Չորեքշաբթի, 26 սեպտեմբերի

Վերին Դվին. ասորական ամենամեծ համայնքն այսօր չի տոնում Նոր տարին


Արարատի մարզի ասորաբնակ Վերին Դվին գյուղի եկեղեցու բակում թիկն տված ոստիկանական գլխարկով նստել է Դանտոն պապը: Առաջին հայացքից եկեղեցու պահակի տպավորություն թողնող պապը, պարզվում է, եկեղեցու դիմացի տան բնակիչն է: 82 տարեկան է Դանտոն Ավդիշոևը, Վերին Դվին գաղթած Ավդիշոև Շահբազի ժառանգներից մեկը:

Վերին Դվինում առաջին ասորիների կողմից կառուցած միայն մեկ աղյուսե տուն է պահպանվել, հենց Դանտոն Ավդիշոևի պապի տունը, որը 1820-ականների վերջից դեռ կանգուն է, բայց արդեն փլատակների վերածվելու վտանգի տակ:  

Պահպանված տունը՝ ձախ կողմից

Դանտոն պապը ցույց է տալիս տան պատերն ու հպարտանում դրանց հաստությամբ: Բայց երկրորդ հարկ բարձրանալ չի խրախուսում՝ փայտե աստիճաններն արդեն կոտրտված են: 81-ամյա կինը՝ Էմմա տատը վախվորած աստիճաններն է պահում և օգնում բարձրանալ, իսկ ընթացքում պատմում է, որ դուստրը՝ Սեմիրամիդան մանկաբարձուհու օգնությամբ վերևի սենյակում է ծնվել:

Էմմա և Դանտոն Ավդիշոևները Երկրորդ հարկում պահպանված տունը

«Էն դաշնակ-բոլշևիկների ժամանակ դաշնակներն եկել, տնից հանել են ժողովրդին, գրասենյակ են արել, շտաբ են արել, իսկ մեր ժողովրդին իջացրել են թնդրի տան մեջ: Հետո նրանք փախել են, բոլշևիկներն են արել գրասենյակ: Հետո անգլիացիք եկել են, երեխեքի համար ճաշարան են արել»,- իրենց տան մասին պատմում է Դանտոն պապը:

Ռուս-պարսկական պատերազմից հետո Պարսկաստանի Ուրմիայի շրջանից և Թուրքիայից գաղթած ասորիները հաստատվել են Վերին Դվինում: Տարածքը նմանեցրել են իրենց պատմական վայրերին, որտեղ նույնիսկ կաքավը նման է եղել իրենց տարածքում ապրող կաքավներին:

Գյուղի կենտրոնական փողոցից մինչև եկեղեցու մոտ՝ այժմյան Բար-Դայսանա փողոցը գյուղում առաջին փողոցն է եղել, որտեղ հետզհետե աղյուսե տներ են կառուցել Հայաստան գաղթած ասորիները: Հայաստանում ամենամեծ ասորական համայնքն այստեղ էլ ձևավորվել  և պահպանվում է մինչ օրս:

2700 բնակիչ ունեցող Վերին Դվինում ասորիներն այժմ 80, իսկ հայերը` 20 % են կազմում: Խառնամուսնություններն այստեղ սովորական են ընդունում: Վերջին տարիներին հաճախակի է դարձել: Տարբերություններ երկու ազգերի միջև չեն դնում: Միակ տարբերությունը գյուղացիները լեզուն են համարում:

Չեն տարբերվում նաև եկեղեցական ծեսերն ու ծիսակարգերը: Թեկուզ դրանք կատարվում են արամերեն, այսպես ասած՝ ասորերենի գրաբար լեզվով, բայց ասորական համայնքը սկսել է հասկանալ և եկեղեցի հաճախել ավելի շատ, քան նախկինում:

2003-ին պատմական Ասորեստանի՝ Իրաքի հյուսիսային Արբիլի շրջանից  ուղարկված քահանան վերածնել է ասորական գյուղի հոգևոր կյանքը, ծիսակարգեր ու պատարագներ անցկացրել եկեղեցում, համայնքը մոտեցրել հոգևոր կյանքին, ազգային պատկանելությանը: Արևելքի ասորական ընդհանրական սուրբ առաքելական եկեղեցու հոգևոր հայր Տեր Նիկադիմ Յուխանաևը ծնունդով Վերին Դվինից է: Սովորել է ԵՊՀ Աստվածաբանության ֆակուլտետում: Տեր Նիկադիմը Իրաքից ժամանած քահանայի հետնորդն է: Գնացել և սովորել է Իրաքում, ձեռնադրվել քահանա, այժմ Հայաստանի ասորական համայնքի միակ հոգևոր հայրն է:

Տեր Նիկադիմն ասում է, որ ժողովուրդը քիչ-քիչ հունի մեջ է ընկնում: Եկեղեցին էլ տեսքի է բերվում: «Մեծ առաջընթաց չկա, բայց զարգացման դինամիկա կա»,- ասում է Տեր Նիկադիմը: 

Վերին Դվինում գտնվող Հայաստանի արևելքի ասորական կաթողիկոսության սուրբ Առաքելական եկեղեցին առաջինը կառուցված տների հետ է սկսվել կառուցվել՝ 1828 թվականից, իսկ 1840-ականներին արդեն շինարարությունն ավարտվել է:  

Եկեղեցու շինության սրբատաշ քարերը դեռևս պահպանվում են: Պահպանվել են նաև պարսկաստանից բերված փայտե հենասյուները: Դրանք ներկվել են, որպեսզի երկար ծառայեն:

Աղյուսից կառուցված եկեղեցին 2000-ականների սկզբին փոքր-ինչ վերանորոգվել է. կողքերից տուֆից քարեր են շարվել, որպեսզի չփլվի: Խորհրդային տարիներին եկեղեցին որպես պահեստ է օգտագործվել՝ թույների, ցորենի և մետաքս հյուսող որթերի համար: Եկեղեցին սրբատեղի է դարձել խորհրդային կարգերի փլուզումից հետո: 

2000-ի վերանորոգման ժամանակ տանիքը ևս փոխել են, բայց քանի որ վերանորոգումը գյուղացիների մասնակցությամբ է արվել, տանիքին պրոֆեսիոնալ մոտեցում չի ցուցաբերվել, այն ժամանակի ընթացքում վնասվել է և սկսել կաթել: Տեր Նիկադիմն ասում է, որ անձրևի ժամանակ ամաններ են տեղադրվում եկեղեցու տարբեր մասերում, որպեսզի ջուրը չվնասի շենքը:

Արդեն դասընթացներ են կազմակերպվում եկեղեցում, երգչախումբ է ձևավորվել: 12 տարեկան Միլենան այդ երգչախմբում է երգում: Ճիշտ է, նա երբեմն շփոթում է ասորական հիմնի բառերը և օգտվում տետրից, բայց երբ խնդրեցինք մի ասորական երգ կատարել, առաջինը հենց հիմնը երգեց:

2004 թվականից Վերին Դվին համայնքը ղեկավարող, անկուսակցական Լյուդմիլա Պետրովան ասում է, որ կենցաղով իրենց գյուղը գրեթե չի տարբերվում հայաբնակ մյուս գյուղերից: Ունի լուծված և չլուծված խնդիրներ: Գյուղը գրեթե ամբողջապես գազիֆիկացված է, խմելու և ոռոգման ջրի հարցը՝ լուծված: Ասֆալտապատ է գյուղ հասնող կենտրոնական ճանապարհը, մինչդեռ միջհամայնքային ճանապարհները գրունտային են: Ժամանակ առ ժամանակ համայնքում եղած 29 ներհամայնքային ճանապարհները խճապատվում են:

Աղբահանություն ևս կատարվում է, բայց գյուղապետին դեռևս արդյունքը չի գոհացնում. Աղբի համար չնախատեսված վայրերում բնակիչները շարունակում են աղբ թափել: «Իմ ցավոտ խնդիրներից մեկն է»,- ասում է Լյուդմիլա Պետրովան:

300-ից ավել աշակերտ ունեցող դպրոցը հիմնականում բարեկարգ է, ներքին հարդարման աշխատանքներ վերջին երեք տարիների կառավարության հրատապ ծրագրերով կատարվում են: Մանկապարտեզի համար ներդրում է կատարվել ոչ տեղացի ասորիների կողմից՝ ասորական եկեղեցու միջոցով, սակայն այն անավարտ է դեռևս և հավելյալ շուրջ 50 հազար դոլար ներդրման կարիք ունի ավարտուն տեսք ստանալու համար:

45 մլն դրամ բյուջե ունեցող Վերին Դվինում համայնքի բյուջեով կարողացել են ցանկապատել գերեզմանոցը, բարեկարգել մարզադահլիճը, և համայնքին հուզող հարցերը ըստ առաջնահերթության հետզհետե լուվծում են: Այս պահին համայնքը սգո սրահի կարիք ունի: Այդ ուղղությամբ հոգևոր հոր հետ պայմանավորվել են, տարածք կա, և ճշգրտվում է ֆինանսական միջոցների հարցը:

Վերինդվինցիները բանջարաբուծությամբ են զբաղվում: Գյուղում 300 հա-ից ավելի պոմիդոր է աճեցվում: Վերին Դվինում աճեցված պոմիդորը հայտնի է իր որակով, որի համար վրացիները հասնում են ասորաբնակ գյուղը:

«Բնակիչները շատ լավ կարողանում են աճեցնել պոմիդոր: Մարդկանց հիմնական եկամուտը դրանից է գոյանում: Պոմիդորի ինքնարժեքը բավականին բարձր է, պոմիդորի վաճառքը ահագին եկամուտ է բերում, բայց տանջանքն է շատ, մեխանիզացված չէ, ձեռքի աշխատանք է ամբողջը, և ժողովուրդը շատ է տանջվում,- ասում է համայնքի ղեկավարը:   -Առաջ ավելի շատ էին գալիս ու թանկ գնով տանում էր, ու եկամուտը մեծ էր, ժողովրդի վիճակն էլ ավելի լավ էր: Էս վերջին 2 տարիներին վրացիների հոսքը քչացել է»:

Արտագաղթի զանգվածային ալիք ասորական գյուղից եղել է 1990-ականներին: Վերջին տարիներին արտագաղթ չի դիտվում, բայց արտագնա աշխատանքի գնացողներ շատ կան՝ շուրջ 50-60 տղամարդ:

«Հողագործությամբ ենք զբաղվում, բայց դրանով կարելի է միայն գոյատևել, ուրիշ բան չի կարող անել բնակիչը: Չի կարող մեքենա ունենալ, նորմալ ապրել, կենցաղը բարելավել, ճոխություն թույլ տալ, բայց արժանի ենք լավ կյանքի: Արժանի ենք, բայց չենք կարողանում՝ հազիվ ծերը ծերին հասցնում ենք»,- ասում է Լյուդմիլա Պետրովան:

Լյուդմիլա Պետրովային հարցնում եմ, թե ինչպես է կին գյուղապետը 13 տարի կարողանում կառավարել համայնքը: «Չեմ ուզում հանկարծ ստվերել հայերին, իմ ընկերներն ու շրջապատը հայեր են, բայց ասորիներն ավելի կնամեծար են, քան հայերը»,- ասում է գյուղապետը:

Մեր զրույցն ընդհատում է Արարատի մարզպետի ասորի խորհրդականը՝ Ալբերտ Յակուբովը: Նա Վերին Դվին է եկել մարզպետ Արամայիս Գրիգորյանի շնորհավորական ուղերձը փոխանցելու:  

Ապրիլի 1-ին ասորիները նշում են իրենց Նոր տարին: Գարնան սկիզբը խորհրդանշող այս տոնը, սակայն, Հայաստանում ապրող ասորական համայնքն այս տարի առաջին անգամ չի նշելու. նրանք չեն երգելու և չեն պարելու այսօր, հարգելու են ապրիլյան քառօրյա պատերազմի զոհերի հիշատակը՝ առաջին տարելիցը:


Գլխավոր էջ


Տես նաև՝

ավելին

Այս թեմայով

... կարդացեք ավելին «Ազգային փոքրամասնությունները Հայաստանում» թեմայով
Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։