Կիրակի, 23 սեպտեմբերի

«Գրանդ Քենդի» ընկերության աշխատակիցը «մոնիտորինգ» է իրականանցում Բագրատաշենում




Տավուշի մարզի Այրում համայնքի Բագրատաշեն բնակավայրի ղեկավարի աշխատասենյակը մարտի  31-ին` աշխատանքային ժամից հետո, և ապրիլի 1-ին գրեթե ամբողջ օրը բաց է եղել: Գյուղի բնակիչների խոսքով՝ այս ընթացքում անընդհատ մարդկանց և մեքենաների հոսք է եղել դեպի ղեկավարի նստավայրի վարչական շենք:

«Հետք»-ի լրագրողը Բագրատաշեն հասավ ուշ երեկոյան, որտեղ վերը նշված վարչական շենքի լույսերը միացված էին, իսկ դրա դիմաց կանգնած էր «Գրանդ Քենդի» ընկերության մի մեքենա:

Համայնքի բնակիչները «Հետք»-ի հետ մասնավոր զրույցներում նշեցին, որ երեկվանից ղեկավարի նստավայրում համայնքի բնակիչներին գումար է բաժանում «Գրանդ Քենդի» ընկերությունը:

Նշենք, որ Տավուշի մարզում ՀՀԿ կուսակցության կողմից ռեյտինգային ցուցակով առաջադրված թեկնածուներից է Գրիգոր Ավալյանը։ Նա «Գրանդ  տոբակո» ՍՊԸ-ի ֆինանսական  տնօրենն է:

«Հետք»-ի հետ զրույցում, սակայն, բնակավայրի ղեկավար Արկադի Մակյանն ու  «Գրանդ Քենդի» ընկերության ներկայացուցիչը հայտնեցին, թե այլ պատճառներով են  վարչական շենքում:

Երբ մտանք բնակավայրի ղեկավարի աշխատասենյակ, այնտեղ գտնվող մոտ 6 անձինք արագ լքեցին սենյակը: Ներսում մնացին բնակավայրի ղեկավար Արկադի Մակյանն ու «Գրանդ Քենդի» ընկերության աշխատակիցը:

Մեր հարցին՝ ի՞նչու է իր աշխատասենյակը բաց, Մակյանը պատասխանեց, թե եկել է ինչ- որ փաստաթղթեր վերցնելու: Հարցին՝ թե ինչ նպատակով է «Գրանդ Քենդի» ընկերության աշխատակիցն իր աշխատասենյակում, Մակյանը պատասխանեց, թե «իրենց ընտրատարածքն է, ընտրություններ են, եկել են»:

Մինչդեռ  «Գրանդ Քենդի» ընկերության աշխատակիցը շտապեց ուղղել Մակյանին՝ նշելով, որ ինքը մոնիտորինգ է իրականանցում: Վերջինս հրաժարվեց ներկայանալ և հայտնել «մոնիտորինգի» վերաբերյալ մանրամասներ:

Շուտով սենյակը լքած անձանցից մեկը վերադառնալով՝ փորձեց թույլ չտալ մեզ նկարահանում իրականացնել և վերցնել տեսախցիկը, սակայն նրա գործողությունները կանխվեցին Մակյանի և «Գրանդ Քենդի» ընկերության աշխատակցի կողմից:

Նշենք, որ աշխատասենյակում կային Գրիգոր Ավալյանի նախընտրական բուկլետներ, իսկ «Գրանդ Քենդի» ընկերության աշխատակցի դիմաց ինչ-որ ցուցակ էր դրված:

Մանրամասները՝ տեսանյութում:


Գլխավոր էջ



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ