HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Առաքելյան

Զիջումների պարտադրման «դիվերսիա». թիրախում հասարակությունն է

ԼՂ կարգավորման շրջանակում Հայաստան և Արցախ են այցելել ԵԱՀԿ ՄԽ եռանախագահները: Երևանում ԱՄՆ համանախագահ Ռիչարդ Հոգլանդը արցախյան կարգավորման բանակցային գործընթացի մասին որոշ փակագծեր էր բացել: Նա հայտարարել էր, թե սեղանին է դրված երեք մասից կազմված կարգավորման պլան և հավելել, թե չնայած բանակցող կողմերը շատ լավ տիրապետում են այդ պլանի մանրամասներին, սակայն դեռ վերջնական համաձայնություն չկա: Ի՞նչ պլանի մասին է խոսքը՝ նա չի մանրամասնել: Սակայն, Հոգլանդը թափանցիկ ակնարկել է, որ դրա հեղինակը ռուսական կողմն է, և որ ըստ էության խոսքը, այսպես կոչված, «Լավրովի պլանի» մասին է:

«Կարող է ձեզ դուր չգալ պատասխանս, բայց պետք է ասեմ, որ մենք չենք օգտագործում կոնկրետ անվանումը, մենք չենք ասում «Լավրովի պլան», բայց բոլորս գիտենք՝ որտեղից է դա եկել: Դիվանագիտորեն մենք սա անվանոմ ենք բանակցային սեղանին գտնվող «պլան-առաջարկ»: Ես ուղղակի հետևում եմ այդ ստանդարտ բնութագրին», -ասել է Հոգլանդը:

«Կազանյան փաստաթղթից»՝ «Լավրովի պլա՞ն»

«Լավրովի պլանը» փաստացի մադրիդյան սկզբունքների վերջին մոդիֆիկացիան կամ խմբագրված տարբերակն է: Այն ի հայտ է եկել մադրիդյան սկզբունքների հիման վրա ստեղծված շրջանակային փաստաթղթի՝ 2011թ. Կազանում չստորագրվելու պատճառով: Իսկ Կազանի փաստաթուղթը Ադրբեջանի շահերից չէր բխում այնքանով, որ այնտեղ կար ինքնորոշման տեսական հնարավորություն: Եվ քանի որ Ադրբեջանը մերժել էր այն, ենթադրվում է, որ նոր՝ «Լավրովի պլանը» հակասում է Հայաստանի շահերին:

Նախորդ տարի, ապրիլյան պատերազմից անմիջապես հետո՝ ապրիլի 8-ին, Բաքու այցելած Սերգեյ Լավրովը մեծ ոգևորությամբ արձանագրել էր, թե կողմերը չափազանց մոտ են կարգավորմանը և ակնարկել էր սեղանին առկա փաստաթղթի շուրջ բանակցային նոր գործընթաց սկսելու մասին:

Դրանից անմիջապես հետո ՀՀ ԱԳՆ խոսնակ Տիգրան Բալայանը արձագանքել էր, թե հայկական կողմը պատրաստ է բանակցությունները շարունակել մադրիդյան սկզբունքների՝ 2011թ․ «կազանյան փաստաթղթի» շուրջ: Ակնհայտ է, եթե Լավրովի ակնարկած՝ սեղանին առկա փաստաթուղթը լիներ «կազանյանը», և եթե այն բխեր հայկական կողմի շահերից, Երևանը ոչ միայն նման հայտարարություն անելու կարիք չէր ունենա, այլև կշտապեր տալ իր համաձայնությունը:

Մինչդեռ Բալայանի արձագանքից օրեր անց Հանրային հեուստաընկերությանը տված հարցազրույցում ՀՀ արտգործնախարարը հայտարարեց, թե բացի «կազանյան» փաստաթղթից, մնացած բոլոր տարբերակները, որպես մերժված կամ ձախողված, ի պահ են տրվել ԵԱՀԿ Վիեննայի գրասենյակին։

Այլ կերպ ասած՝ նա անուղղակի հասկացրեց, որ մերժում է այն տարբերակը, որը Լավրովը քննարկել էր Բաքվում: Այդ նույն ընթացքում Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը հայտարարում էր, թե իրենք կողմ են Մոսկվայում Ռուսաստան-Հայաստան-Ադրբեջան ձևաչափով ԱԳ նախարարների հանդիպմանը:

«Անցած ամիս ես Մոսկվայում էի, և մենք Լավրովի հետ քննարկում էինք այդ պլանը: Մինչ այդ, ինչպես գիտեք, նախագահներն են հանդիպել Սանկտ-Պետերբուրգում: Բոլորը հրաշալի գիտեն, թե դա ինչ պլան է, և մենք ինչպես պետք է շարժվենք: Ամեն ինչ գրված է: Քաղաքական կամք է պետք, որը պետք է ցուցաբերի հայկական կողմը»,- ասել է Մամեդյարովը:

Եթե Երևանը հիմա մերժում է Հոգլանդի ձևակերպմամբ «պլան-առաջարկը», պետք է ենթադրել, որ պատճառը թաքնված է ինքնորոշման առաջարկվող մեխանիզմներում, քանի որ սա է հայկական կողմի համար ամենասկզբունքային, ելակետային պահը: Երևանն այդ պլանում «կազանյան» տարբերակի համեմատ հետընթաց է արձանագրել: Ըստ ամենայնի՝ նոր առաջարկը փորձ է՝ մոտենալու դեռ 1997թ. ներկայացված փուլային կարգավորման տարբերակին, որտեղ ինքնորոշման իրացմանն ուղղված որևէ տեսական, գործնական կառուցակարգ չէր նախատեսվում:

Առայսօր հայկական կողմը կարողանում էր համառություն դրսևորել այս պլանը մերժելու հարցում՝ հիմնվելով երկու հիմնական բաղադրիչի վրա: Առաջինը ապրիլյան պատերազմից հետո ստեղծված նոր իրավիճակն է և 2016-ի մայիսին ու հունիսին Վիեննայում և Սանկտ-Պետերբուրգում ձեռք բերված պայմանավորվածությունը շփման գծում հրադադարի ռեժիմի ամրապնդմանն ուղղված մեխանզիմների կիրառման շուրջ, որոնք Ադրբեջանը համառորեն վիժեցնում է:

Երևանը հրաժարվում է ԼՂ հարցով որևէ բովանդակային բանակցությունից՝ դնելով Ադրբեջանի կողմից այդ հանձնառությունների կատարման նախապայմանը: Դա փրկում էր իրավիճակը, որովհետև միջազգային հանրությունը և հատկապես ԵԱՀԿ ՄԽ եռանախագահներն այդ պայմանավորվածությունը շրջանցել չէին կարող:

Երկրորդ բաղադրիչը ԼՂ կարգավորման հարցում Ռուսաստանի միակողմանի նախաձեռնությունները տորպեդահարելու՝ ԱՄՆ նախկին վարչակարգի հստակ քաղաքականությունն էր: Չնայած համանախագահների մոտ արտաքուստ պահպանվող կոնսենսուսային տրամադրություններին՝ իրականում ԱՄՆ-ն և Ֆրանսիան լրջորեն դիմակայում էին ռուսական նախաձեռնողականությանը:

Սակայն ԵԱՀԿ ԱՄՆ համանախագահ Ռիչարդ Հոգլանդի կողմից Երևանում նման բացահայտումներ անելու փաստը, «պլան-առաջարկին» համանախագահ երկրների աջակցության մասին պնդումը վկայում են, որ այդ պարիտետը խախտվել է: ԱՄՆ նոր վարչակարգը ԼՂ կարգավորման բանալիները հանձնում է Ռուսաստանին: ԱՄՆ-ն կանաչ լույս է վառում «լավրովյան պլանի» առջև: Սա չափազանց ծանր դրության մեջ է դնում հայկական կողմին, որը զրկվում է Արևմուտքի և ՄԽ եռանախագահության ձեւաչափի վրա հենվելով՝ Ռուսաստանի միակողմանի ճնշումներին դիմակայելու մինչ այս հաջողություն բերած լծակից:

Դրանով էր, թերևս, պայմանավորված անցած շաբաթա վերջին Արցախում, զորամասերից մեկում Սերժ Սարգսյանի ունեցած կոշտ ելույթը: Հիշեցնենք, որ նա հայտարարեց, թե աչքը չի թարթի Ադրբեջանի դեմ «Իսկանդեր» համալիրները կիրառելու հրաման տալիս, եթե Բաքուն դիմի նոր ռազմական արկածախնդրության:

Նա նաև հիշեցրեց, որ այդ երկրի բոլոր ռազմավարական օբյեկտները գտնվում են նշանառության տակ: Թեև այս հայտարարությունից ավելի շատ նախընտրական քարոզչության «հոտ էր գալիս», սակայն երբ շփման գծում կարծես թե հարաբերական խաղաղություն է, արսենալում ունեցած ամենահզոր և միայն ծայրահեղ իրավիճակում կիառելու ենթակա զենքի օգտագործման սպառնալիքի հնչեցումն իրականում այլ բան չէ, քան հուսահատության հրապարակավ խոստովանություն:

Մյուս կողմից՝ այն ուղերձ էր միջնորդներին և ներքին լսարանին: Միջնորդներին Սարգսյանը փորձեց հասկացնել, որ չի ընդունելու ինքնորոշման հարցում զիջման գնալու որևէ առաջարկ և որ հասել է զիջումների կրիտիկական առավելագույնին ու պատերազմից չի վախենում:

Պատահական չէր, որ Սարգսյանն այս կոշտ հայտարարությունն արեց ԵԱՀԿ ՄԽ համանախագահների՝ Երևան և Ստեփամնակերտ այցի նախօրեին: Բայց ամենաէականն այստեղ այն է, որ Սերժ Սարգսյանը փաստացի հայաստանյան և արցախյան հասարակության մոտ տպավորություն է ստեղծում, թե արտաքին ճնշումներն այնքան զորեղ են, իսկ հայկական կողմի վիճակն այնքան անելանելի, որ գուցե չստացվի հասնել «Լավրովի պլանի» մերժմանը, կամ պետք է սխրանք համարել, եթե Երևանին հաջողվի պրոցեսը վերադարձնել մոտավորապես «կազանյան» սկզբունքների դաշտ, այսինքն՝ գոնե նրան, որ կարգավորման փաստաթղթում տեսականորեն, առանց իրագործման հեռանկարի ամրագրվի արցախցիների ինքնորոշման իրավունքը:

Հոգեբանական-քարոզչական ահաբեկման տեխնոլոգիան

Այս թեզը վերջին շրջանում հայ հանրությանն ավելի ու ավելի ինտենսիվորեն և համակողմանի ներկայացվում է որպես վերջնագիր: Դրա մասին է վկայում երեք փաստի համադրում: Նախ՝ խորհրդարանական ընտրություններին Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի ղեկավարած «ՀԱԿ-ՀԺԿ» դաշինքը մասնակցում է «խաղաղության» գաղափարի տիրաժավորման հստակ նպատակադրմամբ:

Առաջին նախագահը քարոզարշավի ընթացքում արդեն երկու անգամ հեռուստաեթերից զարգացնում է միայն երեք հիմնական գաղափար: Առաջին՝ հայկական կողմը չունի այլ տարբերակ, քան նախկին ԼՂԻՄ-ի շուրջ տարածքներն Ադրբեջանին վերադարձնելը, քանի որ դրանք պահելը գնահատվում է որպես ագրեսիա: Եթե կամավոր այդ տարածքները չհանձնվեն, միջազգային հանրությունը դա կանի ստիպողաբար՝ Հայաստանի նկատմամբ կիրառելով սանկցիաներ:

Երկրորդ՝ հայկական կողմը և հասարակությունը պետք է մոռանան Արցախի ինքնորոշման մասին, քանի որ Ադրբեջանը երբեք դրան չի համաձայնելու, և այդ սկզբունքը երբեք լիարժեքորեն տեղ չի գտնելու կարգավորման որևէ պայմանագրում: Ուստի  բարեբախտություն կլինի, եթե գոնե տեսականորեն շրջանակային փաստաթղթում ամրագրվի ինքնորոշման իրավունքը, իսկ միջազգային հանրությունն Արցախը ճանաչի միջանկյալ կարգավիճակով: Դա, ըստ Տեր-Պետրոսյանի, նշանակում է Արցախը պոկել Ադրբեջանից:

Երրորդ՝ ԼՂ հարցում Հայաստանի և Արցախի կռիվը ոչ թե Ադրբեջանի դեմ է, այլ միջազգային հանրության՝ ի դեմս ՄԱԿ-ի,  ԵԱՀԿ-ի, որոնց, ոչ պատահական, Տեր-Պետրոսյանը ներկայացնում է իբրև «վերին ատյաններ»: Այսինքն՝ ուժ, որը ցանկացած պահի կարող է կարդալ Հայաստանի և Արցախի մահվան դատավճիռը:

Այսպիսով, Տեր-Պեետրոսյանը ստեղծում է տպավորություն, թե մեր դեմ այնպիսի հզոր ուժ է կանգնած, որին հաղթել հնարավոր չէ, և պետք է որպես երկնքից թափված մանանա ընդունել նրա կողմից մեզ նետվող փշրանքները:

Հարկ չկա, իհարկե, անդրադառնալու այս թեզիսների խուճապայնությանը և խոցելի հիմնավորումներին: Առավել էական է, որ օգտվելով ընտրարշավի ընձեռած հնարավորությունից ու խոսափողներից՝ ՀԱԿ-ը դրանք մեծ չափաբաժիններով հասցնում է հասարակության գիտակցությանը՝ մի կողմից հարուցելով սուր բանավեճեր, մյուս կողմից, օգտագործելով խուճապի մատնելու մանիպուլյացիան, հասարակությանն ադապտացնում տարածքները միայն միջանկյալ կարգավիճակի դիմաց, այսինքն՝ միայն թվացյալ խաղաղության դիմաց հանձնելու անխուսափելիությանը:

Երկրորդ փաստն այն է, որ սա տեղի է ունենում իշխանության լուռ աջակցությամբ և զուգահեռվում է այն ենթատեքստային ուղերձներին, որոնք թաքնված էին Արցախից Սերժ Սարգսյանի արած հուսահատական հայտարարություններին:

Հատկանշական է, որ երբ Հանրային հեռուստաընկերությանը Տեր-Պետրոսյանի տված հարցազրույցից հետո լրագրողները փորձել էին ստանալ դրանց վերաբերյալ ԱԳՆ-ի դիրքորոշումը, ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը շատ հանգիստ պատասխանել էր. «Ես պատրաստ չեմ մեկնաբանել Լևոն Տեր-Պետրոսյանի ասածը»:

Այս իմաստով Տեր-Պետրոսյանը ստանձնել է ԼՂ հարցում գործող իշխանության խոսնակի դերը և ասում է այն, ինչը ասելու համարձակություն վերջինս չի դրսևորում, բայց և չի էլ հերքում, որ լիովին համաձայն է դրա հետ: 

Երկրորդ՝ Երևանում ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահ Ռիչարդ Հոգլանդը, անդրադառնալով ԼՂ հիմնահարցին ՄԱԿ-ի միջամտության անհրաժեշտության մասին նախկին համանախագահ Քերի Քավանոյի դիտարկման վերաբերյալ հարցին՝ պատասխանել էր. «Մոտ մեկ ամիս առաջ Նյու Յորքում էի՝ ՄԱԿ-ի կենտրոնակայանում: Քննարկեցի Հայաստանի, Լեռնային Ղարաբաղի, Ադրբեջանի հարցը տեղի պատկան ղեկավարության հետ: Նրանք ինձ հավաստիացրեցին, որ եթե դա օգտակար լինի, նրանք պատրաստ են որոշակի քայլեր ձեռնարկել, դա կարող է լինել ՄԱԿ-ի բանաձև կամ օգնություն այս կամ այն գործընթացի հետ կապված: ...Կարող ենք մտքում ունենալ, որ եթե լինի ճիշտ պահը, ելնելով պայմաններից, անհրաժեշտությունից, կարող ենք նաև դիմել ՄԱԿ-ին: Չնայած դուռը մեզ համար բաց է, չենք կարծում, որ դրա անհրաժեշտությունը կա»:

Հարկ է ուշադրություն դարձնել այս պատասխանի երկու նուրբ կետի: Առաջինն այն է, որ ՄԽ համանախագահ(ներ)ի մակարդակով Նյու Յորքում փաստացի քննարկվել է ԼՂ հարցի կապակցությամբ ՄԱԿ-ի նոր բանաձև ընդունելու հնարավորության հարցը: Հիշեցնենք, որ 1993թ. ՄԱԿ-ը 4 բանաձև է ընդունել արցախյան հիմնահարցի վերաբերյալ, և բոլորն էլ ԼՂ կարգավիճակի մասով բխել են Ադրբեջանի շահերից: Կասկած չկա, որ եթե ընդունվի նոր բանաձև, այն չի կարող շրջանցել նախորդները, դրանցում արձանագրված սկզբուքնները, ինչը հաղթաթուղթ կդառնա Ադրբեջանի ձեռքին: Հոգլանդի պատասխանի երկրորդ էական պահն այն է, որ նա հասկանալի է դարձնում հայաստանյան հասարակությանը, թե ՄԽ համանախագահները ցանկացած պահի կարող են նման գործընթաց նախաձեռնել և հասնել հաջողության. ՄԽ երեք համանախագահող երկրներն էլ ՄԱԿ-ի ԱԽ մշտական անդամներ են:

Հարց է առաջանում՝ ինչո՞ւ է Հոգլանդը  խոսում սրա մասին Երևանում: Տողատակից սպառնում է, թե ի՞նչ հետևանքներ կարող են լինել, եթե հայկական կողմը չհամաձայնի ռուսական «պլան-առաջարկին», կամ եթե հանրությունն ընդվզի:

Ամեն դեպքում, չի կարելի չնկատել Հոգլանդի հայտարարության և Տեր-Պետրոսյանի՝ «վերին ատյանների» կողմից «ագրեսոր» Հայաստանի նկատմամբ սանկցիաներ կիրառելու մասին պնդումների միջև կապը:

Կարելի է արձանագրել, որ ՄԽ եռանախագահությունը, Հայաստանի առաջին նախագահը, այս ամենի հանդեպ լիակատար լոյալություն դրսևորող Հայաստանի իշխանությունը և անդադար պատերազմ սկսելով սպառնացող Ադրբեջանը ընդհանուր քարոզչական ճակատ են կազմել՝ թիրախավորելով հայաստանյան հասարակությունը. նրան ներշնչվում է միակողմանի զիջումների անխուսափելիությունը, ցույց է տրվում, որ բոլոր կողմերից դռները փակ են:

Սա հոգեբանական-քարոզչական դիվերսիա է, որի նպատակը ներքին դիմադրությունների պոտենցիալը ջարդելն է և Հայաստանի իշխանության համար ավելի հեշտ ու անցնցում զիջումների գնալու նպաստավոր պայմաններ ստեղծելը:

Պարզ է դառնում, որ այս իրավիճակում Երևանը ռուսական պլանի խափանումը դիտարկում է հնարավոր առավելագույն արդյունք՝ կառչելով շփման գծում հրադադարի ռեժիմի ամրապնդման մեխանիզմների ներդրումից Ադրբեջանի հրաժարվելուց: Այսինքն՝ դիվանագիտության առջև ոչ թե ԼՂ-ի՝ 26-ամյա պատմություն ունեցող ինքնորոշվածության միջազգային ճանաչմանը հասնելու խնդիրն է, այլ մադրիդյան վատագույն տարբերակները հանուն վատի՝ «կազանյանի» ձախողելը:

Սեփական հասարակության նկատմամբ նման տեղեկատվական գրոհի պայմաններում, առավելևս երբ հնարավոր զիջումների առումով Ադրբեջանում որևէ բանավեճ չկա, անգամ վատին հասնելու հույս չի կարող լինել:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter