HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հրանտ Գալստյան

Ապրիլի զոհերը

2016թ-ի ապրիլի 1-ին, ծնողների հետ հեռախոսով խոսելիս, 20-ամյա Ռաֆիկը ասել էր, որ երբ հունիսին զորացրվի, չի ցանկանում, որ ծնողներն իր վերադարձի առթիվ խնջույք կազմակերպեն: «Ասի՝ ինչի՞, ազիզ, թե՝ եսիմ, մամ, էդքան փող չունենք, որ ծախսենք: Ասի՝ այ ցավդ տանեմ, դու արի, դու փողի մասին մի մտածի, Ռաֆիկ ջան: Դու մենակ մտածի՝ զգույշ եղի կարևորը»,- որդու հետ վերջին հեռախոսային խոսակցությունը հիշում է մայրը՝ Նաիրան:

Ռաֆիկ Հակոբյանը զոհվել է հաջորդող գիշերը՝ Թալիշի ուղղությամբ տեղի ունեցած մարտական գործողությունների ժամանակ:

Ապրիլ ամսվա ընթացքում Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի սահմանին տեղի ունեցած ռազմական գործողությունների ժամանակ սպանված հայ զինծառայողների ընտանիքների 51,3 %-ը աղքատ է, որոնցից 32,4%-ը` ծայրահեղ աղքատ (ըստ Ազգային վիճակագրական ծառայության մեթոդաբանության) [1]:

«Հետք»-ի կատարած ուսումնասիրությունը[2] ցույց է տալիս, որ զոհվածների ընտանիքներում յուրաքանչյուր անձի հաշվով միջին ամսական եկամուտը 29 810 դրամ է, ինչը կազմում է Հայաստանում նվազագույն սպառողական զամբյուղի գրեթե կեսը (54%):

Արագածոտնի մարզի Կարմրաշեն գյուղի երեք սենյականոց տանը, որտեղ ապրում է Ռաֆիկի հորեղբոր՝ 10 անձից բաղկացած ընտանիքը, տիկին Նաիրան պատմում է իրենց ընտանիքի մասին:

Կարմրաշենից նրանք 5 տարի առաջ տեղափոխվել են Ռուսաստան: Պետերբուրգում տիկին Նաիրան աշխատել է տպարանում, իսկ ամուսինը` Խլղաթը, շինարարության ոլորտում: 2-3 տարի Ռուսաստանում է ապրել նաև Ռաֆիկը, և աշխատել է կոշիկի ֆաբրիկայում: Մայրը պատմում է, որ գործատուն առաջարկել է Ռաֆիկին ազատել բանակից, հետո այդ գումարը պահել աշխատավարձից, սակայն Ռաֆիկը չի համաձայնվել:

Նաիրան և Խլղաթը

Ընտանիքը Ռուսաստանում վարձով է բնակվում: Ծնողների գործն այնտեղ մշտական չի եղել. Խլղաթը, օրինակ, 2015թ-ի դեկտեմբերից ի վեր` մինչև Հայաստան գալը, չէր աշխատել:

Ապրիլի 4-ին իմանալով Ռաֆիկի մահվան մասին՝ Նաիրան և Խլղաթը եկել էին Հայաստան: Օդանավի տոմսը նրանց համար գնել էին Պետերբուրգում ապրող հայերը: Մյուս երկու երեխաները` 18-ամյա Ալիսան և 16-ամյա Նարեկը, մնացել էին Ռուսաստանում: «Երեխաները փող չեղնելու պատճառով չեն եկել աղբոր համար»,- մայիսին, մեր այցելության ժամանակ, պատմում էր Նաիրան: Հուղարկավորությունից մեկ ամիս անց ծնողները վերադառնալու էին Պետերբուրգ:

Մայիսին առաջնագծում էին նաև Ռաֆիկի երեք համադասարանցիները: 120 ընտանիք ունեցող Կարմրաշենում հիմնականում անասուն են պահում, կարտոֆիլ, գարի ու ցորեն են ցանում, պանիր ու կարտոֆիլ վաճառում: Գյուղապետի տեղակալ Սամվել Թորոսյանը պատմում է, որ ընտանիքների 50-60%-ը Ռուսաստանում աշխատող ունի: Մինչև ռուբլու արժեզրկումը նրանց թիվն ավելի մեծ է եղել:

Ամեն 3-րդ ընտանիքում աշխատող չկա

«Հետք»-ի հարցմանը մասնակցած ամեն 3-րդ ընտանիքում աշխատող չկա: Իսկ աշխատողների միջին ամսական եկամուտը կազմում է մոտ 108 հազար դրամ, ինչը ապրիլին Հայաստանում գրանցված միջին ամսական անվանական աշխատավարձի 58%-ն է:

Այդ ընտանիքների 40%-ում գոնե մեկ անձ մեկնում է արտագնա աշխատանքի՝ Ռուսաստանի Դաշնություն:

20-ամյա Արամ Աբրահամյանի հայրը՝ Արայիկը, ով շատերի պես ապրիլին վերադարձել էր Ռուսաստանից

Գեղարքունիքի մարզի Երանոս գյուղում, որտեղ ապրում են ապրիլյան գործողությունների մեկ այլ զոհի` Նորիկ Սարգսյանի հարազատները, 10 անձից բաղկացած ընտանիքի կարիքները հոգում են Նորիկի երկու ավագ եղբայրները, որոնք աշխատում են Ռուսաստանում: Մեր այցելության պահին նրանց հայրը գնացել էր Երևան` աշխատանք փնտրելու: Նորիկի մորը հարցնում եմ, թե ինչ էր պատրաստվում անել տղան բանակից զորացրվելուց հետո: Տիկին Լենան պատասխանում է. «Հիմնական մեր մոտ Ռուսաստանն ա: Մեր էրեխեքը սաղն էլ էդ են անում»:


Լենան

«Ես 20 տուն մենակ Ռուսաստանի Դաշնությունում ունեմ, իմ հարազատությունը՝ հորեղբոր տղա, աղջիկ, հորեղբայր…, որ էստեղ կարիքը արդեն խեղդում էր, չէին կարա, շուտվանից գնացին»,- ասում է ապրիլի 4-ին սպանված Միշա Աղաջանյանի հայրը՝ Կամոն: Միշան մեկ ամիս՝ մինչև զորակոչվելը, նույնպես աշխատել էր Ռուսաստանում: Հավաքած գումարին ավելացրել էր գյուղատնտեսական աշխատանքներից ստացածն ու մի տրակտոր գնել հոր համար. «Ասաց քեզ մի հատ տեխնիկա առնեմ զբաղվի, մինչև ես գամ բանակից, որ օրդ շուտ անցնի: Էն էլ օրս... շաբաթը շուտ եկավ, քան թե կիրակին»:


Միշան ընտանիքի միակ զավակն էր: Մայրը՝ Ջավահիրը, մաքրուհի է աշխատում Վարդաբլուրի դպրոցում. հայրը պահակ է անտառտնտեսությունում: «Հազիվ ծեր-ծերի հասցնում ենք,- ասում է Կամոն, ապա հավելում,- թող իմ տղին ոչ մի բան չլներ, ինձ ոչ մի բան պետք չէր... Ուզում էր գար, տունը նորից վերանորոգեր, սովորեր, աշխատանք ձեռք բերեր, ամուսնանար, ընտանիք կազմեր: Նպատակներ շատ ունեինք իր հետ կապված»:

Ճանապարհելիս Միշայի հայրն ասում է. «Ճանապարհները նկարեք, ցույց տվեք, որ հերոսի գյուղ ա չէ՞»:

Գոռ Կիրակոսյանի հայրն ու մեծ եղբայրը Ռուսաստանից վերադարձել էին ապրիլին, երբ լսել էին տղայի մահվան լուրը: Արմավիրի Արևիկ գյուղում Գոռի հարազատներն ապրում են նրա հորեղբոր ընտանիքի հետ: Գոռի մայրը ուսուցչուհի է, մյուսները հողագործությամբ են զբաղվում: Հորեղբայրն ասում է, որ այդ տարի խաղողի մեկ կիլոգրամը վաճառել են 20 դրամով: Եկամտի մի մասն էլ տատի ու պապի թոշակից է գոյանում:

Երկու գյուղ այն կողմ՝ տնամերձ այգուց ստացած բերքով ու պապի 39 000 դրամ թոշակով են ապրում Բորիս Օզմանյանի ընտանիքի անդամները: «Թոշակս առնում էի ամեն ամիս, նասկի, մայկա ուղարկում էի, մի երկու հատ էլ ավել էի ղրկում, ասում էի կարող ա ծնողները քյասիբ են, ձեռը չկա, դու քո ընկերներին տուր,- հիշում է Բորիսի պապը՝ ազգությամբ եզդի Մրազը:

Մրազը

Բորիսն ութամյա կրթություն ուներ: Նրա կրտսեր եղբայրը՝ 16-ամյա Աջոն, հեշտ չի համակերպվում եղբոր մահվան հետ. «Վախեցել ա, տեղաշորի միջից գիշերը դուրս ա գալիս, փախնում ա: Սաղ գիշեր չեմ քնում, իմ կողքն ա: Պիտի զարթուն նստեմ, որ հանկարծ էրեխեն չէթա մի վնաս տա»:

Բորիսի ծառայության մասին խոսելիս պապն ասում է՝ «ես եմ ասել՝ գնա բանակ, բա ով էթա բանակ»։

 

Զոհերի 20%-ը զորակոչվելիս առողջական խնդիրներ են ունեցել

Պարտադիր ժամկետային ծառայության մեկնած 9 զինծառայողների (20%) հարազատներ մեզ հետ զրույցում նշել են, որ իրենց որդուն բանակ են զորակոչել առողջական խնդիրներով: Արամայիս Միքայելյանի մայրը՝ Լիլիթը, նշում է, որ որդուն զորակոչել են ծնկոսկրերի ու կրծոսկրի դեֆորմացիայով և հարթաթությամբ, իսկ իր հարցին, թե ինչ է նշանակում սահմանափակումով զորակոչելը, բժշկական հանձնաժողովում պատասխանել են, որ տղային առաջնագիծ չեն տանի:

«Իրան սերժանտի թեկնածու էին դրել, ասին հոդվածներ ունես, սերժանտ չես կարա լինես: Հա՛մ սերժանտականին էր վնաս, հա՛մ հաշվի չէին առնում, որ ինքը պոստավոյ ծառայության էլ պետք չի. դե արի ու հասկացի: Այ էդ ա ցավս ու ջղայնությունս»,- ասում է Արմավիրի Ոսկեհատ գյուղում բնակվող Լիլիթը:


Լիլիթը

Արամայիսը մինչև զորակոչվելը ­­ռադիոկապ էր սովորել Էջմիածնում: Մայրը պատմում է, որ չնայած դրան՝ տղան բանակում չի կիրառել իր մասնագիտությունը, որը կարող էր օգտագործել նաև առաջնագծում ծառայության ժամանակ:

«Ես հետո եմ իմանում, որ կապի վրա ընկել ա ոմն ինչ-որ մեկը, որը ավելի թիկունք ունի… Քանի անգամ եղել ա կապի հետ կապված խնդիր չաստում, էդ ինքը ինձ ամաչում էր ասեր, ես հետո էի իմանում, որ էրեխուն են կանչել, ինքն ա գնացել էդ կապերը շտկել ա: Սարքավորումների հետ խնդիր ա եղել, իմանալով, որ ինքը մասնագետ ա՝ իրան են կանչել… Ու էնքան ցավ էր ապրում, ասում էր մամա, ախր էդ ամեն ինչը ես նենց… ու իրոք, ոգևորված սովորել էր էրեխես: Շատ ոգևորված պատրաստվել էր, որ դա իրան պետք ա գալու, հանկարծ մի բան չթերանա բանակում, ինքը օգտագործի իր գիտելիքը: Ու էնքան ցավ ապրեց, որ իրան հաշվի չառան: Ասում էր՝ խոսացնում ես, իսկի կապից գաղափար չունեն, բացարձակ չեն հասկանում՝ որը որի հետ պետք ա կապ տան, չէ որ մենք իրանց ենք վստահում, էդ ամեն ինչը իրանք պետք ա մեզ հաղորդեն, որ մենք դիրքում կանգնենք: Շատ խնդիրներ կային: Շատ ժամանակ ասում էի լավ, հեռախոսով էդքան բան մի ասա, չի կարելի: Ասում էր՝ ախր ջղայնանում եմ էս անօրինակ վիճակից, ասում էր թող կարգ ու կանոն լինի, ես չեմ խուսափում դրանից»:

Արամայիսը տան ավագն էր: Եղբոր՝ Արսենի տարիքն իմանալով՝ նկատում եմ, որ նա էլ պետք է շուտով զորակոչվի: «Պետք ա, բայց բացառվում ա: Ով ինձ ուզում ա՝ մեղադրի, բացառվում ա: Ես չեմ թողնի: Ես երկրորդը չունեմ էլ կորցնելու»,- ասում է Լիլիթը:

2016թ-ի մարտին ծառայության անցած պայմանագրային զինծառայող, 23-ամյա Ռոբերտ Աբրահամյանի ծնողները՝ նրա նորածին երեխայի հետ

3 զինվորներից 1-ը ընդունված է եղել բուհ

Զոհված ժամկետային պարտադիր 3 զինվորներից 1-ը ընդունված է եղել բարձրագույն ուսումնական հաստատություն: Գրեթե նույնչափ զինվորներ ունեցել են միջնակարգ կրթություն: Իսկ ամեն 5-րդը ունեցել է թերի միջնակարգ կրթություն:

soldiers-education
Create your own infographics

Սակայն Հայաստանում ուսումնական հաստատություններն ավարտող նույն տարիքային խմբի երիտասարդների հետ համեմատելիս՝ նկատելի է, որ ապրիլին առաջնագծում եղածների շրջանում մեծ թիվ են կազմել թերի միջնակարգ կրթությամբ զինվորները:

 

Պարտադիր ժամկետային զինվորների կրթությունը
Create your own infographics

Բարձրագույն կրթություն է ունեցել միայն մեկ ժամկետային զինծառայող: Անդրադառնալով այս հարցին՝ այն ժամանակվա պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ասել էր, որ բարձրագույն կրթություն ստանալ, ասպիրանտուրա ընդունվել և տարկետում վերցնել կարողանում են հիմնականում միջին և բարձր խավերի ընտանիքներից, որոնք էլ հետագայում լրացնում են սերժանտական կազմը: Նախարարը սա կոչել էր «օբյեկտիվ հանգամանք»՝ բացատրելու համար, թե ինչու են առաջնագծում գտնվում հիմնականում անապահով ընտանիքի անդամները, ինչը, ըստ նրա, «այնքան էլ չի համապատասխանում իրականությանը»:

Աղասի Ասատրյանի հայրն ու տատը՝ իրենց հին տան մոտ, որի կողքին Աղասին նոր տան հիմք էր գցել

Զոհված զինծառայողների մեծ մասը եղել են Արցախից. նրանց մեծամասնությունը՝ պայմանագրային ծառայողներ: Ինչ վերաբերում է պարտադիր ժամկետային ծառայության մեկնածներին, նշենք, որ թեև ամենաշատ զոհվածները եղել են Երևանից, առանձին բնակավայրերի բնակիչների թվի հարաբերակցությամբ (100 000 բնակչի հաշվով) մեծ թիվ են կազմում Կոտայքի, Արագածոտնի և Շիրակի մարզերից ծառայության մեկնածները: Նկատենք, որ Շիրակն ու Կոտայքը Հայաստանի ամենաաղքատ մարզերն են՝ բնակչության աղքատության համապատասխանաբար 44,2 և 37,2% ցուցանիշներով:

 

Ուսումնասիրության տվյալները «Հետք»-ը հուլիսին ներկայացրել էր պաշտպանության նախարարին և խնդրել պարզաբանել դրանք: Նախարարության աշխատակազմի ղեկավար Գ.Հայրապետյանը պատասխանել է, որ «տվյալները, թե զոհված զինծառայողների մեծ թիվը կազմում է աղքատության բարձր ցուցանիշ ունեցող մարզերի բնակիչները, չի համապատասխանում իրականությանը»:

«...Բացի այդ, 2013թ, 2-րդ զորակոչից սկսած ՀՀ զինված ուժերում գործում է զորամասի ընտրության վիճակահանության սկզբունքը, ինչը բացառում է ծառայության վայրի որոշման գործընթացում որևէ միջամտության կամ կոռուպցիոն ռիսկի հանգամանքը»,- գրել է ՊՆ պաշտոնյան:


[1] Ըստ Ազգային վիճակագրական ծառայության՝ աղքատ են գնահատվում նրանք, ում սպառումը մեկ չափահաս անձի հաշվով ցածր է աղքատության վերին ընդհանուր գծից (40 264 դրամ), իսկ ծայրահեղ աղքատ՝ նրանք, ում սպառումը ցածր է աղքատության պարենային կամ ծայրահեղ գծից (23 384 դրամ):

[2] 2016թ-ի ապրիլի 1-ից 30-ը զոհված զինծառայողների (ժամկետային և պայմանագրային) ընտանիքների հետ հարցումները անց են կացվել ապրիլ-մայիս ամիսներին` այցելությունների և հեռախոսազանգերի միջոցով: Ուսումնասիրությունը ներառել է մարտական պայմաններում զոհված 77 զինվորականների ընտանիքներ. նրանցից 3-ի հարազատները հրաժարվել են հարցմանը մասնակցելուց:


 

Ինֆոգրաֆիկան՝ Մարինե Մադաթյանի

Լուսանկարները՝ Նարեկ Ալեքսանյանի և Հրանտ Գալստյանի

Հոդվածի հրապարակմանն աջակցել են Քնար Բաբայանը, Դիանա Ղազարյանը, Երանուհի Սողոյանը, Լարիսա Փարեմուզյանը, Հերմինե Վիրաբյանը, Գայանե Սարգսյանը, Տիգրան Հովակիմյանը, Ազատուհի Խաչատրյանը, Սառա Պետրոսյանը, Անի Հովհաննիսյանը, Էվա Կոնստանտարասը

Մեկնաբանություններ (3)

Մ.Գրիգորյան
ՄեկնՀարգելի խմբագրություն. նախ ուզում եմ շնորհակալություն հայտնել ձեր ազնիվ ու անձնվեր աշխատանքի համար: Բոլոր նյութերը այնքան խնամքով եք հավաքել, բանակի, առավելևս ապրիլյան պատերազմի նահատակների ընտանիքների մասին այս նյութերը հնարավոր չէ առանց հուզմունքի կարդալ: Այս օրերի համատարած ապականության մեջ ձեր ներկայությունը հույս է ներշնչում,որ ամեն ինչ դեռ կորած չէ: Կրկին շնորհակալություն բոլորիդ, անուն առ անուն:Աստված պահպանի մեր ազգը:
Հրանտ Գալստյան
Հարգելի Մ.Գրիգորյան, շնորհակալություն մեր աշխատանքին հետևելու համար:
Лилит
Как же тяжело все это читать И смотреть фотографии очень тяжело! как же бедно они живут! куда же ушла миллиардная помощь что собирали всем миром после апрельской войны??? Просто опускаются руки И нету выхода Самое ужасное что жители этих районов больше всех голосовали за республиканскую партию в парламент О чем о ни думали???

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter