ՈՒրբաթ, 21 սեպտեմբերի

Հանրակրթության վարչության պետի կարծիքով՝ տնօրենները կարող են լինել քաղաքական թիմի անդամ



Օրեր առաջ «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ն հրապարակել էր 144 դպրոցի և մանկապարտեզի տնօրենների հեռախոսազրույցի ձայնագրությունները և եզրակացրել, որ Հայաստանի հանրապետական կուսակցությունը չարաշահում է վարչական ռեսուրսը դպրոցներում ու մանկապարտեզներում:

ՀԿ-ի ներկայացուցիչը ներկայանալով ՀՀԿ-ի շտաբից տնօրեններից հետաքրքրվում էր կուսակցության օգտին հավաքագրված ցուցակների մասին: Տնօրեններն էլ հավատալով, որ զանգահարողը ՀՀԿ-ի գրասենյակից է, խոսոտովանում էին, որ հավաքագրել են ցուցակներ, նույնիսկ թվեր ներկայացնում:

Կրթության նախարարության հանրակրթության վարչության պետ Աշոտ Արշակյանը «Հետքի» հետ զրույցում ասաց, որ մարտ ամսի սկզբներին կրթության նախարարի կողմից  շրջաբերական է ուղարկվել հանրապետության բոլոր մարզպետներին, Երևանի քաղաքապետարան, ինչպես նաև նախարարության ենթակայության տակ գործող ավագ դպրոցների տնօրեններին: Բովանդակությունը եղել է այն, որ զերծ մնան դպրոցում քարոզարշավ իրականացնելուց և քաղաքական պրոցեսներին մասնակցելուց:

Բայց դպրոցում աշխատող մարդիկ, այդ թվում՝ տնօրենը, ուսուցիչները կարող են լինել ցանկացած քաղաքական թիմի անդամ: Այսինքն, որևէ օրենքով դա արգելված չէ, և իրենց աշխատաժամանակից հետո, աշխատանքից դուրս նրանք կարող են զբաղվել իրենց նախընտրած քաղաքական գործունեությամբ»,-ասում է Աշոտ Արշակյանը:

Նրա խոսքերով՝ նախարարությունը կիրառել է բոլոր միջոցները, որպեսզի նման դեպքեր չգրանցվեն: Վարչության պետը հավելեց, որ հրապարակված ձայնագրություններով պետք է զբաղվեն պատկան մարմինները՝ կենտրոնական ընտրական հանձնաժողովը, իրավապահ մարմինները և նրանք պետք է տան գնահատականը:

Աշոտ Արշակյանն ասում է, որ պետք է կատարվի բազմակողմանի ուսումնասիրություն, որպեսզի պարզ դառնա, թե որ օրենքի, որ նորմն է խախտվել:

Վարչության պետը հիշեցրեց, որ երեկ կրթության նախարարը հրավիրել է ավագ դպրոցների տնօրեններին, որոնց անունները առկա է եղել ձայնագրություններում և հրապարակված տեղեկություններում, և հորդորել է, որ դպրոցներում չիրականացնեն քաղաքական գործընթացներ:

Տեսանյութը՝ Դավիթ Բանուչյանի


Գլխավոր էջ



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ