
Երեք ընկերությունների ԱԱՀ-ի վճարի հետաձգման արտոնություն տրվեց
Կառավարությունն այսօրվա նիստում բավարարեց տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանի որոշման նախագծերը և արտոնություն տվեց 3 ընկերությունների։ Մասնավորապես՝ «Հանրային հեռուստաընկերություն»-ը ներդրումային ծրագրի շրջանակներում 2017 թվականի մայիսի 15-ից մինչև դեկտեմբերի 31-ը կներմուծի ապրանքեր՝ ավելացված արժեքի հարկի վճարը երեք տարի հետո վճարելով։
Ընկերությունը ներդրումային ծրագրի շրջանակներում նախատեսում է իրականացնել տեխնիկական վերազինման աշխատանքներ, ինչը, ըստ իրենց, հնարավորություն կտա բարձրացնելու նկարահանվող հաղորդումների տեսային և ձայնային որակները, ապահովելու ուղիղ միացումների անխափան աշխատանքը, իրականացնելու առկա շարժական հեռուստակայաններից մեկի տեխնիկական վերազինում և այլն։Վերազինման աշխատանքների իրականացման նպատակով նախատեսվում է ներդրումներ կատարել շուրջ 268,3 մլն դրամի չափով։
«Ռուսալ Արմենալ» ՓԲԸ-ն ևս, օգտվելով նույն արտոնությունից, նույն ժամանակահատվածում հանրապետություն կներկրի ապրանքներ՝ ԱԱՀ-ն երեք տարի հետո վճարելով։ Ինչպես նշվել է որոշման նախագծում՝ ընկերությունը Primetals Technologies Limited էլեկտրոստատիկ պատման համակարգի տեղադրման շնորհիվ կավելացնի աստիճանական արտադրության հզորությունները և կընդլայնի ապրանքային արտադրանքի անվանացանկը: Այս ընկերությունն էլ նախատեսում է ներդրել շուրջ 423 մլն դրամ։
«Նանման» ընկերությունը ևս ստացավ նույն արտոնությունը: Այն մարտի 31-ից մինչև դեկտեմբերի 31-ը կներկրի իտալական ժամանակակից սարքավորումներ։ Ընկերությունը ներդրումային ծրագրի շրջանակներում նախատեսում է արդիականացնել և ընդլայնել արդեն իսկ գործող կարի արտադրամասը՝ կատարելով շուրջ 20 մլն դրամի ներդրում:
Հիշեցնենք, որ «Նանման» ընկերությանը հունվարի19-ին ևս թույլատրվել է օգտվել ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումները, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերը, հումքը և նյութերը մաքսատուրքից ազատելու արտոնությունից: Այս ընկերությանը մաքսատուրքից ազատվելու ևս մեկ արտանություն ստացել էր նաև 2016 թ. սեպտեմբերի15-ի կառավարության նիստին։ Այն ժամանակ ևս ընկերությունը նախատեսում էր Չինաստանից ներմուծել ջինսե գործվածք։
Մեկնաբանել