HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երանուհի Սողոյան

«Չպիտի շուտ հիասթափվես, պիտի պնդաճակատ լինես, որ ինչ-որ բանի հասնես»

Իջեւանի բնակչուհի, 52-ամյա Նարինե Ճաղարյանին անհնար է չնկատել. տարիքին ոչ բնորոշ աշխուժությունն ու մարդկանց հետ շփվելու անմիջականությունը նրան շատ արագ առանձնացնում են շրջապատից: Հավաքվածներին Նարինեն ցուցադրում է տղայի հիմնած «Նռանե» կարի արտադրամասի արտադրանքը՝ խոհանոցային բռնիչներ, փոքրիկ սփռոց, կանացի վերնահագուստ եւ այլն: «Սա իմ մանկական տարիների երազանքն է, որ իրականացավ ընդամենը երկու տարի առաջ, այն էլ տղայիս շնորհիվ»,- խոստովանում է Նարինե Ճաղարյանը:

Մանկական տարիների երազանքի հետեւից Նարինեն գնացել է 40 տարի: Հինգ քույր էին, ու մայրն անընդհատ պնդում էր, որ աղջիկները զբաղվեն խոհանոցով, կար ու ձեւով: «Ասում էր` եփեք իմ համար, սովորեք ձեր համար, կարեք, գործեք իմ համար, սովորեք ձեր համար: Մամաս չէր սիրում, որ ասենք պարապ մնայինք ամառային արձակուրդներին կամ փողոցները թափառեինք: Ես, օրինակ, արձակուրդների ժամանակ կար ու ձեւի էի գնում, որ շատ էի սիրում: Էդ տարիներից էլ երազանք մնաց, որ մեծանամ, իմ գործն ունենամ, շորեր կարեմ, բայց դպրոցը գերազանց ավարտելուց հետո գնացի գործերս տվեցի ԵՊՀ Իջեւանի մասնաճյուղի քիմիայի ֆակուլտետը, դարձա քիմիայի դասատու»,- Նարինեն ծիծաղում է:

Նարինե Ճաղարյանը

Բարձրագույն ուսումնական հաստատությունն ավարտելուց հետո պիտի սահմանամերձ Վազաշեն գյուղի դպրոցում 9 տարի դասավանդեր՝ երազանքը «ապագայի պահարանի» մի անկյունում ծալած դրած՝ օրերից մի օր լույս աշխարհ հանելու հույսով: Վազաշենում հանդիպում է ապագա ամուսնուն: Հետո արդեն ընտանիք, երեխաներ ու «ցտեսություն» սեփական գործը ստեղծելու մտքին: «Բայց դա ժամանակավոր էր, որովհետեւ միշտ մտածում էի, թե էդ օրը գալու է: Ինչքան սիրուն կտոր, կար ու ձեւին վերաբերող թել, մկրատ, մանր-մունր բաներ տեսնում էի, առնում էի: Ի վերջո սպասեցի էնքան, մինչեւ փոքր տղաս դարձավ 18 տարեկան: Ասի՝ Վրեժ, վերջ, պիտի գործը սկսենք, ժամանակն է»,- պատմում է զրուցակիցս:

Նարինեն ասում է, որ երբ երիտասարդ էր, տարիներն էին աննպաստ սեփական բիզնեսը հիմնելու համար, նաեւ ընտանիքի հոգսերն էին խանգարում: Հետո, երբ կածես թե հեռանկարներ բացվեցին, հիմնական աշխատանքը խանգարեց: «Ես մարզպետարանի սոցիալական բաժնում եմ աշխատում, քաղծառայողներին բիզնեսով զբաղվել չի թույլատրվում,- բացատրում է Նարինեն,- դրա համար էլ հենց Վրեժս դարձավ 18 տարեկան, գնացինք անհատ ձեռներեց ձեւակերպեցինք, որ կարողանա կարի արտադրամասը հիմնել: Որ աղջիկ չունեի, կենտրոնացել էի փոքր տղայիս վրա: Տան համար մի բան, որ կարում էի, ասում էի՝ տե՛ս, տղա ջան, ինչ սիրուն է, որ հարսիկ ունենաս, իր համար էլ եմ կարելու, իրեն էլ եմ սովորեցնելու: Էնպես չէ էլի, որ հենց սկզբից ասում էր՝ հա, մամ, անպայման: Ուղղակի էնպես եղավ, որ ֆուտբոլի պատճառով ողնաշարի պրոբլեմ սկսվեց տղայիս մոտ, չէր կարող սպորտի կողմով գնալ, բանակից էլ ազատեցին, ու մի բանով պիտի զբաղվեր, մանավանդ որ հեռակա էր սովորում, ազատ ժամանակ շատ ուներ»:

2014թ-ի դեկտեմբերին Նարինեի երազանքը տղայի միջոցով ի վերջո իրականություն դարձավ: Բայց բիզնեսը սկսելու համար գումար էր պետք: Վարկ չուզեցին վերցնել՝ ծանր պարտականություն էր, դիմեցին Իջեւանի զբաղվածության կենտրոն՝ բիզնես գաղափարի ֆինանսավորման համար, հետո հարկ եղավ մասնակցել ՓՄՁ ԶԱԿ-ի կողմից անցկացվող բիզնես-դասընթացներին:

«Ծրագիրն այսպես էր՝ 50-50, ես մի փոքր գումար էի դնում, նույն չափով էլ իրենք էին ավելացնում: Սկսեցինք զրոյից, ինչ-որ տեղ էլ մինուսով, պարտքերով էս մի ընկերուհուց, էն մի բարեկամից, բայց ասենք որոշակի բաներ էլ ես ունեի նախապատրաստած: Հետո դիմեցինք Իջեւանի քաղաքապետին, որ եթե հարմար տարածք կա, տրամադրեն: Արհեստների կենտրոն կա Իջեւանում, այդտեղ մեզ տարածք տվեցին` պայմանով, որ պիտի օգնենք խմբակներին, ունենանք մեր ներդրումը»,- պատմում է Նարինեն:

Որոշեցին սկսել ամենահեշտից՝ անկողնային պարագաներ կարելուց, նաեւ վաճառքն էր հեշտ կազմակերպել. պահանջարկ միշտ կա: Աշխատակիցներ հավաքագրելու համար կրկին դիմեցին զբաղվածության կենտրոն: Համապատասխան ծրագրով պարտավորվեցին երկու ամիս դասընթացներ կազմակերպել 4 կնոջ համար, որից երկուսին պետք է պարտադիր աշխատանքի ընդունեին: Նարինեն ինքն էլ երեկոյան, հիմնական աշխատանքի ավարտից հետո, շտապում է օգնել տղային՝ աշխատանքները կազմակերպելու:

«Էս վերջերս ազգայինի նկատմամբ մեծ հետաքրքրություն կա, ու մարդիկ շատ են ուզում այդ կտորից իրեր,- ասում է Նարինեն,-հատկապես դրսում ապրող մեր հայերին է դա ձգում, կարում ուղարկում ենք: Հիմնական սպառողը մեր արտադրանքի տեղացիներն են, նաեւ փորձում եմ դուրս ուղարկել՝ օգտագործելով արտերկրում ապրող հարազատներիս ու ընկերներիս կապերը: Ֆեյսբուքյան էջ ունենք, տղաս ուզում է կայք ստեղծել, ես երբ հարմար է, ինչ-որ միջոցառումների եմ գնում, նվերներ եմ տալիս, որ ճանաչելի լինի արտադրանքը: Ուզում ենք մեր բրենդը նռենի սարքենք: Հիմա ինչ կարում ենք, մի անկյունում անպայման նուռը կա: Արդեն կանացի ամառային թեթեւ մայկաների պատվերներ ունենք՝ գալիս են, իրենց չափերով էլ կարում ենք, մասսայական չէ, ովքեր որ ուզում են»:

Հարազատների ու ընկերների շնորհիվ «Նռենի»-ի նմուշներն արդեն հասել են Ուկրաինա, Հոլանդիա, Ավստրալիա, Լիբանան եւ Եգիպտոս: Բայց դա չի նշանակում, թե Իջեւանում ստեղծված այս փոքրիկ բիզնեսը խնդիրներ չունի: «Փոքր եւ միջին բիզնեսով զբաղվողին հարկային դաշտը շատ է խեղճացնում,- դժգոհում է զրուցակիցս,- տեսեք, 2014թ-ի դեկտեմբերի 19-ին բացվել ենք, էդ մի ամսվա համար կանչել են տնօրենի անունից եւ եկամտահարկ են մուծել տվել եւ սոցվճար, էն դեպքում, որ ոչ մեքենա ունես, ոչ արտադրություն, բայց եկամտահարկ ես մուծում: Տղաս արտադրամասը բացելուց հետո երկու ամիս էլ դասընթացներ է արել, որ աշխատող ընդունի, էդ ընթացքում մեքենաներ է առել, բայց չենք աշխատել՝ միեւնույն է, էդ ամիսների համար էլի սոցվճար ու եկամտահարկ են ուզել»:

Նարինեն ասում է, որ առանց բանկից վարկ վերցնելու անհնար է բիզնեսը զարգացնել, որովհետեւ մեծ իրացում չունեն, որ այնքան եկամուտ կարողանան ապահովել ու դրանով գործն առաջ տանել: Հումք ձեռք բերելու համար պարտադիր վարկ են վերցնում տարվա մեջ երկու անգամ:

«Հիմա ես հինգ հատ վարկ ունեմ, տարբեր նպատակների համար եմ վերցրել, այդ թվում եւ արտադրամասի համար: Բայց որպեսզի փոքր բիզնեսը զարգանա, պիտի պետությունը հարկայինի մասով թույլ տա, որ «շնչեն»: Ես կարծում եմ` արտոնյալ երկու տարին դրա համար բավարար է,- նկատում է Նարինե Ճաղարյանը,- տղայիս գործունեությանը նայելով՝ զգում եմ, որովհետեւ արդեն զանգում, պատվերներ են տալիս, արդեն ճանաչելի ենք դարձել՝ որակ ենք ապահովում: Պիտի պնդաճակատ լինես, լուրջ եմ ասում: Սա Հայաստանն է, չպիտի շուտ հիասթափվես, պիտի պնդաճակատ լինես, որ ինչ-որ բանի հասնես»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter