HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երկու տարում վարորդները տուգանվել են 58,5 միլիոն դոլարով

2015 և 2016 թվականներին արագաչափ և տեսանկարահանող սարքերի, կարմիր գծերի և ոստիկանության ծառայողներից կողմից արձանագրած տույժերով վարորդները, ընդհանուր առմամբ, տուգանվել են 28,2 միլիարդ դրամով կամ 58, 5 միլիոն դոլարով։ Այդ երկու տարիներին, միասին վերցրած, գրանցվել է ճանապարհատրանսպորտային 3 միլիոնից ավելի իրավախախտում։ Եթե առանձնացված անդրադառնանք ճանապարհատրանսպորային խախտումների քանակին ու դրանցից հավաքագրված գումարներին, ապա կստացվի՝

Արագաչափեր

«Հետք»-ին ոստիկանությունից տրամադրած վերջին տվյալներով՝ Հայաստանի տարածքում տեղադրված է 178 արագաչափ սարք, որից՝ 98-ը Երևանում։ 2015 թվականի ընթացքում արագաչափ սարքերով տուգանքի 542 778 որոշում է կայացվել, որի արդյունքում վարորդները ընդհանուր առմամբ վճարել են 5 միլիարդ 106 միլիոն դրամ։

2016 թվականի ընթացքում վարորդներn արագաչափերով գրանցված խախտումներով ավելի շատ են տուգանվել։ Նախորդ տարի այդ սարքերի միջոցով գրանցվել է 566 459 տուգանքի որոշում։ Թեև 2015-ի հետ համեմատած՝ 2016-ին ավելի շատ տուգանք է արձանագրվել, բայց և տուգանքների ընդհանուր գումարը նախորդ տարի ավելի քիչ էր։ 2016-ին արագաչափերի արձանագրած խախտումներից հավաքվել է 4 միլիարդ 688 միլիոն դրամ՝ 418 միլիոն դրամով պակաս, քան 2015-ին։

Արագաչափ սարքերով հայտնաբերված իրավախախտման տուգանքի առավելագույն չափը 500 000 դրամն է: 2015 թվականին՝ 500 000 դրամանոց 47, իսկ 2016-ին 31 տուգանքներ են գրանցվել։ Այսինքն՝ միայն այդ 78 տուգանքներից հավաքվել է 39 միլիոն դրամ։ Ճանապարհային ոստիկանության պետի տեղակալ Արմեն Խաչատրյանն ասում է՝ թեև իրավախախտումների քանակը նվազել է, այնուամենայնիվ իրենց համար այդքան էլ գոհացուցիչ չէ այդ արդյունքը, քանի որ իրենց կողմից հաճախ կատարվող ուսումնասիրությունները «ցույց են տվել», որ կան զգալի քանակով վարորդներ, որոնք բազմակի անգամ խախտում են ճանաապարհային երթևեկության կանոնները՝ նույն բնույթով, նույն վայրում։

Իսկ արագաչափերով արձանագրված իրավախախտումների աճը Խաչատրյանը պայմանավորում է դրանց տեղակայման վայրի հաճախակի փոփոխությամբ։ Ասում է՝ ոստիկանությունը այդ սարքերի տեղը փոխում է՝ կախված իրավիճակից։

Եթե սարքի տեղադրումից հետո, այդ վայրում իրավախախտումների քանակը նվազում է, ոստիկանությունը համոզված է լինում, որ ճանապարհատրանսպորտային իրավիճակը դրականորեն փոփոխվել է, արագությունը արդեն չեն գերազանցում, պատահարների քանակը քիչ է, արագաչափ սարքը տեղափոխում են այլ վայր. «Գրեթե այն վայրերում, որտեղ տեղադրվում են արագաչափեր, իրավիճակային փոփոխություն է լինում, և դրա տեղակայման տիրույթում ճանապարհատրանսպորտային պատահարներ գրեթե չեն լինում»,-նշեց պետի տեղակալը։ Խաչատրյանի փոխանցմամբ՝ մինչ օրս քաղաքացիների կողմից ստանում են արագաչափ սարքերի տեղադրման դիմումներ, և այս պահին էլ այդպիսի 10 դիմում ունեն, որոնք քննարկման փուլում են։

 

Տեսանկարահանող սարքեր

Երևանում տեսանկարահանող սարքերով հսկվում է 128 օբյեկտ՝ 122 խաչմերուկ և 6 փողոց։ 2015-ին տեսանկարահանող սարքերը արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 951 381 խախտում։ Դրանցով կազմված տույժերից ընդհանուր առմամբ վարորդները տուգանվել են գրեթե 6 միլիարդ դրամով:

2016-ին տեսանկարահանման միջոցով հայտնաբերված խախտումների արձանագրման կենտրոնի կողմից կայացվել է վարչական տույժ նշանակելու մասին այդպիսի 879 816 որոշում՝ գրեթե 72 000-ով պակաս, քան 2015-ին։ 2016-ին այս տուգանքներից հավաքվել է գրեթե 5.5 միլիարդ դրամ: Ի դեպ, եթե 2016 թվականի ընթացքում տեսախցիկներով և լուսանկարահանող-արագաչափ սարքերով հայտնաբերված իրավախախտումներով որպես վարչական տույժ նախազգուշացում է կիրառվել (տուգանք չի նշանակվել) 96200 ճանապարհային երթևեկության կանոնների խախտման փաստով: Ապա մինչև մարտի 28-ը ներառյալ որպես վարչական տույժ նախազգուշացում է կիրառվել 42000 ճանապարհային երթևեկության կանոնների խախտման փաստով: Այսինքն՝ նախորդ տարվա նախազգուշացումների գրեթե կեսը այս տարվա չորս ամիսներում արդեն «սպառվել է»։

Ոստիկանության ծառայողներ

2015թ. ընթացքում ճանապարհային ոստիկանության ծառայողների կողմից արձանագրվել է ճանապարհային երթևեկության կանոնների 423 458 խախտում։ Այդ խախտումներից հավաքվել է 3 միլիարդ 146 միլիոն դրամ։

Իսկ 2016 թվականին ճանապարհային ոստիկանության ծառայողների կողմից արձանագրվել է ճանապարհային երթևեկության կանոնների 335 571 խախտում, որով վարորդները տուգանվել են մոտ 3 միլիարդ դրամով։

Կարմիր գետնանշումներ

Երևանի քաղաքապետարանի՝ «Հետք»-ին տրամադրած տեղեկատվությամբ՝ Երևանում ներկայումս գործում են կարմիր գետնանշումներով 463 վճարովի կայանատեղի։ Քաղաքապետարանից այդպես էլ չկարողացան հայտնել կարմիր գետնանշումներով ավտոկայատեղիներից քանիսը, որ վարչական շրջանում է գործում։

Պատճառաբանեցին, որ գծանշված որոշ փողոցների մի մասն անցնում է մի քանի վարչական շրջաններով կամ եզերում է դրանք, օրինակ՝ Ազատության պողոտան, Քրիստափորի փողոցը և այլն: Ինչևէ, անդրադառնանք կայանատեղի տուգանքների տվյալներին։ Նախ նշենք, որ վճարովի ավտոկայանատեղիների դիմաց չվճարելու պարագայում վարորդները տուգանվում են 5000 դրամով։ 2015-ին մեքենան կարմիր գծանշված տարածքում կայանելու և չվճարելու 98.428 տուգանքի որոշում է կայացվել։ Վարորդները տուգանվել են 492 միլիոն դրամից ավելի դրամի չափով։

Տուգանքի որոշումներից բողոքարկվել է 1196-ը բավարարվել՝ 873-ը: 2016 թվականի ընթացքում կայանատեղի տեղական տուրքը չվճարելու փաստով կայացվել է 5000-ական դրամի չափով 102.759 տուգանքի որոշում։ Փաստորեն՝ կայանատեղիի դիմաց չվճարման համար վարորդները տուգանվել 514 միլիոն դրամով։ Այդ որոշումներից 4987-ը բողոքարկվել է և դրանցից 3432-ը բավարարվել։ Սա կազմում է բողոքարկված տուգանքների 69 %-ը։

Քաղաքապետարանից պարզաբանել են, որ բողոքարկման պատճառները տարբեր են եղել, օրինակ՝ կարմիր գետնանշումներից դուրս կայանում, վճարում, ապացույցների անբավարարություն և այլն։ Հիշեցնենք, որ մենք ունենք հրապարակումներ, որ որոշ վարորդներ տասնյակ անգամներ բողոքարկել են կայանատեղի տուրքը չվճարելու տուգանքները, քանի որ դրանք արձանագրված են եղել ոչ թե տեսանկարահանող սարքերի, այլ շրջող մեքենաների միջոցով։

Մեր հրապարակումների հերոսների այդ տեսակ արձանագրված տուգանքներից բոլորն էլ բավարարվել էին, պատճառաբանելով՝ ապացույցների անբավարարության հանգամանքը։ Այս մասին փորձեցինք զրուցել Երևանի քաղաքապետարանի հետ, սակայն քաղաքապետարանից մերժեցին հարցազրույցի մեր առաջարկը։ Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից ասացին, որ հարցազրույցի համար հարմար մարդ չկա։

Մասնավորից՝ պետականին

Երթևեկությանը հետևող տեսախցիկների ու արագաչափերը 2011 թվականի դեկտեմբերից շահագործում էր «Սեքյուրիթի դրիմ» ընկերությունը: Սակայն 2016 թվականի նոյեմբերի 3-ի կառավարության նիստին վարչապետ Կարեն Կարապետյանը ոստիկանության պետին հանձնարարել էր բանակցել «Սեքյուրիթի դրիմ» ՍՊԸ-ի հետ, որպեսզի այդ ընկերության գործառույթները, այդ թվում՝ ֆինանսական հոսքերի ամբողջական տնօրինումն ու կառավարումը, անցնեն պետական կառույցներին:

Արդյունքում՝ ոստիկանությունը և «Սեքյուրիթի դրիմ» ընկերությունը համաձայնել են նոր համաձայնագիր կնքելու միջոցով լուծել դեռևս 2011 թվականին կնքված՝ պետության կարիքների համար երթևեկության կանոնների նկատմամբ վերահսկողության համաձայնագրի ձեռքբերման, դրանց սպասարկման պայմանագիրը։ Ինչպես մեզ հետ զրույցում հայտնել էր ճանապարհային ոստիկանության պետի տեղակալ Արմեն Խաչատրյանը՝ «Սեքյուրիթի դրիմ» ընկերությունը այսուհետ իրականացնելու է ճանապարհային երթևեկության վերահսկման գործառույթը և մատուցած ծառայության դիմաց ստանալու է փոխհատուցում։

Կառավարության նույն նիստին վարչապետը ֆինանսների նախարարին և արդարադատության նախարարին հանձնարարել էր՝ աջակցել Երևանի քաղաքապետին «Փարկինգ Սիթի Սերվիս» ու «Լոկատոր» ՓԲԸ կոնսորցիումի հետ բանակցություններին, որպեսզի նրանց գործառույթները, այդ թվում՝ ֆինանսական հոսքերի ամբողջական տնօրինումն ու կառավարումը, անցնեն համայնքային կառույցներին: Ինչպես հրապարակված է Երևանի քաղաքապետարանի կայքէջում՝ այդ հանձնարարականից հետո քաղաքապետի տեղակալ Վահե Նիկոյանը հրավիրված ասուլիսին հայտնել է, որ քաղաքապետարանը համաձայնության է եկել որպես նվիրատվություն ձեռք բերել «Փարկինգ Սիթի Սերվիս» ՓԲ ընկերության 100 % բաժնեմասը։

Նոր համաձայնությամբ՝ վճարովի ավտոկայանատեղերի կազմակերպման համար անհրաժեշտ ամբողջ գույքը կդառնա համայնքային սեփականություն, իսկ արդեն Երևանի ենթակայությանն անցած ընկերությունը քաղաքապետարանի աջակցությամբ կստանձնի այդ ակտիվներին համարժեք պարտավորությունների մարման գործընթացը։

Տեսանյութը՝ Սարո Բաղդասարյանի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter