HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ՊԵԿ. Ներմուծողները կարող են նախապես տարանցման էլեկտրոնային հայտարարագիր ներկայացնել

Պետական եկամուտների կոմիտեն գործարկել է «Տարանցման հայտարարագիր» էլեկտրոնային համակարգը: «Արտաքին առևտրի ազգային մեկ պատուհան» հարթակում ներդրված համակարգը փոխարինում է փոխադրման ամփոփագրի ներկայացման նախկին կարգին: Այս մասին հայտնում է ՊԵԿ մամուլի ծառայությունը:

«Փոփոխությունից առաջ փոխադրողի տրամադրած ուղեկցող փաստաթղթերի հիման վրա սահմանային անցումային կետում մաքսային տեսուչը փոխադրման ամփոփագիր էր ձևավորում, սակայն հաճախ տեղեկատվության լրամշակման և ճշգրտման անհրաժեշտություն էր ծագում, ինչը ժամանակատար էր: Արդյունքում ավելանումէր մաքսային կետի ծանրաբեռնվածությունը, և անհարմարություն ստեղծվում ներկրողների համար»,-ասել է գլխավոր մաքսային տեսուչ Արմեն Պետրոսյանը:

Կառավարության՝ 2017թ. մարտի 2-ի թիվ 194-Ն որոշմամբ ներմուծողներն այսուհետ մեկ մաքսային մարմնից մինչև մյուսը ապրանքներն ու տրանսպորտային միջոցները «Մաքսային տարանցում» ընթացակարգով հսկողության ներքո կարող են տեղափոխվել մաքսային տարանցման հայտարարագրով: Նույնը հնարավոր է անել՝ ուղեկցող փաստաթղթերը որպես տարանցման հայտարարագիր ներկայացնելով, եթե դրանք պարունակում են Մաքսային միության մաքսային օրենսգրքի 182-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված տեղեկությունները:

Նոր կարգի շնորհիվ զգալիորեն կրճատվել է սահմանահատման ժամանակը, քանի որ տարանցման հայտարարագիրը ցանկացած վայրից էլեկտրոնային եղանակով կարելի է ուղարկել նախօրոք։ Ավելին, համակարգը ստուգում է ներկայացված տեղեկատվության ամբողջականությունը, որից հետո տրանսպորտային միջոցը կարող է լքել մաքսային կետի տարածքը:

«Համակարգը պարզ է ու թափանցիկ, և լրացման կարգի վերաբերյալ հուշումները թույլ են տալիս տարանցման հայտարարագիրը ներկայացնել գրասենյակից: Նոր մեխանիզմից օգտվելու շնորհիվ զգալի ժամանակ ենք տնտեսում սահմանային կետում, ուստի մտադիր ենք այսուհետ ևս աշխատել այս եղանակով»,-նշում է ներկրմամբ զբաղվող ընկերության ներկայացուցիչ Տիգրան Ղուկասյանը:

Նոր կարգով վերացվել է նաև ՀՀ տարածքում՝ մի մաքսային մարմնից մյուսը, «Մաքսային տարանցում» ընթացակարգով տեղափոխվող օտարերկրյա ապրանքների համար մաքսատուրքի, հարկերի վճարման ապահովման պահանջը: Բացի այդ, լիազորված տնտեսական օպերատորների և մաքսային փոխադրողների համար բացառվել է մաքսային ուղեկցումը օտարերկրյա ապրանքների տեղափոխման ժամանակ:

Գործարկված համակարգն արտաքին տնտեսական գործունեություն իրականացնողներին էլեկտրոնային ծառայություններ մատուցելու ՊԵԿ-ի քաղաքականության մի մասն է, որը ներառված է «Արտաքին առևտրի ազգային մեկ պատուհան» (trade.gov.am) հարթակում:

«Էլեկտրոնային 19 համակարգեր պարունակող հարթակը միտված է ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցության շրջանակում իրականացվող օրենսդրական փոփոխությունների ազդեցությունը բիզնեսի վրա առավել դյուրին և սահուն դարձնելուն»,-ընդգծում է ՊԵԿ տեղեկատվական տեխնոլոգիաների վարչության պետի տեղակալ Տիգրան Տիգրանյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter