Չորեքշաբթի, 26 սեպտեմբերի

Մայրը համոզված է՝ եթե որդին քայլասայլակ ունենա, իր ոտքերով կքայլի



Երբ ներս մտա, Էրիկը բազմոցին նստած ավագ եղբոր ծնկներին հենված՝ զբաղված էր պլանշետով:Մայրը՝ Ժանան երկու ամսականում է նկատել, որ Էրիկը  գլուխը չի կարողանում ուղիղ պահել ուսերին՝ անընդհատ թեքում է:  

Ժանան պատմեց, որ ամուսնալուծված է, 35 տարեկան է,չաշխատելու պատճառն էլ  երեխաներից 9 տարեկան DCP (բնածին մանկական ուղեղային կաթվածով) հիվանդ որդին՝ Էրիկն է: Մայրը հայացքով ցույց տվեց բազմոցին եղբոր հետ զբաղված տղային: Ասաց, որ ընտանիքը գոյատևում է 48 հազար դրամ նպաստով և Էրիկի 20 հազար դրամ թոշակով: Էրիկը չորեքթաթ գնաց  դեպի միջանցք: Ժաննան հետ կանչեց որդուն: Դժգոհեց, որ դժվարանում է անգամ օրը 2-3 տակդիր գնել տղայի համար: «Հիմա կարևորն այն է,որ ընտանիքը գոյատևի, երեխաները մեծանան»,- ասաց Ժաննայի մայրը՝ուսուցչուհի Մարո Եղիկյանը: Էրիկը ծնվել է 2006թ.-ի օգոստոս ամսին՝6 ամսականում՝ 900 գրամ քաշով։

«Սոնոգրաֆիայից հետո  բժիշկները տեղեկացրին, որ երեխան նորմալ չէ: Ամուսնուս հարազատները  բժշկից պահանջեցին, որ երեխան ամեն կերպ պետք է ծնվի: Էրիկը ծնվեց: Քաշն ավելացնելու համար Էրիկը բուժում է ստացել Երևանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում: Բուժումից հետո երեխայի քաշը դարձավ  2 կգ»,-պատմեց Ժաննան: Հիշեց, որ  երկու ամսականում  է նկատել, որ Էրիկը  գլուխը չի կարողանում ուղիղ պահել ուսերին՝ անընդհատ թեքում է:  Նորից երեխային տարել է «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն: Այստեղ էլ՝ նեյրովիրաբուժական բաժանմունքում ախտորոշել են, որ Էրիկը գլխի աջ կիսագնդում՝ ուղեղի վրա  կիստա ունի: Տղան դարձել է բաժանմունքի վարիչ, պրոֆեսոր Մարգար Մարտիրոսյանի  հիվանդը: Երկու տարեկանում Էրիկի հիվանդությունը սրվում է: Մի քանի անգամ  տղային ծանր վիճակում մայրը հասցրել է հիվանդանոց: 2011թ.մայիսին՝ 4 տարեկան Էրիկը ենթարկվել է գլուղեղի վիրահատության:

«Մեզ 2 տարբերակ առաջարկեցին, մեկը զուտ գլխուղեղի վիրահատություն, մյուսը՝ շունտ տեղադրել, որը Լենինգրադից  են բերում, ես այդ հնարավորությունը չունեի: Շունտը դա անոթ է, գլխուղեղից գնում է մեզապարկ՝ գլխուղեղում հավաքված հեղուկը  մեզապարկ հասցնելու համար»,-բացատրեց մայրը: Ժաննայի ասելով վիրահատությունից հետո Էրիկի խոսելու և քայլելու մասին բժիշկները երաշխիքներ չեն տվել: Ուղղակի կրիտիկական պահից հանել են երեխային: Սակայն վիրահատող բժիշկը մի փոքր հուսադրել է, որ վիրահատությունից հետո հնարավոր է Էրիկի հետ ինչ որ փոփոխություններ կատարվեն՝ դեպի լավը: Վիրահատությունից ուղիղ 4 տարի հետո Էրիկը սկսել է խոսել: Առաջին նախադասությունը տերունական  աղոթքի 1-ին տողն է եղել: «Էրիկն ի սկզբանե խելացի աչքեր ուներ: Երբ ավագ եղբայրն ու քույրը դաս էին  սովորում, Էրիկը շատ ուշադիր լսում էր նրանց և անգիր էր անում նրանց արտասանած բանաստեղծություններն ու մյուս  դասերը»,-պատմեց  ուսուցչուհի տատը: Էրիկն անգիր գիտեր Հովհ. Շիրազի,  Պարույր Սևակի և Եղիշե Չարենցի շատ բանաստեղծություններ:

«Էրիկ, արտասանի հա  «Ես իմ անուշ Հայաստանի»  բանաստեղծությունը»,- որդուն խնդրեց Ժաննան: Էրիկը արտասանեց «Ես իմ անուշ Հայաստանին», հետո ասաց տերունական աղոթքը: Աղոթքից պարզ արտասանեց միայն մեր  հանապազօրեայ, և մի տար մեզի փորձութեան,  փառքը յաւիտեանս. ամէն  բառերը: Աղոթքի մնացած բառերն ու բառակապակցությունները, թեև Էրիկի ամբողջ ջանքերին՝ անհասկանալի հնչեցին:

«Վիրահատությունից հետո անցած 5 տարիների ընթացքում ինչ մեր տանը կատարվել է, Էրիկը խոսալուց հետո լրիվ պատմում է, դրանք նրա մոտ տպավորված են եղել»,- ասում է մայրը։

Այս պահին երեխան օգնություն է ստանում «Վորլդ Վիժն» կազմակերպությունից: Կազմակերպությունից ստացել է սայլակ, սակայն քայլասայլակ չունի: Մայրն ու տատը համոզված են, եթե Էրիկը քայլասայլակ ունենա, ոչ թե չորեքթաթ, այլ քայլասայլակի օգնությամբ  ոտքի կանգնած՝ ուղիղ կքայլի: Ժաննան ասաց, որ հնարավորություն չունի քայլասայլակ գնելու. «Եթե Էրիկին ուղարկեն Երևանի վերականգնողական կենտրոն, գուցե դա դրական ազդեցություն ունենա նրա քայլելու համար»,- ասաց տատը՝ Մարոն:  Վերջինս  դժգոհեց, որ Ժաննան  ամբողջ օրը զբաղվելով Էրիկով, երբեմն  աչքաթող է անում մյուս երեք երեխաներին՝ Վանիկին, Անահիտին և Գոռին:

Տիկին Մարոն  աղջկան քննադատեց Էրիկից հետո ևս երկու երեխաներ ունենալու համար. «Մարդը, եթե պրոբլեմ է ունենում, պետք է կենտրոնանա այդ պրոբլեմի վրա: Էրիկով, եթե լուրջ զբաղվեր, հնարավոր է քայլեր երեխան: Նախկինում Էրիկի ոտքերը խաչված էին, հիմա նա ուղիղ է պահում ոտքերը: Տարբերությունը հիմա  մեծ է»։

Էրիկի ավագ եղբայրը՝ Վանիկը  սովորում է Ալավերդու Սանահին գյուղական թաղամասի Ա. Միկոյանի անվան դպրոցի  7-րդ դասարանում: Ժաննան գոհ է Վանիկի առաջադիմությունից: Անահիտը 3-րդ  դասարանում է սովորում, երկրորդ  դասարանը գերազանցությամբ է ավարտել: Մայրը  հպարտորեն ցույց տվեց Անահիտի գովասանագիրը: Գոռը առաջին դասարան է:

Էրիկին խնամելու գործում Վանիկն է մոր 1-ին օգնականը. «Էրիկին պահելու ժամանակ,  գրկում եմ, դիվանին եմ նստացնում: Էրիկը երաժշտություն է շատ սիրում, նրան հաճելի երաժշտություն եմ ընտրում: Եղբորս շատ եմ սիրում»,-ասաց Վանիկը: Մի անգամ հոգնած և հուսահատված Ժաննան Վանիկի և Անահիտին դժգոհում է իր ճակատագրից և ասում, որ  ուզում է Էրիկին  տեղափոխել հատուկ  հիմնարկ:  «Երեխաներս սկսեցին գոռալով լացել, խնդրում էին Էրիկին չբաժանել իրենցից»,-պատմեց Ժաննան: Էրիկը ճաշասենյակի բազմոցին ավագ եղբոր՝ Վանիկի հետ է քնում: «Չի՞ խանգառում քեզ քնելիս»,- հարցրի: «Չէ, քնելուց առաջ ինձ ձեռքերով փաթաթվում է, պաչում է ու էդպես փաթաթված քնում է»,-ասաց  Վանիկը:

«Բժիշկները խորհուրդ են տալիս Էրիկի բուժումը շարունակել հիմնականում վերականգնողական կենտրոններում։ Ոտքերի բուժման համար նախկինում Էրիկին տարել ենք Երևանի 3-րդ մանկական հիվանդանոց: Բուժման նպատակով ուղեգրով գնացել է Նորագյուղ: Երեխային լոգոպետի մոտ են տարել, գնդակներով ֆիզկուլտուրա է անցել ջրում: Բժիշկներն ասել են,  որ երեխան անընդմեջ բուժում պետք է ստանա, որի հնարավորությունը ես չունեմ»,- ասաց Ժաննան: Էրիկի ուսուցչուհի տատն էլ դժգոհեց, որ պետությունը սոցիալապես անապահով ընտանիքների հաշմանդամ երեխաների վերականգնողական բուժմանը պատշաճ  ուշադրություն չի ցուցաբերում:


Գլխավոր էջ



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ