HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գագիկ Աղբալյան

Մամուլի և լրագրողների խնդիրները նախընտրական ծրագրերում

Ապրիլի 2-ի խորհրդարանական ընտրություններում առաջադրված 9 քաղաքական ուժերի մի փոքր մասն է միայն իր նախընտրական ծրագրում անդրադարձել մեդիային, լրատվամիջոցների գործունեությունը կարգավորող օրենսդրությանը, ինչու ոչ՝ նաև լրագրողների իրավունքներին ու սոցիալական պայմաններին:

Օրինակ ՀԱԿ-ՀԺԿ դաշինքը ծրագրի դրույթներից մեկում ձևակերպել է, որ իր՝ իշխանության գալուց հետո խոստանում է անցկացնել ազատ և արդար ընտրություններ, հաստատել զուտ համամասնական (առանց վարկանիշային քվեարկության) ընտրակարգ, բավարարել ընտրությունների դիտորդական վերահսկողության և լրագրողական լուսաբանման համար անհրաժեշտ քաղաքացիական հասարակության բոլոր պահանջները։

«Ելք» դաշինքն առանձին կետով չի անդրադարձել մեդիային: Պարզապես նախընտրական ծրագրի վերջում գրել է, որ ծրագիրը սպառիչ չէ, և դաշինքն իր համար ծրագրային է համարում Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով, ՀՀ Սահմանադրության ոչ փոփոխելի հոդվածներով հռչակված դրույթները՝ դրանցից բխող արժեքները և նպատակները:

Իհարկե, այս ձևակերպման տակ կարելի է հասկանալ ամեն ինչ, բայցև, միևնույն ժամանակ, ոչինչ:

Իսկ ահա Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան դաշինքը մի ամբողջ գլուխ է նվիրել լրատվամիջոցներին:

ՕՐՕ դաշինքն առաջարկում է պարբերական մամուլն ազատել ավելացված արժեքի հարկից. «Նկատի ունենալով Հայաստանի պարբերական մամուլի եւ գրահրատարակչության փոքր տպաքանակներն ու ցածր շահութաբերությունը, ինչպեսև Հայաստանում բնակվող մյուս ազգությունների մշակույթի զարգացման անհրաժեշտությունը՝ պարբերական մամուլն ու գրահրատարակչությունն ազատել ավելացված արժեքի հարկից»:

Ծրագրի 14-րդ կետով առաջարկվում է «Հեռուստատեսության և ռադիոյի մասին», «Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքներում փոփոխություններ կատարել: Մեջբերենք մի հատված. «Ազատ լրատվամիջոցները չափազանց կարևոր դեր են կատարում երկրում քաղաքացիական արժեքների ամրապնդման հարցում:

ԶԼՄ-ն՝ որպես չորրորդ իշխանություն, զսպող դեր է կատարում թե՛ իշխանությունների, թե՛ այլ շրջանակների համար։ Ազատ լրատվամիջոցների ձևավորման հիմքում տնտեսական ժողովրդավարությունն է: Մինչ տնտեսական դաշտի լիարժեք առողջացումը պետք է ստեղծել լրատվամիջոցների աջակցության անկախ հիմնադրամներ։

Անհրաժեշտ է նաեւ փոփոխել «Հեռուստատեսության և ռադիոյի մասին», «Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքները, դրանք համապատասխանեցնել Եվրոպայի խորհրդի չափանիշներին ու հեռարձակման ոլորտի բարելավմանը ներկայացվող պահանջներին` մասնավորապես լուծումներ տալով հետևյալ սկզբունքային խնդիրներին՝ պետական հեռարձակման իրական փոխարինում հանրայինով, Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի կազմի հասարակական-քաղաքական բազմազանություն և դրա կողմից ընդունվող որոշումների թափանցիկություն, հեռուստառադիոընկերությունների աշխատանքը կարգավորող մարմինների անկախություն պետական կամ քաղաքական որևէ կառույցից, հանրային հեռուստատեսությամբ առևտրային գովազդի բացառում, օրենքով սահմանված պատժամիջոցների աստիճանական տարբերակում, հեռուստառադիոհեռարձակման կապուղիների համար մրցույթների թափանցիկություն և արտոնագրման չափանիշների հստակեցում»:

Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան դաշինքը նաև նախատեսում է բարձրացնել լրագրողների սոցիալական և իրավական պաշտպանվածության մակարդակը, կանխել և բացահայտել նրանց դեմ կատարվող ոտնձգություններն ու հետապնդումները, այդ թվում` քրեական, վերացնել գրաքննությունն ու ինքնագրաքննությունը տեղեկատվական դաշտում ազատ, արհեստավարժ մրցակցության պայմաններ ստեղծելու ճանապարհով:

Մամուլի և խոսքի ազատության, լրագրողների մասին խոսք չկա «Ազատ դեմոկրատների», «Ծառուկյան» դաշինքի, ՀՀԿ-ի, Հայաստանի կոմունիստական կուսակցության, Դաշնակցության և «Հայկական վերածնունդ» կուսակցության ծրագրերում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter