HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

Ի՞նչի հիման վրա է ՄԻԵԴ-ը մերժել Շիրխանյանի դիմումը. փաստաբանի ու նախարարության պարզաբանումները հակասում են միմյանց

Եվրոպական դատարանը մերժել է «Նորքի զինված խմբի» գործով կալանավոր, պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանի դիմումը՝ իր նկատմամբ միջանկյալ միջոց կիրառելու վերաբերյալ: Այս մասին այսօր տեղեկացրել է արդարադատության նախարարությունը:

Մարդու իրավունքների եվրոպական դատարանի Կանոնագրքի 39-րդ կանոնի համաձայն՝ միջանկյալ  միջոցներ ձեռնարկվում են այն գործերով, որոնցով առկա է հիմնավոր ռիսկ ծանր և անդառնալի վնասի պատճառման վերաբերյալ:

Տվյալ դեպքում Շիրխանյանը դիմել էր ՄԻԵԴ՝ խնդրելով, որ դատարանը Հայաստանի կառավարությանը կարգադրի մինչև իրենց կողմից ՄԻԵԴ ներկայացված գանգատի վերջնական լուծումն իրեն տեղափոխել քաղաքացիական հիվանդանոց՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ, ըստ դիմումատուի, իր առողջական վիճակը կտրուկ վատացել է:

Եվրոպական դատարանը 2017 թվականի փետրվարի 9-ին ծանուցել էր կառավարությանը՝ պահանջելով ներկայացնել Վահան Շիրխանյանին տրամադրված բժշկական օգնությանը և սպասարկմանը վերաբերող փաստաթղթերի պատճենները:

Արդյունքում, 2017 թվականի մարտի 24-ին Եվրոպական դատարանը, ուսումնասիրելով Շիրխանյանի և կառավարության կողմից ներկայացված նյութերը՝ փաստորեն, որոշել է մերժել Շիրխանյանի խնդրանքը:

«Հետք»-ի հետ զրույցում Վահան Շիրխանյանի փաստաբան Հայկ Ալումյան նշեց, որ Եվրոպական դատարանը որոշել է չկիրառել միջանկյալ միջոց, քանի որ մինչև եվրոպական դատարանի կողմից որոշում կայացնելը Կառավարությունն արդեն իսկ Շիրխանյանին տեղափոխել էր հիվանդանոց:

«Կառավարությունն ինքն իր նախաձեռնությամբ արեց, որպեսզի եվրոպական դատարանին հիմք չտա նման բան կարգադրել»,- կարծիք հայտնեց Հայկ Ալումյանը` հավելելով, որ ՄԻԵԴ այս որոշումը որևէ կերպ չի թուլացնում իրենց կողմից Շիրխանյանի նկատմամբ վատ վերաբերմունքի և ապօրինի ազատազրկման վերաբերյալ գանգատի հիմքերը:

Հիշեցնենք, որ Շիրխանյանը բուժման և հետազոտման նպատակով քաղաքացիական հիվանդանոց էր տեղափոխվել փետրվարի 23-ին:

Արդարադատության նախարարության տեղեկատվության և հասարակաայնության հետ կապերի վարչությունից, ի պատասխան մեր հարցման, հայտնեցին, որ Շիրխանյանի վերաբերյալ կառավարության դիրքորոշումը՝ կից բժշկական փաստաթղթերով ՄԻԵԴ ուղարկվել է 2017թ. փետրվարի 22-ին, իսկ Վ.Շիրխանյանի հերթական տեղափոխումը քաղաքացիական հիվանդանոց կատարվել է փետրվարի 23-ին:

«Հետևաբար  այդ տեղափոխման շրջանակներում կատարված հետազոտությունների և բուժսպասարկմանը վերաբերող փաստաթղթերը չէին կարող ուղարկվել ՄԻԵԴ»,- ասված է արդարադատության նախարարության պարզաբանման մեջ:

Նախարարությունը նշում է, որ Շիրխանյանին քաղաքացիական հիվանդանոց տեղափոխելը կրել է պարբերական բնույթ և որևէ առնչություն չի ունեցել ու չէր կարող ունենալ ՄԻԵԴ հնարավոր որոշման հետ, ինչպես նաև հավելում, որ կախված Շիրխանյանի առողջական վիճակից՝ հետագայում ևս չի բացառվում պլանային բուժումներ կամ հետազոտություններ անցկացնելու նպատակով նրան քաղաքացիական հիվանդանոց տեղափոխելու հնարավորությունը»:

Այսինքն, ըստ նախարարության պարզաբանման, Շիրխանյանի դիմումը մերժվել է ոչ թե նրան փետրվարի 23-ին հիվանդանոց տեղափոխելու և դրա վերաբերյալ համապատասխան փաստաթղթերի, այլ ավելի վաղ առկա և ՄԻԵԴ ուղարկված փաստաթղթերի ուսումնասիրման արդյունքում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter