HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

200 000 ԱՄՆ դոլարի աջակցություն՝ ՏՏ ոլորտի ստարտափներին

200 000 ԱՄՆ դոլար մասնավոր ընկերությունների կողմից ստարտափներին` նորարար գաղափարներ կյանքի կոչելու համար: Այս մասին այսօր կայացած ասուլիսում հայտնել է ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունում   նախարար Վահան Մարտիրոսյանը և գործարարներ Արա Յաղջյանն ու Էդուարդ Մարությանը, ովքեր ներկայացրին ՏՏ ոլորտի սկսնակ ընկերությունների ֆինանսավորման համատեղ նախաձեռնությունը:

Ինչպես նշված է Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաներ նախարարության լրատվական ծառայության հաղորդագրության մեջ, այս փուլում նախատեսվում է ֆինանսավորել 10 գաղափար: Հայտերը կընդունվեն մինչև ապրիլի 13-ը: Գաղափարները պետք է  վերաբերեն ՏՀՏ (ծրագրային ապահովում, ինտերնետ, թվային մեդիա, մոբայլ տեխնոլոգիաներ), ճարտարագիտության (սարքավորումներ, ծրագրային ապահովում և էլեկտրոնիկա), մաքուր տեխնոլոգիաների, զբոսաշրջության, գյուղատնտեսության ոլորտներին:

«Ամիսներ շարունակ նախարարությունում ՏՀՏ ոլորտի առաջատար ընկերությունների ներկայացուցիչների հետ հանդիպումների ու քննարկումների արդյունքում եկանք եզրակացության, որ Հայաստանում բիզնես սկսող ընկերությունները, ունենալով փայլուն գաղափարներ, հաճախ հանդիպում են ֆինանսական դժվարությունների, և կայացած ընկերություններին առաջարկեցինք աջակցել սկսնակներին»,-ներկայացրեց Վահան Մարտիրոսյանը:

«Ռիսկերի ճիշտ գնահատման և ճիշտ ընտրության դեպքում կատարված ներդրումը կարող է լինել շահութաբեր այն կատարողի համար:  Գործընկերներիս հետ համատեղ որոշում կայացրինք սկսել պիլոտային ծրագիր` մի քանի գաղափարների և ստարտափների աջակցելու նպատակով»,- ասաց «Զանգի» ընկերության համահիմնադիր Էդուարդ Մարությանը:

Նախաձեռնության մասնակից, գործարար Արա Յաղջյանի խոսքով` ծրագիրը կարող է լավ խթան դառնալ երիտասարդ ձեռներեցների և, առհասարակ, ՏՏ ոլորտի զարգացման համար: «Մենք տրամադրելու ենք ոչ միայն ֆինանսական, այլև խորհրդատվական, հաշվապահական աջակցություն: Դրանից բացի, այդ ստարտափները կարող են օգտվել մեր ռեսուրսներից, կապերից»,- ընդգծեց Արա Յաղջյանը:

Նախարարը շեշտեց, որ ծրագրի ներկայի բյուջեն նախնական է, և արագ աճի պոտենցիալ ունի` հասնելով միլիոնների: Ծրագրի հաջողության դեպքում նախատեսվում է ստեղծել մասնավոր վենչուրային հիմնադրամ` «բիզնես հրեշտակներ»-ի (angel investor) մասնակցությամբ: «Բիզնես-հրեշտակները» ներդրողներ են, ովքեր պատրաստ են իրենց ազատ գումարները ներդնել որևէ ՏՀՏ նախագծում՝ շահաբաժին ստանալու ակնկալիքով:

Հիմնադրամը կլինի Հայաստանում իր տեսակի մեջ առաջինը, որովհետև կֆինանսավորի ոչ թե արդեն ստեղծված ընկերություններ, այլ հենց բիզնես գաղափարը` սկզբնական փուլում:

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter