HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայաստանն ու Ադրբեջանը պատերազմում են ՅՈՒՆԵՍԿՕ-ում

Նաիրի Հոխիկյան

Ադրբեջանցի երգիչ, պատերազմի հայտնի քարոզիչ Փոլադ Բյուլբյուլօղլին կարող է 2017-ի նոյեմբերից ղեկավարել համաշխարհային մշակութային արժեքների ու խաղաղության պահպանության համար գործող միջազգային կազմակերպությունը՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ն: Այս մասին տեղեկությունը հայտնի դարձավ մարտի կեսին, երբ հրապարակվեցին կառույցի ղեկավարի 9 թեկնածու երկրների անունները՝ Վիետնամ, Եգիպտոս, Քաթար, Չինաստան, Գվատեմալա, Իրաք, Լիբանան, Ֆրանսիա և Ադրբեջան: Դեռևս անհասկանալի պատճառներով հնչում է միայն ադրբեջանցի թեկնածուի անունը, մյուսների անունները հայտնի կդառնան ապրիլի 1-ից հետո:

Որոշ ուսումնասիրությունների արդյունքում հնարավոր եղավ ճշտել ևս մեկ թեկնածուի՝ Եգիպտոսի ներկայացուցիչ, իրավապաշտպան Մուշիրա Խատտաբի անունը: Նա փետրվարին այցելեց ՌԴ՝ այդ երկրից ստանալու աջակցության խոստում: Ռուսական աջակցության համար ջանք չեն խնայում նաև ադրբեջանցիները՝ ձեռք բերելով ՌԴ փոխվարչապետ Օլգա Գոլոդեցի և մշակույթի որոշ գործիչների հրապարակային բարեխոսությունը:  

Մարտի 13-ին «TASS» գործակալությունը հայտնեց, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ի նախագահի ընտրությունը նախատեսված է 2017թ. հոկտեմբերի վերջին, երբ ավարտվելու է կառույցի գործող նախագահ Իրինա Բոկովայի պաշտոնավարման ժամկետը: Մինչ այդ, սակայն, ապրիլի 26-ին և 27-ին տեղի կունենա ՅՈՒՆԵՍԿՕ-ի 201-րդ Գործադիր խորհրդի նիստը, որի ժամանակ բոլոր թեկնածուները կներկայացնեն իրենց ծրագրերը: Թեև կառույցի նախագահի վերջնական ընտրությունը նախատեսված է աշնանը՝ 202-րդ Գործադիր խորհրդի նիստի ժամանակ՝ գաղտնի քվեարկությամբ, բայց դա, որպես կանոն, ձևական արարողություն է: Իրական ընտրությունը տեղի կունենա ապրիլին:

2009-ին նույն սկզբունքով ՅՈՒՆԵՍԿՕ-ի ղեկավար ընտրվեց Իրինա Բոկովան, որը ևս համարվում է Ադրբեջանի փողերով սնվող և կոռուպցիոն սկանդալների մեջ ներքաշված գործիչ: Նա ևս ակտիվորեն պաշտպանում է Փոլադ Բյուլբյուլօղլիի թեկնածությունը՝ կոպտորեն խախտելով ՅՈՒՆԵՍԿՕ-ի կանոնադրությունը անկողմնակալության վերաբերյալ:

Նախ այն մասին, թե ով է  Իրինա Բոկովան և ինչ է արել ՅՈՒՆԵՍԿՕ-ի նախագահ աշխատելու 8 տարիների ընթացքում: 65-ամյա բուլղարուհի դիվանագետը 2005-ից ՅՈՒՆԵՍԿՕ-ում Բուլղարիայի պաշտոնական ներկայացուցիչն էր, իսկ 2009-ի հոկտեմբերի 15-ին ընտրվեց կառույցի նախագահ: Դեռևս այդ ժամանակից Իրինա Բոկովան սերտ կապեր է ունեցել Ադրբեջանի իշխանության հետ՝ Հեյդար Ալիևի անվան հիմնադրամից պարբերաբար ստանալով խոշոր գումարներ և Բաքվի հետ իրականացնելով մշակութային արժեքների յուրացման՝ ադրբեջանամետ ծրագրեր: Բոկովայի և Ադրբեջանի կոռուպցիոն կապերի մասին են վկայում վերջերս «Կոռուպցիայի և կազմակերպված հանցավորությունների ուսումնասիրության կենտրոնի» (OCCRP) բացահայտումները:

Հենց Իրինա Բոկովան կասեցրեց ԶԼՄ-ի և մամուլի ազատության եվրոպական կենտրոնի (The European Center of Press and Media Freedom)  հայցը՝ Ադրբեջանի առաջին տիկին Մեհրիբան Ալիևային զրկելու ՅՈՒՆԵՍԿՕ-ի բարի կամքի դեսպանի կոչումից: Հայցի հիմքում Ադրբեջանում լրատվամիջոցների նկատմամբ բացահայտ բռնաճնշումները, ՅՈՒՆԵՍԿՕ-ի նպատակների և առաքելության հանդեպ արհամարանքն էր: Իրինա Բոկովան նույնիսկ չթաքցրեց, որ առանձնահատուկ դրական վերաբերմունք ունի Մեհրիբան Ալիևայի նկատմամբ՝ նրա հրավերով երկու անգամ՝ 2010-ի հուլիսին և 2015-ի մայիսին այցելելով Ադրբեջան: Կրթության, գիտության, մշակութային արժեքների պահպանության ու դրանց նկատմամբ հավասար վերաբերմունք քարոզող միջազգային կազմակերպության ղեկավարը, սակայն, պաշտոնավարման տարիների ընթացքում երբևէ Հայաստան չի այցելել, չնայած հրավերներ եղել են նաև հայկական կողմից:

Իրինա Բոկովան, չնայած միջազգային բազմաթիվ կառույցների և լրագրողական, իրավապաշտպան կազմակերպությունների բողոքներին ու մատնացույց արված կոնկրետ դեպքերին, մի քանի անգամ պաշտոնապես հայտարարել է, թե Ադրբեջանը աշխարհի հնագույն քաղաքակրթությունների կրող է, աջակցել է ոչ նյութական մշակութային ժառանգության բազմաթիվ նմուշներ որպես ադրբեջանական արժեք գրանցելու գործին, իսկ Մեհրիբան Ալիևային բնութագրել որպես բարեգործության օրինակ, երեխաների նկատմամբ մեծ սեր ունեցող գործիչ:

Մեհրիբան Ալիևայի և Իրինա Բոկովայի կուլիսային կապերի մասին հրապարակումներով ոչ մեկ անգամ են հանդես եկել հետաքննություն իրականացնող լրագրողները, իսկ բուլղարական Bivol ինտերնետային կայքը 2015-ին որոշ բացահայտումներ արեց՝ մերկացնելով ՅՈՒՆԵՍԿՕ-ի նախագահի կոռուպցիոն կոնկրետ գործարքներ: Մասնավորապես, պաշտոնավարման տարիներին Բոկովան հասցրել է Նյու-Յորքում ձեռք բերել 2.4 մլն դոլար արժողությամբ երկու բնակարան, 1.189.438 և 1 մլն 25 հազար դոլարով երկու բնակարան էլ Մանհեթենում: Այս գնումները տիկին Բոկովան կատարել է այն դեպքում, երբ ՅՈՒՆԵՍԿՕ-ի նախագահ աշխատելու մոտ 8 տարվա ընթացքում նրա օրինական եկամուտը կազմել է ընդամենը 780 հազար դոլար:

Այս բացահայտումներն էին հիմնական պատճառը, որ 2016-ին ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնի համար իր թեկնածությունը ներկայացրած Իրինա Բոկովան աջակցություն չստացավ:

Թեև բուլղարացի լրագրողները Բոկովայի կոռուպցիոն սկանդալների մեջ փնտրում են առաջին հերթին բրազիլական հետքեր, սակայն չեն թաքցնում, որ Բրազիլիան մեկ դրվագում է երևում, մինչդեռ Ադրբեջանի առաջին տիկինը և Հեյդար Ալիևի անվան հիմնադրամը ՅՈՒՆԵՍԿՕ-ի դեռևս գործող նախագահի վաղեմի բարեկամներն են:

1998-2006 թթ. Ադրբեջանի տարբեր հատվածներում, հատկապես Նախիջևանում հետևողականորեն իրականացված հայկական խաչքարերի ոչնչացման մասին ՅՈՒՆԵՍԿՕ-ում ավելի ուշ կազմակերպվել են քննարկումներ, սակայն նույն Իրինա Բոկովայի ակտիվ միջամտությամբ դրանք ընթացք չեն ստացել, չեն հասել նույնիսկ հետաքննություն սկսելու որոշման:

Ի դեպ, Նախիջևանի հայկական խաչքարերի ոչնչացումն իրականացվել է այն տարիներին, երբ Ադրբեջանի մշակույթի նախարարը Փոլադ Բյուլբյուլօղլին էր: Այդ մարդու մասին է այսօր Իրինա Բոկովան խոսում՝ որպես մշակույթի մեծ պաշտպանի և համաշխարհային մշակութային ժառանգության բարեկամի: 1988-2005թթ, երբ Փոլադ Բյուլբյուլօղլին Ադրբեջանի մշակույթի նախարարն էր, այդ երկրում ավերվել են բազմաթիվ ոչ թյուրքական մշակութային ու պատմական հուշարձաններ, հայկական եկեղեցիներ ու խաչքարեր: Ջուղայի հայկական գերեզմանատան ավերումը, շնորհիվ իրանական կողմի նկարահանումների, մեծ աղմուկ բարձրացրեց, սակայն ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից ժամանակին արձագանք չստանալու պատճառով, ավարտին հասցվեց: 16-րդ դարի հայկական խաչքարերի տեղում այսօր զորավարժարան է, իսկ խաչքարերի մնացորդները լցվել են Արաքս գետը: Նույնիսկ ադրբեջանական աղբյուրները չեն ժխտում, որ այդ վանդալիզմը կատարվել է Փոլադ Բյուլբյուլօղլիի անմիջական հրահանգով և հսկողությամբ:

Նույն ադրբեջանցի վանդալն այսօր ստանում է հնարավորություն՝ գլխավորելու մշակութային ժառանգության պահպանման միջազգային կազմակերպություն:  Փոլադ Բյուլբյուլօղլին (իսկական անունը՝ Փոլադ Մամեդով), դեռևս խորհրդային տարիներից հայտնի է որպես ադրբեջանական կլկլոցներով քաղաքային ֆոլկլորի երգիչ: ԽՍՀՄ փլուզման տարիներին Բյուլբյուլօղլին նաև պաշտոն ստացավ մշակույթի նախարարությունում, հետո դարձավ նաև խորհրդարանի պատգամավոր, իսկ 2006-ին նշանակվեց ՌԴ-ում Ադրբեջանի դեսպան:

Իլհամ Ալիևը երբևէ չի թաքցրել, որ Բյուլբյուլօղլիին Ռուսաստանում դեսպան նշանակելով, ինքը նպատակ է ունեցել նրա միջոցով ազդել ռուս հանրության միջակ խավի վրա, այն մարդկանց, որոնց համար Բյուլբյուլօղլիի երգերը արվեստի բարձր արտահայտություն են: Դեսպան աշխատելու տարիներին Բյուլբյուլօղլին, սակայն, ավելի շատ հանդես է գալիս ռեստորաններում երգեր կատարելով, քան դիվանագիտական հանդիպումներ ու բանակցություններ անցկացնելով: “Ադրբեջանցի սոխակ” մականունն ստացած այս գործչի մասին ռուսներն ասում են, որ ԱԳՆ-ում կամ պետական այլ հաստատություններում նա երբևէ դիվանագետի դերում չի ներկայանում՝ նախընտրելով երգել և զվարճացնել մարդկանց:

Ադրբեջանական լրատվամիջոցներն, ի դեպ, հաճախ են գրում, թե իրենց Բյուլբյուլօղլին ոչնչով չի զիջում հայերի հպարտություն Շառլ Ազնավուրին: Իհարկե, անլուրջ կլինի համեմատել Ազնավուրին Բյուլբյուլօղլիի հետ, բայց ֆինանսական ու քարոզչական մեծ ռեսուրսներ ծախսելով Բյուլբյուլօղլիների վրա՝ Ադրբեջանը հենց այդ նպատակն ունի՝ աշխարհում ստեղծել մշակութապաշտ և հնագույն ժողովրդի առասպել: Նաև այդ են վկայելու գալիս ՅՈՒՆԵՍԿՕ-ի նախագահների նկատմամբ Ադրբեջանի իշխանության հատուկ հոգատարությունը՝ կաշառելով ստիպել, որպեսզի հայկական, ասորական, թալիշական կամ այլ ժողովուրդների մշակութային արժեքները վերագրվեն Ադրբեջանին: Սրանք փոքր հաղթանակներ են, որոնք տարիների ընթացքում ստեղծում են պետության ու ժողովրդի բավական հարուստ այցեքարտ:

1945թ. նոյեմբերի 16-ին ընդունված ՅՈՒՆԵՍԿՕ-ի կանոնադրության 15-րդ գլխում շեշտված է. «Պատերազմի մասին մտքերը ծնվում են մարդկանց գաղափարներում: ՅՈՒՆԵՍԿՕ-ի առաքելությունն է մարդկանց գիտակցության մեջ արմատավորել խաղաղության պահպանման գաղափարը»:

ՅՈՒՆԵՍԿՕ-ի ղեկավար կարող է դառնալ միայն այն գործիչը, որի կենսագրությունը հարուստ է մշակութային արժեքների նկատմամբ հոգատարության և խաղաղության քարոզչության փաստերով: Իսկ ի՞նչ կենսագրություն ունի ադրբեջանցի թեկնածու Փոլադ Բյուլբյուլօղլին. հայկական հուշարձանների ոչնչացում, պատերազմի քարոզչություն, հայատյաց հայտարարություններ մշակույթի նախարար և ՌԴ-ում դեսպան աշխատելու տարիներին:

2010թ. օգոստոսի 28-ին ադրբեջանական ANS հեռուստաընկերության եթերում Փոլադ Բյուլբյուլօղլին հայտարարել է. «Եթե մեկն ու մեկը մտածում է, որ ինքը կնստի տանը, իսկ բանակը կազատագրի բռնագրավված հողերը, այդպես չի լինի: Ողջ երկիրը, ողջ հասարակությունը, ողջ ժողովուրդը պետք է ոտքի կանգնի ու բռունցք դառնա, նեցուկ կանգնի իր նախագահին և ազատագրի երկիրը: Այլ ճանապարհ գոյություն չունի: Մենք կգրավենք ոչ միայն Լեռնային Ղարաբաղը, այլև Հայաստանի Հանրապետությունը: Այդպիսի ռազմական գործողության համար Բաքուն ուժեր ունի»։  

Արտակարգ և լիազոր դեսպան Արման Նավասարդյանը ադրբեջանցի դեսպանի պահվածքը անվանում է ոչ դիվանագիտական, քանի որ համաշխարհային պատմության մեջ չկան դեպքեր, երբ դեսպանը մարտակոչ հնչեցնի: Հակառակը՝ «դեսպաններն աշխարհի ամենախաղաղասեր մարդիկ են: Նրանք քարոզում են բարեկամություն, հաշտություն և համերաշխություն: Չեք գտնի, եթե անգամ մոմով փնտրեք, մի դեսպանի, որը հակառակն անի կամ քարոզի»:

Փոլադ Բյուլբյուլօղլին, սակայն, բացառություն է:

2016-ի ապրիլյան քառօրյա պատերազմի օրերին ևս այդ մարդը հանդես եկավ հայտարարություններով՝ խոստովանելով, որ ռազմական գործողությունն սկսել է Ադրբեջանը: Ապրիլի 2-ին ռուսական «Дождь» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարեց. «Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն իր ելույթներում բազմիցս շեշտել է, որ Ադրբեջանը կողմնակից է ղարաբաղյան հակամարտության խաղաղ լուծման, բայց եթե այդ հակամարտությունը չի լուծվելու, ապա մենք ուժ կկիրառենք՝ այդ հողերի ազատագրման համար»:

Մեկ ամիս անց՝ մայիսի 4-ին նույն Բյուլբյուլօղլին «Говорит Москва» ռադիոկայանի երեկոյան եթերում հայտարարել է. «Եթե այս հարցը չհանգուցալուծվի, մենք պատրաստ ենք խնդրի ռազմական լուծմանը: Իհարկե, ցանկալի չէր լինի, որ մարդիկ զոհվեն, դագաղներ ուղարկվեն ռազմաճակատից, բայց մեզ այլ ելք չեն թողնում»:

Սրանք հայտարարություններ են, որոնք 2016-ի գարնանը դիվանագիտական մակարդակում ևս խորացրին  լարվածությունը հայ-ադրբեջանական հակամարտության մեջ: Եթե այդպիսի ռազմատենչ և հայատյաց գործիչը հնարավորություն ստանա ղեկավարել ՅՈՒՆԵՍԿՕ-ն, ապա կասկածից վեր է, որ կառավարման գոնե 4 տարիների ընթացքում անթաքույց կերպով միջազգային այդ կազմակերպությունը հակահայկական բանաձևեր և որոշումներ կընդունի, հայկական մշակութային արժեքները կարող են վերագրվել այլ ազգերի, ադրբեջանական անվան տակ ներկայացվել նյութական և ոչ նյութական մշակութային ժառանգության բազմաթիվ արժեքներ:

Կարող են լինել հակառակ տեսակետի պաշտպաններ, թե այդպիսի կազմակերպությունները չեն ղեկավարվում մեկ անձի կողմից: Բնական է, բայց երբ հետևում ենք ԵԽԽՎ-ի օրինակին, ակնհայտ է դառնում, թե ինչպես են ադրբեջանական խավիարն ու նավթադոլարները անում իրենց սև գործը, երբ կառույցը ղեկավարում է ադրբեջանամետ գործիչ և աչք է փակում ադրբեջանական հանցանքների նկատմամբ:

Ի՞նչ պետք է անի հայկական կողմը՝ կանխելու Ադրբեջանի ներկայացուցչի հաղթանակը ՅՈՒՆԵՍԿՕ-ի նախագահի պաշտոնի համար:

Այն, որ Փոլադ Բյուլբյուլօղլիի աշխատանքային կենսագրությունը հարուստ է վանդալիզմով ու այլատյացության դրսևորումներով, նրա աքիլեսյան գարշապարն է: Հայկական հանրային և պետական դիվանագիտությունը կարող է օգտագործել այս փաստերը և միջազգային լրատվամիջոցներում լայնորեն ներկայացնել Բյուլբյուլօղլիի գործունեությունն ու հայտարարությունները: Հայաստանի մասին քարոզչական թանկարժեք ֆիլմեր պատվիրելու հնարավորություն ունեցող երկիրը կարող է ավելի քիչ փող պահանջող հրապարակումներ պատվիրել եվրոպական, ռուսական ու ամերիկյան պարբերականներում, հեռուստաընկերություններին մատակարարել տեսանյութեր Բյուլբյուլօղլիի կառավարման ժամանակ Ջուղայի խաչքարերի ոչնչացման, նաև ապրիլյան պատերազմի օրերին նույն Բյուլբյուլօղլիի ռազմատենչ հայտարարությունների մասին:

Կարևոր դեր կարող է խաղալ հայկական սփյուռքը՝ դասական կուսակցությունների առաջնորդությամբ մի շարք երկրներում մինչև ապրիլի 25-ը կազմակերպելով ցույցեր և խորհրդաժողովներ՝ միասնական հայտարարություններ հասցեագրելով կառավարություններին ու քաղաքական ուժերին:

Առանցքային դեր կարող է խաղալ նաև Գերմանիայի թուրքական համայնքը, որտեղ կան բավական շատ հայամետ գործիչներ: Թուրքերի հայտարարություններն ընդդեմ ադրբեջանցի վանդալ գործչի, կարող են էական ազդեցություն ունենալ ընդհանրապես նրա թեկնածությունը ներկայացնելու և հետագա քննարկումների վրա:

ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը հասցրել է բարեկամական կապեր ստեղծել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերիշի հետ: Այս հարթակում պաշտոնական Երևանը կարող է իր դժգոհությունն արտահայտող բաց նամակ հղել Գուտերիշին՝ ներկայացնելով այն խնդիրները, որոնք կառաջանան՝ Բյուլբյուլօղլիի՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի նախագահ դառնալու պարագայում:

ՅՈՒՆԵՍԿՕ-ում քիչ չեն նաև ազգությամբ հայ ազդեցիկ գործիչներ, որոնք կարող են միասնական կարծիք հայտնել և իրենց սկզբունքային դիրքորոշմամբ վիժեցնել ադրբեջանական ծրագրերը:

լուսանկարում` (ձախից) Իրինա Բոկովան և Փոլադ Բյուլբյուլօղլին, աղբյուրը` ria.ru

Մեկնաբանություններ (4)

Ջեսսիկա Վարդանյան
Հայաստանն կարող է ուղարկել Պարոն Գուտերիշին Սումգաիթյան վայրագությունների վիդեոն, որն էլ կնպաստի ճիշտ հասկանալ ինչ մարդու են նշանկում Յունեսկո-ի դեսպան, որն պետք է լինի "խաղաղատենչ այլ ոչ թե ռազմատենչ.
Էդգար Ք.
Նաիրի Հոխիկյանի մեկնաբանությունը իսկապես ազդարարող է բոլորիս համար: Շնորհակալություն:
սարգիս
․․․եթե, բան է ,այս թուրք բորենին ընտրվի,ես երեք անգամ կթքեմ քաղաքակրթություն կոչվածի երեսին,որի վարքը մենք տասնհինգ թվին տեսել ենք արդեն․․․
Հասմիկ Ա. Ա.
Ժամանակն է, որ մեր դիվանագետները զարթնեն: Բավական չի՞ նավթադոլարներ ասելով արդարացնել հայ դիվանագետների թուլությունն ու անգործությունը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter