HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Ծաղկալանջում ուրախացել էին, որ Առաքել Մովսիսյանը ասֆալտապատելու է ճանապարհը, բայց թեկնածուին «խանգարել» են

Ազգային ժողովի ընտրությունների քարոզարշավի ավարտին մնացել է մոտ 2 օր: Անցած օրերի ընթացքում Արմավիրի մարզում առաջադրված տարածքային թեկնածուներից ամենաշատն աչքի է ընկել ՀՀԿ-ական թեկնածու Առաքել Մովսիսյանը: Ակտիվությունը դրսևորվել է ոչ քարոզարշավի բովանդակությամբ, այլ խոստումներով և ընտրողներին շահագրգռելով:

Գործող պատգամավոր, պատգամավորի թեկնածու Առաքել Մովսիսյանի միջոցներով վերանորոգվել են համայնքային և մարզային նշանակության մի շարք ճանապարհներ: Այս օրերին փոսալցման աշխատանքներ են կատարվում Աղավնատուն և Դողս տանող ճանապարհների վրա, իսկ օրեր առաջ ամբողջությամբ ասֆալտապատվել է Հովտամեջ-Ծիածան համայնքների արանքում գտնվող մարզային նշանակության ավտոճանապարհը:

Համայնքապետերն իմանալով, թե ով է իրականացրել վերանորոգման աշխատանքները, հրաժարվեցն անուններ տալ, ասելով, թե տեղյակ չեն: Մասնավորապես՝ Ծիածանի համայնքապետ Վաչիկ Գրիգորյանն ասաց, որ «տեղյակ չէ, թե ինչ միջոցներով է արվել»:

«Մեր համայնքային բյուջեով չի արվել: Մեր բյուջեն այնքան մեծ չի, որ կարողանանք ասֆալտապատում անենք: Հազիվ մեր փողոցներն ենք սարքում»,-ասաց Վաչիկ Գրիգորյանը:

Արմավիրի մարզպետարանից ևս պատասխանեցին, որ այդ ճանապարհը պետական միջոցներով չի վերանորոգվել:

Առաքել Մովսիսյանը ճանապարհ վերանորոգելու խոստում տվել էր նաև մարզի Ծաղկալանջ համայնքում: «Հենց հիմա զանգեք, կանչեք ստեղ էդ գյադուն՝ ասֆալտ անողին…Սաղ գյուղին հավաքեք թող ինձ ձեն տան, բայց մինչև ձեն տալը դուք կտենաք արդյունքը»,-ասել էր Առաքել Մովսիսյանը։ 

Մամուլի հրապարակումներից հետո Կենտրոնական ընտրական հանձնաժողովը տեղեկացրեց, որ Ծաղկալանջի բնակիչների հետ հանդիպման ժամանակ Ա. Մովսիսյանը խախտել է Ընտրական օրենսգրքի 19-րդ հոդվածի 6-րդ մասի պահանջները, այն է՝ «Նախընտրական քարոզչության ժամանակ, ինչպես նաև քվեարկության նախորդ և քվեարկության օրը թեկնածուներին, ընտրություններին մասնակցող կուսակցություններին արգելվում է անձամբ կամ նրանց անունից կամ որևէ այլ եղանակով ընտրողներին անհատույց կամ արտոնյալ պայմաններով տալ (խոստանալ) դրամ, սննդամթերք, արժեթղթեր, ապրանքներ կամ մատուցել (խոստանալ) ծառայություններ:

Այն բարեգործական կազմակերպությունները, որոնց անվանումները կարող են նմանեցվել (ասոցացվել) ընտրություններին մասնակցող կուսակցությունների անվանումներին, թեկնածուների անուններին, նախընտրական քարոզչության ժամանակ բարեգործություն չեն կարող իրականացնել այն համայնքներում, որտեղ անցկացվում են ընտրություններ, որոնց մասնակցում են այդ թեկնածուները, կուսակցությունները կամ նրանց առաջադրած թեկնածուները»

Ծաղկալանջում այս օրերին իրականացվում էր ճանապարհների վերանորոգման աշխատանքներ: Համայնքապետ Մանվել Մկրտչյանից հետաքրքրվեցինք, թե ինչ միջոցներով են իրականացվում շինաշխատանքները:

«Մենք շատ, շատ, շատ լավ էինք զգում, որ գոնե մի հոգի խոստացավ, որ պիտի աներ, ուղղակի այնքան կողքից խանգարեցին, որ այդ մարդը չարեց»,-ասաց համայնքապետը՝ հավելելով, որ խոսքը Առաքել Մովսիսյանի մասին է:

Մանվել Մկրտչյանը նշեց, որ համագյուղացիներից մեկը, ով գտնվում է Ռուսաստանում, ֆինանսավորել է և ճանապարհների վերանորոգման աշխատանքներն իրականացել է:

«Առաքել Մովսիսյանը չի արել»,-ասաց Մկրտչյանը:

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter