HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մարիամ Չախոյան

Ըստ Համլետ Գասպարյանի՝ գործով տուժողի կողմից դատական նիստի ժամանակ ներկայացրած իրեղեն ապացույցը փոխված էր

Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Համլետ  Գասպարյանի գործով տեղի ունեցած դատական նիստի ժամանակ ցուցմունք տված տուժող Նաիրա Վարդանյանն իր հետ դատարան էր բերել փոխված իրեղեն ապացույց՝ ներկայացնելով այն որպես իր պարանոցից պոկված շղթա: Այս մասին այսօր «Հետքին» հայտնել է  Համլետ Գասպարյանը, ում մեղադրանք է առաջադրվել փողոցում կնոջ պարանոցից ոսկյա շղթա հափշտակելու համար:

Գասպարյանը տարօրինակ է համարում դատավորի չափից ավելի շտապողականությունը՝ շուտափույթ ավարտել դատական նիստը, և գտնում է, որ դա պայմանավորված էր նիստին լրագողի անսպասելի հայտնվելով: Նիստը տեղի էր ունեցել մարտի 27-ին, ժամը 15:00-ին:

«Ես համոզված եմ, որ նիստը հետաձգվեց, որ հենց այս հարցը չբարձրացնենք: Գործում նկարագրված էր ադամանդյա քարերով կախազարդ և ոսկյա շղթա, կան դրանց լուսանկարները, բայց այն, ինչ տուժողը բերել էր դատարան, ուրիշ էր», - ասում է ամբաստանյալ Գասպարյանը և հավելում, որ դատավորն իր փաստաբանին հնարավորություն չտվեց նույնիսկ դրա մասին նշել:

Համլետի մոր՝ Գեղեցիկ Գասպարյանի խոսքերով նիստից առաջ դատավորի օգնականը Համլետի բարեկամներից հետաքրքրվել էր՝ գալու է լրագրողը, թե ոչ:

«Տպավորությունն այնպիսին էր, որ տուժողը եկավ միայն այն ժամանակ, երբ համոզվեցին, որ լրագրողը չի գալու», - ասում է Գեղեցիկը:

Դատարանում տուժողը, պատասխանելով դատավոր Ա. Մկրտչյանի հարցերին, ասաց, որ շղթան քաշել-պոկել են՝ մոտենալով հետևից: Չնայած այս հանգամանքին՝ նա պնդեց, որ հաջողվել է մթության մեջ տեսնել հափշտակողի դեմքը և հիշել, թե ինչ հագուստ է վերջինս կրել: Ըստ նրա՝ հանցագործի հագին կար մոխրագույն «սառոչկա»:  Սակայն նա չկարողացավ մտաբերել, թե որտեղից և ինչպես են երկու հոգի օգնության հասել, ինչ արտաքին ունեին նրանք և ինչպես նրանցից մեկը հարվածեց ամբաստանյալի դեմքին՝ սա պատճառաբանելով իր «հուզված վիճակով»:  

Հարցաքննության ավարտից անմիջապես հետո Նաիրա Վարդանյանն իր ուղեկցորդուհիների հետ միասին շտապեց հեռանալ դահլիճից: Իսկ պաշտպանական կողմը միջնորդեց հրապարակել Աբովյան փողոցի ՍԱՍ սուպերմարկետի տեսանկարահանող սարքով արված տեսագրությունը, որտեղ երևում է, թե ինչպես է Համլետ Գասպարյանը լիցքավորում հեռախոսը: Դիտման ժամանակ պաշտպանը դատավորի ուշադրությունը հրավիրեց այն հանգամանքի վրա, որ Համլետ Գասպարյանի հագին ոչ թե մոխրագույն վերնաշապիկ էր, ինչպես նշել էր տուժողը դատարանում և ոչ էլ շականակագույն վերնազգեստ, ինչպես նշված է նրա գրավոր ցուցմունքում, այլ սև կիսաթև շապիկ և սպորտային զոլավոր տաբատ, և վերջինս նշված ժամանակահատվածում չէր հասցնի գնալ տուն, փոխել հագուստը ու հայտնվել ենթադրյալ դեպքի վայրում: Մեղադրող կողմը, սակայն, առարկեց՝ նշելով, որ տվյալ ժամանակահատվածը բավարար էր հագուստը փոխելու համար: Հիշեցնենք, որ ըստ ոստիկանության արձանագրության՝ դեպքը տեղի է ունեցել սեպտեմբերի 4-ին, ժամը 20:30-ի սահմաններում, տեսանկարահանումը կատարվել է 19:04-ին:  

Կողմերի միջև դարձյալ թեժ քննարկման առարկա էր բջջային կապի օպերատորների կողմից ալեհավաքների ծածկույթի վերաբերյալ տրամադրած տեղեկատվությունը, որոնց համաձայն` տուժողի, ամբաստանյալի և վկաների բջջային հեռախոսները սպասարկվել են ոչ թե մոտակա՝ Ռուբինյանց, Ռուբինյանց-Սևակ, Շովրոյան 5 և Մոլդովական 1 հասցեներում տեղակայված ալեհավաքների կողմից, ինչը, ըստ պաշտպանական կողմի, պետք է տրամաբանական լիներ, այլ Նորքի տարբեր զանգվածներում տեղակայած ալեհավաքների կողմից: Պաշտպանը դատարանի ուշադրությունը հրավիրեց այս հանգամանքի վրա՝ նշելով, որ գործի մասնակիցների բջջային հեռախոսների վերծանումը վկայում է այն մասին, որ այդ անձանցից ոչ մեկը նշված ժամանակահատվածում դեպքի վայրում չի եղել:

Հանրային պաշտպան Թամարա Բաղդասարյանը մատնանշեց, որ բջջային ալեհավաքների տվյալները շատ հաճախ մեղադրական եզրակացությունների և անձի մեղավորությունը հաստատող դատավճիռների հիմքում դրված հիմնական ապացույցներն են, և այս դեպքում հենց դրանք պետք լինեն մարդու անմեղությունը հաստատող գլխավոր ապացույցները, ուստի նա հորդորեց դատարանին ուշադիր ուսումնասիրել բջջային օպերատորի կողմից տրամադրված տվյալները: Դատախազ Արծրուն Առաքելյանն առարկեց՝ նշելով, որ հեռախոսային կապի օպերատորը չի բացառել, որ դեպքի մասնակիցների հեռախոսները կարող էին սպասարկվել այլ՝ ավելի հեռու տեղակայված ալեհավաքների կողմից: Պաշտպանն իր հերթին շեշտեց, որ բջջային կապի օպերատորը շատ հստակ նշել է, որ բացի նշվածից` այլ ալեհավաքների կողմից տվյալ տարածքում եղած հեռախոսների սպասարկումը «գրեթե անհնար է»:

Դատավոր Մկրտչյանը նկատեց, որ նիստը չի կարող շարունակվել գործով երկու վկաներ Սարգիս Աբրահամյանի և Տարոն Հովհաննիսյանի բացակայության պատճառով:

Պաշտպանական կողմը նկատում է, որ դատավորը նիստը շատ անսպասելի ընդհատեց՝ պաշտպանին հնարավորություն չընձեռելով անդրադառնալ Նաիրա Վարդանյանի հարցաքննության բոլոր մանրամասներին:  

«Ամենակարևոր հանգամանքն այն էր, որ շղթան, որը տուժողը բերել էր իր հետ, փոխված էր, - ասում է Համլետ Գասպարյանը, - գործում նկարագրված է ադամանդյա քարերով կախազարդով ոսկյա շղթա և կան դրա լուսանկարները, բայց այն, ինչ տուժողը բերել էր հետը, ուրիշ էր: Դատավորը անմիջապես անցավ վկաների հարցին, և Թամարան չկարողացավ խոսել դրա մասին»:

Այն հարցին, թե արդյոք դատարանում քննության առարկա դարձել է շղթան պոկելու պատճառով Նաիրա Վարդանյանի պարանոցին առաջացած մարմնական վնասվածքի վերաբերյալ դատաբժշկական եզրակացությունը, փաստաբան Բաղդասարյանը պատասխանեց, որ նիստն ընթացավ ծայրահեղ հապճեպ, և շատ հարցեր մնացին առկախված.

«Դատավորն ուղղակի հարցերս մեկը մյուսի հետևից հանում էր. այնպիսի տպավորություն էր, որ ցանկանում է ինչ-որ մեկին փրկել»:

Նա «Հետքին» ներկայացրեց դատաբժշկական փորձաքննության եզրակացությունը, որի վերջին հատվածը ներկայացնում ենք ձեր ուշադրությանը.

Եզրակացություն. «Քաղ. Նաիրա Վլադիկի Վարդանյանի մոտ, փորձաքննության պահին, վաղեմության դեպքին համապատասխանող մարմնական վնասվածքների օբյեկտիվ հատկանիշներ չեն հայտնաբերվել»:

Ըստ գործի նյութերի` տուժողի պարանոցից պոկվել է 20 գրամ ծանրությամբ շղթա:

«Քաշել-պոկելուց տուժողի պարանոցին պետք է հետքեր մնային՝ կապտուկներ կամ քերծվածքներ, - ասում է Բաղդասարյանը, - բայց, ինչպես տեսնում եք, դրանք չկան»:   

Դատական նիստից հետո Համլետի մայրը ծայրահեղ հուզված էր: Նրան նիստի ժամանակ տեղից անընդհատ մեկնաբանություններ անելու համար դատարանի դալիճից դուրս էին հրավիրել:

«Չէի կարողանում ինձ տիրապետել, խելագարվում եմ. անմեղ երեխեն գնա նստի սուտ ցուցումքների պատճառով, - ասում է Գեղեցիկը, - մեղավոր լիներ, թող պատիժ կրեր, բայց որ անմեղ է ու սա դեռ շարունակվում է, ո՞նց հանգստանամ»:

Հաջորդ նիստը տեղի կունենա ապրիլի 17-ին, ժամը՝ 11:00-ին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter