Շաբաթ, 22 սեպտեմբերի

3 տարեկան երեխայի խնամակալության վերաբերյալ դատավոր Մելքումյանը երկրորդ վճիռն է կայացրել՝ անտեսելով օրինական ուժի մեջ մտած առաջին վճիռը



Անահիտ Սարգսյանը դեռևս 2015 թվականին դատարանով ամրագրել է 3 տարեկան որդու նկատմամբ խնամակալությունը և ամուսնու հետ բաժանումից հետո որդու՝ իր հետ բնակվելու իրավունքը: Սակայն նույն դատարանի մեկ այլ դատավոր, նույն հարցի վերաբերյալ այս տարվա մարտի սկզբին բոլորովին այլ վճիռ է  կայացրել:

Ամուսիններ Անահիտ Սարգսյանը և իրանահայ Վանանդ Անդրեասյան Ազարարգիթին տարաձայնություններ են ունեցել ամուսանական կյանքում: Անահիտ Սարգսյանը վերցրել է իր 1 տարեկան երեխային և վերադարձել հայրական տուն: Այնուհետև, սկսել է հարևանությամբ գտնվող իր բնակարանում որդու հետ առանձին ապրել:

Ամուսինը փորձ է արել վերցնել երեխային մորից: Դրա համար Վանանդ Անդրեասյան Ազարարգիթին 2015-ի ապրիլի 1-ին դիմել է Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարան՝ երեխայի խնամակալությունն իրեն հանձնելու և նրա բնակության վայրը ըստ հոր բնակության վայրի սահմանելու պահանջով:

Ապրիլի 9-ին էլ Անահիտ Սարգսյանն է դիմել նույն դատարան՝ ամուսնությունը լուծելու, 100 հազար դրամ ալիմենտ բռնագանձելու և իրեն պատկանող ոսկեղենը վերադարձնելու պահանջով: Վանանդ Անդրեասյանն էլ  դատավոր Արայիկ Մելքումյանի վարույթում հակընդդեմ հայց է ներկայացրել` երեխայի խնամքն իրեն հանձնելու և ըստ իր բնակության վայրի սահմանելու, ինչպես նաև Անահիտից ալիմենտ բռնագանձելու պահանջով: 

Երկու դատավոր՝ Ալեքսեյ Սուքոյանն ու Արայիկ Մելքումյանը երկու տարբեր հայցերը վարույթ են ընդունել: Եվ Ա. Սուքոյանը սկսել է գործը քննել:  Արայիկ Մելքոնյանը կասեցրել է գործի քննությունը՝ մինչ Սուքոյանի վարույթում քննվող գործի հանգուցալուծումը:

Սուքոյանի վարույթում քննվող գործով Անահիտ Սարգսյանը հակընդդեմ հայց է ներկայացրել երեխայի խնամքն իրեն հանձնելու և ըստ իր բնակության վայրի սահմանելու պահանջով: Եվ գործն ըստ էության առաջինը քննվել է այս վարույթում:

Վանանդ Անդրեասյան Ազարարգիթին դատարանին որպես հիմք ներկայացրել է իր՝ ավելի բարձր աշխատավարձը, Վահագնի թաղամասում գտնվող տան նկատմամբ ¼ մասով սեփականության իրավունքը և երեխայի խնամքն իր ծնողների միջոցով ավելի լավ կազմակերպելու հնարավորությունները:

Անահիտ Սարգսյանն էլ ներկայացրել է, որ տնից կարողանում է երկու տեղ աշխատել, ընդ որում՝ երեխայի քնելու ժամերին, ապրում է Երևանի Աբովյան փողոցի իրեն պատկանող բնակարանում, որը վերանորոգված ու կահավորված է: Դասավանդում է Ֆրանսիական համալսարանում և ստանում է նաև եկամուտ մի ընկերությունից, որում շահաբաժին ունի: Բացի դրանից, երեխան շատ կապված է իր հետ, քնում է իր ներկայությամբ, բացակայությունից՝ լաց է լինում, իսկ հարևանությամբ ապրում են ծնողները, որոնք անհրաժեշտության դեպքում կարող են օգնել երեխայի խնամքի հարցում:

2015 թվականի հոկտեմբերին դատավոր Ա.Սուքոյանը բավարարել է Անահիտ Սարգսյանի հակընդդեմ հայցը և երեխայի խնամքը հանձնել նրան՝ բնակության վայրը սահմանելով ըստ մոր բնակության վայրի՝ նշելով նաև, որ այդ հանգամանքը չի զրկում հորն իր կողմից ծնողական իրավունքների իրականացման հնարավորություններից: Դատարանն արձանագրել է, որ երեխան դեռևս մանկահասակ է և հատուկ խնամքի և հոգածության անհրաժեշտություն ունի: Բացի դրանից, գործով ձեռք բերված հայտարարությունները թույլ են տվել դատարանին համոզմունք ձևավորել, որ Անահիտ Սարգսյանը բարոյական և անձնական դրական հատկանիշներ ունի: Դատարանը կարևորել է երկու տարեկան երեխայի կապվածությունը մոր հետ, հատուկ խնամքի և հոգածության անհրաժեշտությունը, գույքային և ընտանեկան դրությունը:

Դատարանը հաշվի է առել նաև Երևանի Աջափնյակ վարչական շրջանի խնամակալության և հոգաբարձության մարմնի եզրակացությունը, որը կատարել է կյանքի և կենսապայմանների հետազոտություն և առաջարկել է դատարանին երեխայի բնակության վայրը սահմանել մոր բնակության վայրով:

Սուքոյանի վճիռը երկու վերադաս ատյաններում բողոքարկվելուց հետո օրինական ուժի մեջ է մտել, իսկ Արայիկ Մելքումյանը վեց անգամ գործի քննությունը վերսկսելուց հետո այս տարվա մարտի 2-ին այս գործի նույն դրվագով ևս մեկ և այլ բովանդակությամբ վճիռ է կայացրել:

Դատավոր Մելքումյանը նախ լուծել է Անահիտ Սարգսյանի և Վանանդ Անդրեասյան Ազարարգիթիի ամուսնությունը: Փոխարենը երեխայի բնակության վայրը, ըստ հոր հակընդդեմ հայցի պահանջի, սահմանել է ըստ Վանանդ Անդրեասյան Ազարարգիթիի բնակության վայրի: Մորն էլ պարտավորեցրել է ալիմենտ վճարել՝ Անահիտ Սարգսյանի աշխատավարձի ¼-ի չափով:

Արայիկ Մելքումյանը, վերաքննիչ դատարանի կամ թե Սահամանդրական դատարանի լիազորություններ է ստանձնել և հետևյալ եզրակացությունն արձանագրել, որ երկու քաղաքացիական գործով «կողմերը նույնանում են, միևնույն ժամանակ նույնանում է հայցի առարկան, այն է՝ երեխայի բնակության վայրը սահմանելը, սակայն սույն քաղաքացիական գործերով չեն նույնանում հիմքերը, մասնավորապես՝ երեխայի տարիքը, ԵԿԴ1304/02/15 (Սուքոյանի գործով վարույթը-հեղ.) քաղաքացիական գործով դատական ակտը կայացել է դեռևս 09.10.2015-ին, երբ երեխան մոտ 2 տարեկան էր, այսինքն՝ երեխայի հատուկ խնամքի անհրաժեշտությունը՝ պայմանավորված երեխայի տարիքի հետ, վերացել է, քանի որ երեխան արդեն շատ գործողություններ ինքնուրույն  է կատարում…»:

Դատավորը հիմնավոր է համարել հոր պահանջը հետևյալ պատճառաբանությամբ` երեխան արդեն գրեթե երեք ու կես տարեկան է, այսինքն` երեխան այլևս կրծքով չի կերակրվում, շատ գործողություններ կատարում է ինքնուրույն:

«Ուսումնասիրելով գործով ներկայացված լուսանկարները՝ երևում է, թե ինչպիսի բնակարանային պայմաններ ունեն կողմերը, մասնավորապես` քաղաք Երևան, Վահագնի թաղամաս, Մեղրի 8 հասցեում գտնվող առանձնատունն ավելի մեծ է, ունի մեծ բակ, որտեղ երեխան կարող է խաղալ, քաղաքի կենտրոնից ավելի հեռու է գտնվում, նշված տարածքն ավելի քիչ է բնակեցված, մեքենաները ավելի քիչ են, հետևապես օդը համեմատաբար ավել քիչ աղտոտված է, մինչդեռ Անահիտ Սարգսյանի բնակարանը գտնվում է քաղաքի կենտրոնում, որտեղ օդն ավելի աղտոտված է, այն շատ ավելի փոքր է, բնակարանի պատուհանները բավականին ցածր են տեղադրված, ինչը նշանակում է, որ երեխան կարող է պատուհանները բացել, բարձրանալ պատուհանագոգին և վայր ընկնել, այսնքն` Վանանդ Անդրեասյանի բնակարանային պայմանները ավելի բարեկեցիկ են և անվտանգ»,- արձանագրել է դատավոր Մելքումյանը:

Նա միևնույն ժամանակ անտեսել է այն հանգամանքը, որ հայրը այդ տանը ¼ մասնաբաժին ունի, իսկ դատապրոցեսի ընթացքում տունը վաճառքի էր հանված:

«Դատավորի համար մոր վեհ գաղափարը սահմանափակվում է երեխային կուրծք տալով: Իսկ իմ երեք սենյականոց բնակարանը կենտրոնում բավարար չէ երեխային խնամելու համար: Դատավարության ընթացքում և չի բացառվում որ այժմ նույնպես, Վահագնի թաղամասի առանձնատունը դրված է եղել վաճառքի: Երեխային վերցնում են մորից, որն ամբողջ օրն անցկացնում է իր երեխայի հետ, և աշխատում է, երբ երեխան քնած է, և հանձնում են հորը, ով աշխատում է առավոտից երեկո և գրեթե չի շփվելու երխայի հետ: Փաստորեն, դատավորը որոշել է երեխային հանձնել հոր մեծահասակ (60 անց) ծնողներին և տան աշխատողի խնամքին»,- ասում է Անահիտ Սարգսյանը:

Այսպիսով, Հայաստանի առաջին ատյանի դատարանը, նույն հարցի վերաբերյալ երկու տարբեր վճիռ է կայացրել: Անահիտ Սարգսյանի փաստաբան Արամազդ Կիվիրյանը դատավոր Մելքումյանի այս վճիռը անհեթեթ է որակում: Ասում է, որ դատավոր Մելքումյանը հայցի այդ մասով պետք է կարճեր գործի վարույթը` արդեն իսկ օրինական ուժի մեջ մտած վճռի առկայության հիմքով և վճիռ կայացներ մնացած պահանջների մասով:

«Երեխայի բնակության վայրը միշտ էլ սահմանվում է մոր բնակության վայրով, որովհետև կապվածությունը մոր հետ ավելի շատ է` հոգատարության, ուշադրության առումով: Հոգաբարձության խորհուրդն էլ նման եզրակացություն է տվել, և փորձն էլ այդպիսին է, եթե չկան այլ գլոբալ խոչընդոտներ կամ հանգամանքներ, երեխան մոր հետ է մնում: Սա այն գործերից է, երբ կողմերի շահը չպետք է հաշվի առնվի, այլ հաշվի է առնվում երեխայի շահը` ում հետ է իրապես նպատակահարմար, որ երեխան բնակվի»,- նշում է փաստաբանը:

Արայիկ Մելքումյանն անտեսել է այս հանգամանքները, ինչպես նաև հոգաբարձուների խորհրդի եզրակացությունը: Փոխարենը հաշվի է առել Կենտրոնի հոգաբարձության հանձնաժողովի եզրակացությունը, որտեղ նշվել է, որ երեխան կարող է ապրել ինչպես մոր, այնպես էլ հոր հետ:  

«Դատարանը նշել է, որ մայրը ապրում է Կենտրոնում, որտեղ օդն ավելի կեղտոտված է: Հայրն ապրում է Վահագնի թաղամասում: Բացի այդ, նկարներով նայել է, որ Կենտրոնի տան պատուհաններն ավելի ցածր են, և երեխան կարող է պատուհանը բացել, և դեպք պատահի: Բնակարանով չէ, որ որոշվում է, թե երեխանան ծնողներից ում հետ պետք է ապրի: Երեխայի բնակության վայրը պետք է որոշվի` հաշվի առնելով երեխայի բնականոն զարգացվածությունը, հոգեբանական վիճակը, երեխային վերաբերող հանգամանքները»,- ավելացնում է փաստաբանը:

Փաստաբան Կիվիրյանն այստեղ կոռուպցիոն գործոն է տեսնում, քանի որ իրավական տեսակետից որևէ հիմնավոր պատճառաբանություն չկա:

«Այս վեճը գույքային չէ, սեղանին դրված է երեխայի հարցը, երեխայի կյանքի հարցը: Որևէ մեկը չի կարող երաշխավորել, թե ինչպիսի սթրեսային վիճակում կհայտնվի երեխան, եթե հարկադիր կարգով ու բռնի ուժով մորից կտրեն և տան հորը, այն էլ` առանց որևէ հիմնավոր պատճառաբանության: Օրինակ` հիմնավորումը, որ կենտրոնում օդն ավելի կեղտոտված է, քան Վահագնի թաղամասում, կներեք, բայց դա պատճառաբանություն չէ: Էլ չեմ ասում, որ Վահագնի թաղամասի տունը հանված է վաճառքի, և Վանանդն էլ այնտեղ ընդամենը ¼-ի սեփականատերն է»,- ասում է Արամազդ Կիվիրյանը:

Դատավոր Մելքումյանը նաև հայցի ապահովման միջոց է կիրառել` սահմանելով հոր և որդու տեսակցությունների գրաֆիկ: Հայցի ապահովման այս միջոցը, ըստ փաստաբանի, նույնպես իրավաչափ չէ, քանզի դատարանն ի սկզբանե որոշում է կայացրել տեսակցության կարգի վերաբերյալ, մինչդեռ տեսակցության կարգն առանձին հայցապահանջ պետք է լիներ: Եվ հայցի ապահովման միջոց, ըստ Քաղաքացիական օրենսգրքի, որոշակի գործողություններ արգելելն է սահմանում, այլ ոչ թե պարտավորեցնելը: Եվ ստացվել է, որ դատարանը տեսակցության կարգի վերաբերյալ վճիռ է կայացրել` հայցի ապահովման միջոցով:

Այդուհանդերձ, համաձայն ԴԱՀԿԾ կազմած գրությունների, երեխան սահմանված կարգով հանդիպում և շփվում է ինչպես հոր, այնպես էլ տատի ու պապի հետ:

Արայիկ Մելքումյանի կայացրած վճիռը Անահիտ Սարգսյանը և փաստաբանը պատրաստվում են բողոքարկել: Վճռի բողոքարկումը, փաստաբանի խոսքով, կարևոր է նաև իրավունքի տեսակետից, քանզի նույն հարցի վերաբերյալ երկու դատական ակտ չի կարող լինել, և երկու օրինական ուժի մեջ մտած վճիռների միջև բախում տեղի կունենա:

«Երեխայի ապագան մանրադրամ է դարձել որոշ անձանց ձեռքերում: Սա գույքային պահանջ չի, խոսքը վերաբերում է երեխային: Եթե դատարաններն այսօր գնացել են այն ճանապարհով, որ երեխայի ճակատագրի հետ կարող են խաղալ, դա իրականում շատ մտավախեցնող է»,- ասում է փաստաբանը:

Նշենք նաև, որ Վանանդ Անդրեասյան Ազարարգիթին հրաժարվել է ՀՀ քաղաքացիությունից և Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի է:

Վանանդ Անդրեասյանին զանգահարեցինք, որպեսզի նաև նրա տեսակետը և հիմնավորումները լսենք: Ասաց՝ նախընտրում է հանդիպել: Քիչ անց զանգահարեց և ասաց, որ զբաղված է, աշխատանքի վայրում է՝ ոչ հեռախոսով կարող է խոսել, ոչ էլ հանդիպման համար ժամանակ ունի: 


Գլխավոր էջ



Մեկնաբանություններ (1)
1. Ադամյան Լուսինե04:39 - 1 ապրիլի, 2017
Ատում եմ ծախված դատավորներին
Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ