրել այնպիսի դեղահաբ, որը ստամոքսահյութում չի քայքայվի։ Զարգացած երկրներում բժշկությունը փորձում է ենթաստամոքսային գեղձի ու բետաբջիջների փոխպատվաստումներ անել։ Սակայն արդյունքները դեռեւս անհասկանալի են, հետագա բարդությունները դեռ պարզ չեն։

«Դիաբետը լուրջ հիվանդություն է, եւ ցանկացած ընտանիք դա ողբերգություն է համարում։ Դա փոխում է եւ երեխայի, եւ նրա ընտանիքի կյանքը։ Բայց եթե նախկինում այդ երեխաները դատապարտված էին այն առումով, որ չէին կարող սնվել բոլորի հետ միասին, զուրկ էին անգամ միջոցառումներից, իրենց մեկուսացված էին զգում։ Կողքից վերաբերվում էին որպես վարակիչ հիվանդության։ Մենք ուսուցիչների, դպրոցականների ու նրանց ծնողների համար դասընթացներ ենք անցկացնում, որպեսզի դիաբետ ունեցող երեխաներն իրենց մեկուսացված չզգան»,-ասում է Ելենա Աղաջանովան։

Առողջապահության նախարարության կողմից «Հետք»-ին տրամադրված տեղեկանքի համաձայն՝ 2015թ. շաքարային դիաբետով հիվանդների թիվը կազմել է 77307։ Կյանքում առաջին անգամ ախտորոշված դեպքերը 8750 են, մահացությունը` 1276 դեպք։

Շաքարային դիաբետից մահացությունը Հայաստանում ավելի տարածված է 50 եւ բարձր տարիքային խմբերում։ Ընդ որում, կանանց մոտ մահացության թիվն ավելի բարձր է։

 


Գլխավոր էջ



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ