HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տաթև Խաչատրյան

Վահրամ Բաղդասարյանի համեստ եկամուտն ու 8 անշարժ գույքը, ռեստորանային համալիրը և մեքենաները

Վահրամ Բաղդասարյանը Հայաստանի հանրապետական կուսակցության խմբակցության ղեկավարն է։  Ազգային Ժողովի ներկայիս պատգամավորը ապրիլի 2-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններում կուսակցության ցուցակում 152-րդն է։Կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացրած հայտարարագրի համաձայն՝ նրա դրամական միջոցներն այդքան էլ մեծ չեն: Մասնավորապես՝ նախորդ տարվա ընթացքում եկամուտ է ունեցել  2 տեղից՝ Ազգային ժողովից՝ 6 մլն 786 070 ՀՀ դրամ և 1 մլն 437 238 ՀՀ դրամ՝ Վանաձորի պետական համալսարանից:
Դրամական միջոցները հայտարարագիրը ներկայացնելու պահին կազմել են  մոտ 5 մլն ՀՀ դրամ՝ 1 600 000 մլն ՀՀ դրամով և 7000 ԱՄՆ դոլարով։

Վ․Բաղդասարյանը հայտարարագրել է 8 անուն անշարժ գույք` բոլորն էլ՝ ընդհանուր համատեղ սեփականությամբ․ 2 բնակարան՝ Երևանում (110 քառ մ) և Վանաձորում ( 40 քառ մ ), 470 քառ մ բնակելի տուն և 30 քառ մ հասարակական նշանակության շինություն Վանաձորում, ինչպես նաև հողատարածքներ Երևանում (0․08 հա), Լոռիի Արջուտ համայնքում (0.1 հա), Շահումյանում (0,2 հա), և 0,1 հա մակերեսով հողամասով այգետնակ՝ Կոտայքի մարզի Գյուղամեջ համայնքում։

Շարժական գույքից՝ պատգամավորի թեկնածուն  ունի նաև  2 ավտոմեքենա՝ Mercedes-Benz S430 և BMW X5։
8 մլն ՀՀ դրամը գերազանցող որևէ իրի մասին Վ․ Բաղդասարյանը նշում չի կատարել։
Որպես եկամուտ՝ ՀՀԿ խմբակցության ղեկավարը նշել է նաև 4 մլն 232 000 ՀՀ դրամի շահութաբաժինը  «ՎաԲա» ՍՊԸ-ում: Ընկերությունը հիմնադրվել է 2002թ․ին, գործունեության տեսակը՝  «այլ կահույքի արտադրություն»։ Տնօրենը Լուսինե Բարաթյանն է, իսկ Վահրամ Բաղդասարյանը՝  ընկերության 100% բաժնետերը։

2013թ. հունիսի 27-ի կառավարության որոշման նախագիծ է ներկայացվել, որով այս ընկերությանն առանց աճուրդի, ընդամենը 684 594 ՀՀ դրամով վաճառվել է   Էկոնոմիկայի նախարարության «Գուգարք» կարի արտադրկան միավորման կազմից առանձնացված 2197, 45 քառ մ մակերսով «Դարպասի արտադրամաս»-ը։ Ընկերությունը պարտավորվում էր նաև 2 մլն դրամի ներդրումներ կատարել և 20 աշխատատեղ ապահովել։

2015թ․ դեկտեմբերին «ՎաԲա» ընկերության կողմից ներկայացված հաշվետվության մեջ նշվել է, որ ստեղծվել է` 29 աշխատատեղ՝ 66 000 ՀՀ դրամ աշխատավարձով:

Բացի վերը նշված արտադրամասից, «ՎաԲա» ընկերությանն է պատկանում Վանաձորում գտնվող «Վերնատուն»  ռեստորանային համալիրը։ ՊԵԿ-ի  Հարկային մարմնի գանգատարկման ՝  2013թ մարտի 5 11/4 որոշման մեջ նշված է, որ այն զբաղեցնում է 510 քառ մ տարածք, այնինչ տարածքի արտոնագրային վճարը նվազեցնելու համար, փաստաթղթերում ռեստորանային համալիրը  ներկայացվել է իբրև 110 քառ մ։ Ըստ ՊԵԿ-ի  որոշման՝ «ՎաԲա» ՍՊԸ-ից  պետք է գանձվեր  մոտ 2 մլն ՀՀ դրամ, բայց ընկերությունն առարկել էր, իսկ առարկությունը՝  բավարարվել ։

«Վերնատուն»-ը գտնվում է Վանաձորի Թումանյան 12 հասցեում, ինչի մասին Վ Բաղդասարյանի հայտարարագրում որևէ գրառում չկար։ Որևէ նշում, որ տարածքը վարձակալությամբ է տրված, նույնպես չկա, քանի որ թեկնածուի եկամուտը, ըստ հայտարարագրի, գոյանում է աշխատավարձից։

«ՎաԲա» ընկերությունը մասնակցել է նաև մի շարք պետական գնումների մրցույթներին։ Մասնավորապես՝  տավարի մսի վաճառքի հայտ է ներկայացրել ՊՆ հայտարարած գնման մրցույթի ժամանակ։ «ՎաԲա» ՍՊԸ-ն, ըստ տեղական զարգացման ծրագրի գնումների պլանի, նախորդ տարի՝ 2016թ հուլիսին  41 մլն 171 000 ՀՀ դրամի կահույք է մատակարարել մարզերի դպրոցներին, մանկապարտեզներին և համայնքային կենտրոններին։

Վահրամ Բաղդասարյանին է պատկանում 2014թ․ հիմնադրված «Մսամթերք» ՍՊԸ-ն։ Նա ընկերության 100 % բաժնետերն է։ Թեև ընկերությունը գործող է, սակայն հարկ վճարողների համակարգում գործունեությունը ժամանակավորապես դադարեցված է։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter