Երեքշաբթի, 25 սեպտեմբերի

«Նուբարաշեն» հոգեբուժական հաստատությունում իրավապաշտպան Արմինե Առաքելյանին ծեծի ենթարկելու գործը կարճելու որոշումը բողոքարկվել է



«Նուբարաշենի» հոգեբուժական կենտրոնում  բռնության ենթարկված իրավապաշտպան Արմինե Առաքելյանի բողոքի քննություն այսօր հետաձգվեց: Երևանի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը, նախագահությամբ դատավոր Վարդան Գրիգորյանի, հայտնեց, որ քրեական գործի հանգամանքները դատարանին հայտնի չեն, ուստի անհրաժեշտ է քննություն իրականացնող մարմնից պահանջել քրեական գործն ու այն ուսումնասիրել: Դատավորն այսօր հաջորդ դատական նիստի օր չնշանակեց՝ հայտնելով, որ դրա վերաբերյալ կողմերը լրացուցիչ կծանուցվեն:

Արմինե Առաքելյանը դատարանում բողոքարկում է իրեն հոգեբուժարանում ծեծի ենթարկելու վերաբերյալ հաղորդման հիման վրա հարուցված քրեական գործը կարճելու որոշումը:

Իրավապաշտպանը 2016-ի մայիսին 17-ին Հանրապետության հրապարակում մտել էր շատրվաններից մեկի մեջ։  «Այդ օրը ես որոշել էի քայլել Հանրապետության հրապարակում, որը սիմվոլիկ է ինձ համար: Այնպես չէր, որ միամիտ դա եղավ: Ինձ պարզապես հետաքրքիր էր, թե ինչ ռեակցիա կլինի իմ արարքին համակարգի՝ ոստիկանության, ուժային կառույցների կողմից: Իմ արածում ոչ մի տարօրինակ բան չկար, քանի որ նույն Վարդավառի օրը մարդիկ մտնում են շատրվանների մեջ ու ջրում իրար: Շատ պարզ, ազատ մարդու արարք է։ Հետաքրքիրը դա է, թե ինչու են ոստիկանները մարդուն առանց բացատրելու՝ ինչ խախտում է արել, նրա հետ վարվում հանցագործի պես: Ես կրկնում եմ, որ ոչ մի օրենք չեմ խախտել: Ես պարզապես եկել էի, ավազանի մեջ լողացել ու նստել չորանում էի: Ինչումն էր խնդիրը»,- «Լրագրի» հետ հարցազրույցում ասել է Արմինե Առաքելյանը։  

«Ինձ 3 ժամ ձեռնաշղթայած ձի նստած վիճակում տանջել են շատրվանում իսկ ձեռնաշղթան գաղտագողի բացել են և ես իմ ուժերով դուրս եմ եկել և առանց ձեռնաշղթայի են տարել հոգեբուժարան», Հետքին պատմել է Արմեն Առաքելյանը։ Առաքելյանի խոսքով՝ իրեն հոգեբուժարանում ծաղրել, ծեծել, խոշտանգել, հոգեբանական ճնշման են ենթարկել:

Քննչական կոմիտեում 2016թ. հունիսի 22-ին հարուցվել է քրեական գործ՝ «Նուբարաշեն» հոգեբուժական բժշկական կենտրոնի աշխատակիցների կողմից Արմինե Առաքելյանին խոշտանգման ենթարկելու վերաբերյալ՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածի՝ ծեծելը կամ այլ բռնի գործողություններ կատարելը, հատկանիշներով:

2016 թվականի դեկտեմբերին  քրեական գործը կարճվել է`հանցակազմի բացակայության հիմքով: Ըստ Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնի ավագ քննիչ Մաթևոսյանի որոշման՝  հոգեբուժական հաստատության աշխատակիցների կողմից Արմինե Առաքելյանին ծեծի ենթարկելու մասին ապացույցներ ձեռք չեն բերվել, իսկ դրանք ձեռք բերելու հնարավորությունները սպառվել են:

Այս որոշումը բողոքարկվել էր Դատախազություն և այն  անփոփոխ թողնվել, ուստի, սահմանված կարգով Դատախազության որոշումը բողոքարկվել է դատարան:


Գլխավոր էջ



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ