HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երանուհի Սողոյան

Զորակերտի 30/31 ընտրատեղամասում սարքը հրաժարվում է կարդալ ընտրողների սառած մատների տվյալները

Շիրակի մարզի Արփի խոշորացված համայնքի Զորակերտ բնակավայրի միջնակարգ դպրոցում տեղակայված է 30/31 ընտրատեղամասը: Զորակերտի բնակչության թիվը 204 է, փաստացի գյուղում ապրում է 130 մարդ: Զորակերտի ընտրողներն, ըստ ընտրացուցակների, 165 է, իսկ այս ընտրություններին՝ շնորհիվ լրացուցիչ ընտրացուցակի, թիվն ավելացել է 11-ով: 30/31  ընտրատեղամասի հանձնաժողովի նախագահ Արտակ Հակոբյանն ասում է, որ լրացուցիչ ցուցակով Զորակերտում ընտրություն են իրականացնելու հանձնաժողովի 5 անդամն ու մեկ ոստիկան Գյումրիից, 2-ական հոգի, ովքեր հաշվառված են Շիրակի մարզի Մեծ Մանթաշ գյուղում եւ Կոտայիք մարզի Աբովյան քաղաքում, եւս քվեարկելու են նշված ընտրատեղամասում: Իր սահմանադրական իրավունքը Զորակերտում ցանկացել է իրականացնել նաեւ Երեւանից Վաղարշակ Ասատրյանն, ում զորակերտցիներն այդպես էլ չճանաչեցին:

Լրացուցիչ ցուցակով, ժամը 12:35-ի դրությամբ, քվեարկել են միայն հանձնաժողովի 5 անդամները: Մեծ Մանթաշում, Աբովյանում եւ Երեւանում հաշվառված անձինք առայժ չեն եկել քվերակության: Այս ընտրատեղամսում եւս կան տեղական դիտորդներ «Լիարժեք կյանք» եւ «Աբովյանի ուսանողական խորհուրդ» կազմակերպություններից: Զորակերտցի երիտասարդ դիտորդներն, ինչպես Բերդաշենի իրենց կոլեգաները, անտեղյակ էին նշված կազմակերպություններից, որոնց անունից դիտորդություն էին իրականացնում Զորակերտում: Հանձնաժողովի նախագահի փոխանցմամբ, 20 րոպեով ընտրատեղամաս են այցելել երկու դիտորդ ԵԱՀԿ-ից: 30/31 ընտրատեղամասում ներկայացուցիչներ ունեն ՀՀԿ-ն, ՀՎԿ-ն, ՀԿԿ-ն եւ «Ծառուկյան» դաշինքը: Ընդ որում՝ Կոմունիստական կուսակցությունը որոշել է երկու վստահված անձանց միջոցով հետեւել ընտրություններին:

Զորակերտի ընտրատեղամասում եւս բացակայում էին տեսախցիկն ու խոշորացույցը: Ժամը 13:00-ի դրությամբ Զորակերտում քվեարկությանը մասնակցել են 40 ընտրող, որից 3-ն օգտվել են այլ անձանց աջակցությունից: Նրանցից Կարապետ Բորբորյանն, օրինակ, քվեարկեց քրոջ՝ Արմինե Բորբորյանի օգնությամբ: Քույրը բացատրեց, որ եղբայրը էպիլեպսիկ հիվանդ է եւ չի կարող ինքնուրույն ընտրել: Գրանցամատյանում սկզբում եղբոր փոխարեն ստորագրեց քույրը, սակայն հանձնաժողովի նախագահի որոշմամբ, Կարապետ Բորբորյանը, ով չէր կարող ստորագրել, պարզապես խաչ դրեց իր անվան դիմաց:

Այս պահի դրությամբ որեւէ ընտրախախտում Զորակերտում չի գրանցվել: Մատնահետքը կարդացող սարքի հետ որոշակի խնդիրեն ծագել են երեք քվեարկողի հետ: Պարզվում է սարքը դժվարանում է ճանաչել ոչ միայն կոշտ, վնասված մատը, այլեւ ցրտից սառած մատը եւս խնդրահարույց է: Նշենք, որ Զորակերտը գտնվում է Արփա լճի մերձակայքում, ծովի մակերեւույթից 2025 մետր բարձրության վրա, որտեղ ձյան շերտը մնում է մինչեւ մայիս:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter