HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

Դաշնակցական նախարարն ու թեկնածուն բնակարան ունի Ֆրանսիայի Լազուր ափին

Կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանը յուրահատուկ ցուցանիշ է գրանցել իր կարիերայի ընթացքում: Դաշնակցական գործիչը 4 անգամ նշանակվել է ԿԳ նախարար:

Առաջին անգամը եղել է 1998-1999 թթ.՝ Ռոբերտ Քոչարյանի նախագահության առաջին տարիներին: Դրանից հետո նա դարձել է վարչապետի խորհրդական, ապա փոխարտգործնախարար: 2001-2003-ին Մկրտչյանը կրկին նշանակվել է կրթության եւ գիտության նախարարի պաշտոնում: 2003-ին Մկրտչյանը պատգամավոր է ընտրվել ՀՅԴ-ից, սակայն 3 տարի անց կրկին տեղափոխվել է գործադիր: Բնականաբար, նորից ԿԳ նախարար է դարձել ու պաշտոնավորել մինչեւ 2008 թ.: Այնուհետեւ ԵՊՀ-ում պատմություն է դասավանդել եւ 2016-ի փետրվարի 24-ին կրկին դարձել ԿԳ նախարար:

Ապրիլի 2-ին կայանալիք ԱԺ ընտրություններին Լ. Մկրտչյանը զբաղեցնում է ՀՅԴ համապետական ցուցակի 5-րդ հորիզոնականը: Նախարար թեկնածուն հաշվառված է Երեւանի Տերյան 66 նորակառույց շենքում, որտեղ բազմաթիվ այլ պաշտոնյաներ ու նրանց հարազատներ են բնակվում:

ԿԸՀ-ին ներկայացրած իր հայտարարագրում Լեւոն Մկրտչյանը իբրեւ շարժական գույք նշել է 2011 թ. արտադրության «Lexus RX 350» ավտոմեքենան, որը նա ուներ մինչեւ նախարար դառնալը (այս մասին իմանում ենք պաշտոնը ստանձնելիս ՀՀ բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին ներկայացրած հայտարարագրից): Պատգամավորության թեկնածուն, ըստ փաստաթղթերի, չունի 8 մլն դրամը գերազանցող արժեքով գույք:

2016-ի փետրվարից մինչեւ 2017-ի փետրվար Լ. Մկրտչյանը եկամուտ է ստացել տարբեր տեղերից: Այսպես՝ աշխատավարձ ԵՊՀ-ից, որտեղ դասավանդում է (ընդհանուր մոտ 708 հազար դրամ), ԿԳ նախարարի աշխատավարձը (5,6 մլն դրամ), «ԱԿԲԱ-Կրեդիտ Ագրիկոլ» բանկից ստացել է փոխառության տոկոս (488 հազ. դրամ), ինչպես նաեւ վարձակալության 7183 եվրո գումար ֆրանսիական «Société Générale» ֆինանսաբանկային ընկերությունից:

Հաշվետու ժամանակահատվածում ԿԳ նախարարը նաեւ շահաբաժիններ է ստացել «Իզոտոպ Դելտա» ՍՊԸ-ից (9,1 մլն դրամ), «Նետրինո» ՓԲԸ-ից (23,5 մլն դրամ) եւ «Այուդա-Լոս» ՍՊԸ-ից (15,9 մլն դրամ): Այս ընկերություններից առաջին երկուսը գրանցված են Արցախի Հանրապետությունում, իսկ երրորդը՝ ՀՀ-ում: Բոլորի գործունեությունն էլ նույնն է՝ էլեկտրաէներգիայի արտադրություն հէկերում: Ավելի պարզ ասենք, որ 3 ընկերություններն էլ շահագործում են փոքր հէկեր Հայաստանում ու Արցախում:

Մասնավորապես, «Իզոտոպ Դելտա» եւ «Նետրինո» ընկերություններն Արցախի Քաշաթաղի շրջանում շահագործում են համապատասխանաբար «Սյունիք-1» եւ «Սյունիք-4» փոքր հէկերը: Առաջինում Լեւոն Մկրտչյանը 5 տոկոս փայ ունի, իսկ երկրորդում՝ 10 տոկոս բաժնետոմս: «Այուդա-Լոս» ՍՊԸ-ին «Հետքը» անդրադարձել է: Այն «Պոզիտրոն» անունով փոքր հէկ է շահագործում Լոռու մարզի Մարցիգետի Սարաջուր վտակի վրա: ՍՊԸ-ի 20 տոկոսը պատկանում է Լ. Մկրտչյանին, նույնքանը՝ տարածքային կառավարման եւ զարգացման դաշնակցական նախարար Դավիթ Լոքյանի որդուն՝ Սերգեյ Լոքյանին, ով 2008-2016 թթ. օգնականի ու խորհրդականի պաշտոններ է զբաղեցրել ԱԺ-ում եւ կառավարությունում եւ այսօր ՀՅԴ ցուցակի 29-րդ համարն է: «Այուդա-Լոս»-ի 10 տոկոսն էլ պատկանում է ՀՅԴ բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանին:

ԿԸՀ-ին Լ. Մկրտչյանն իր հայտարարագիրը ներկայացրել է մարտի 1-ին: Այդ օրվա դրությամբ նա ուներ 20.000 դոլար, 115.000 եվրո, 165.000 ռուբլի եւ 7.000.000 դրամ:

Իսկ հիմա ամենահետաքրքիրի մասին: Թեկնածուն հայտարարագրել է 4 միավոր անշարժ գույք: Առաջինը Տերյան 66 շենքի բնակարանն է (245 քմ մակերեսով), որտեղ նա հաշվառված է, այս գույքը համասեփականություն է: Շենքի տակ Մկրտչյանը կրկին համասեփականության կարգով ավտոտնակ ունի:

Հաջորդը Արագածոտնի մարզի Չքնաղ գյուղում գտնվող 0,25 հա տարածքով հողամասն է: Հիշեցնենք, որ Չքնաղը ՀՀ երկարամյա գլխավոր դատախազ, այժմ քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանի հայրենի գյուղն է:

Բայց ամենաուշագրավը Լեւոն Մկրտչյանի բնակարանն է Ֆրանսիայի Նիս քաղաքում՝ Միջերկրական ծովի հռչակավոր Լազուր ափին:

Շենքը, որտեղ ՀՅԴ-ական թեկնածուն 56 քմ տարածքով եւ համասեփականության կարգով բնակարան ունի, գտնվում է ծովափին շատ մոտ՝ Բոսկե պողոտայի վրա (16 Avenue des Bosquets):

Հավելենք, որ Լ. Մկրտչյանն այս անշարժ գույքը մյուսների պես ձեռք է բերել մինչեւ վերջին անգամ նախարար դառնալը:   

Մեկնաբանություններ (3)

Մայիս
Բա ՎԱԼԵՄ սպը բարդակներն ու՞մ են պատկանում․․․շատ տարածված օդում կախված լուրերի համաձայն հենց Լևոնին ու իր եղբորը․․․
Կարինե
Կարող է սրա կինն էլ է նվեր «ստացողներից»։
Մ. Գրիգորյան
ՄՍրանք բոլորը հարստացել են իննսունականներից հետո: Իսկ ժողովուրդը աղքատացավ ու սկսեց արտագաղթել:Եվ՛ պաշտոններ են զբաղեցնում,եվ՛ բիզնեսով են զբաղվում,եվ՛ պատգամավոր են դառնում այդ ինչպե՞ս է լինում: Սրանց բոլորին մինչև չքշեն իրենց զբաղեցրած պաշտոններից (չորս անգամ կրության նախարար... պատկերացնու՞մ եք ինչ եկամուտներ են, դրա համար է պաշտպանում իր նշանակած կաշառակեր–կաշառատու դպրոցի տնօրեններին այդ խրոխտ դաշնակը), իսկ դուք ասում եք բնկարան Նիսում: Սովետում կոռուպցիան և կաշառակերությունը սկսեց Ստալինի մահվանից հետո մինչև սովետի փլուզոմը՝ մոտ երեսուն տարի: Մեր անկխությունն էլ շուտով կլինի երեսուն տարեկան: Հիմա կոռուպցիան ծլում -ծաղկում է, ինչպես երբեք: Այն ժամանակ արժեքների այսպիսի անկում չկար, հասարակությունը այսքան շերտատված չէր, չնայած այլ թերություններին: Չեմ զղջում անկախության համար, չեմ գովերգում սովետը, ուղղակի մեր սերնդի պայքարը կարծես մի բուռ մարդկանց հարստացնելու համար էր, որից ոչ մենք օգտվեցինք, ոչ մեր երեխաները, ոչ էլ մեծ հաշվով ժողովրդի մեծ մասը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter