HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անուշ Քոչարյան

Ապրիլյան քառօրյայի լուսանկարիչ զինվորը․Արեգ Բալայան

Փետրվարին «Միրզոյան» գրադարանում բացվեց Արեգ Բալայանի «MOB.» լուսանկարչական ցուցահանդեսը։ Լուսանկարները պատմում են այն ճանապարհի մասին, որն Արեգն անցել է որպես զինվոր 2016-ի ապրիլի 2-ից մինչև հունիսի 1-ը՝ սահմանապահ տղաների հետ, Արցախի հյուսիսային սահմանին՝ հայտնի որպես «Եղնիկներ» զորամաս (ֆոտոշարքն արժանացել է “LensCulture Exposure Awards”-ի երկրորդ մրցանակին):

Գյուղակադեմիան ավարտելուց հետո Արեգը որոշում է Արցախում հաստատվել, ֆերմա ունենալ, փորձել աշխատել մասնագիտությամբ։ Չնայած, որ ֆերմա ունենալու գաղափարը իրականության չդարձավ, Արեգն ապրում եւ ստեղծագործում է Արցախում․ «Երեւանում աշխատում էի “MiRED” ստուդիայում, ու, ըստ երեւույթին, էդ տարիների լուրջ ստուդիան մենք էինք ներկայացնում։ 2005թ-ին ցրվեցինք՝ Կարենը գնաց Կիեւ, Վահրամը՝ Լեհաստան, ես՝ Ղարաբաղ․․․ Ու սկսեցի ֆոտոյով զբաղվել։ Էրեխեք հավաքեցի, սկսեցի դաս տալ։ 2006թ-ից համարյա ամեն տարի խումբ եմ ունեցել, հիմա արդեն շատերը լուսանկարում են․ նույնսիկ իմ  էրեխեքից մեկը  «Picsart»-ի աշխատակից է»։

Արեգի հետ զրուցել ենք դեռ մեկուկես ամիս առաջ՝ բավականին երկար։ Հնարավորությունը՝ այդ զրույցը վերածելու հանրային նյութի՝ հարցազրույցի, բավականին քիչ էր, որովհետեւ նախեւառաջ Արեգը, բառիս բուն իմաստով, ուղղակի զրուցում է հետդ, չի ուզում շատ բան դուրս գա, հանրային դառնա։  Իսկ այդ հանրայինը, որ պիտի դառնար, Ապրիլյան պատերազմն է, որի մեջ նաեւ Արեգն էր՝ որպես զինվոր, հետո նոր որպես լուսանկարիչ։

«Օտարը»․ Արեգ Բալայանը՝ դիրքերում (ինքնանկար)

«Ապրիլերկուսյան մի լուսապայծառ առավոտ զարթնեցինք ու պարզվեց, որ «քաքը մտել ա վինծիլյատռ»․․․ Կանչեցին, գնացինք։ Իհարկե էստեղ լավ կլիներ ասել «զենքերը վերցրինք, գնացինք», բայց իրականում զենք ստացանք վերջում «պոստից հինգ պակաս»»գրում է Արեգը՝ իր «MOB.» ֆոտոցուցահանդեսի մասին պատմող տեքստում (MOB. նշանակում է մոբիլիզացիա՝ ռազմական ուժերը խաղաղ իրադրության վիճակից պատերազմականի բերելը)։ 

ԱՊՐԻԼԻ 2, Ստեփանակերտ

Ամսի 2-ի առավոտը խառը վիճակ էր քաղաքում, ապարատը ձեռքիս էր, բայց չէի նկարում․ չգիտեի՝ իմ արածը օգուտ կտա, թե վնաս, որովհետեւ ոչ մի հստակ ինֆորմացիա չունեինք,  թե ինչ է կատարվում։ Հայտարարություն կոնկրետ այդ օրը չի եղել։

Ինձ մոտ  միշտ այս պահը լինում է․ ես էնպես չի, որ ամեն գնով կնկարեմ։ Ստացվում է՝ հա՛, ինձ համար երկիրն է կարեւորվում, հետո նոր լուսանկարը։ Նույնիսկ դիրքերում կային իրավիճակներ, որոնք նկարել չէի կարող, պատմել՝ առավել եւս։ Էլի մտածում եմ էդ ինֆորմացիայի փոխանցման մասին՝ ինչքանով դա կվնասի եւ ում կվնասի․ համոզված եմ՝ հաստատ ոչ էն մարդկանց, ովքեր մեղավոր են։

Բացի սա․ իմ ֆունկցիան էդ օրերին լուսանկարելը չէր։ Հասցնում էի նկարել, երբ հանգիստ էր, երբ, ասենք, գնում էինք ջուր բերելու (մյուս կողմից էլ ապարատին պետք է խնայողաբար վերաբերեի, քանի որ լիցքավորելու հնարավորություն չկար)։ 

Առանց լուսանկարչական ապարատի

Ես 14 օր առանց ապարատի էի, ինչ-որ բաներ էի փորձում անել։ Նկարում էի։ Ճեպանկարն էլ էդ ժամանակ միջոց էր, որպեսզի ես էդ իրավիճակում ինձ ուրիշ ուղղությամբ տանելու հնարավորություն ունենայի։ Իրականում մենք էնտեղ մաքսիմալ էինք ապրում էդ տղերքի հետ միասին, շատ բան ուղղակի ինձ վրա էի վերցնում, որովհետեւ իրենք ջահել էին։

«Էս ցուցահանդեսում պատմում եմ էն ճանապարհի մասին, որը 2016թ-ի ապրիլի 2-ից հունիսի 1-ը անցել եմ էս տղերքի հետ։ Ամեն մեկը մի աշխարհ էր՝ հպարտ, վախեցած, գազազած, մոլորված, հերոսացած, կարոտած, սոված, մրսած, անտարբերացած, հոգնած, ոգեւորված, տղամարդացած, չքնած ու սիրուն աշխարհ»։

Լուսանկարել եմ խաղաղ պահերին․․․ Պատերազմ լուսնկարելը, կարելի է ասել, պոպուլյարության հեշտ է տանում․ ի նկատի ունեմ, որ նման պայմաններում արված լուսանկարը գնահատելի է։ Պատերազմում էմոցիոնալ վիճակները շատ են լինում, վիճակներ, որոնք մեզ ծանոթ չեն, ու նայողին դա շատ է հետաքրքրում։ Կարճ ասած՝ լուսանկարիչի համար պատերազմ ներկայացնելը հեռանկարային է կարիերայի տեսանկյունից, բայց երբ ընտանիք ունես (մի քիչ էգոիստական կարող է թվա), չես ուզենա գնալ էդ ճանապարհով։

Մեկ է, պատերազմը պատերազմ է, կապ չունի էնտեղ որպես ինչ ես․ գուցե ուղղակի ջուր խմես, ու հենց էդ պահին բոմբն ընկնի գլխիդ․․․ 

Լուսանկարելու ընթացքում երկխոսություններ չկային

․․․Օրինակ, Ռաֆոյի պատմությունը հետաքրքիր է շատ (հունվարին վերջացրեց պարտադիր ծառայությունը)։ Հա՛մ դուխավիկ էր, հա՛մ խելքն էր տեղը, համ էլ սիրտն էր տեղը։ Ռաֆոն կատու ուներ, կռվի ժամանակ ձագ էր ունեցել  սա, ու գնացել էինք էդ պոստ, որտեղ իր կատուն էր՝ ձագերի հետ․․․ Ու լուսանկարում Ռաֆոն էդ ձագերից մեկին շատ նուրբ շոյում է (տես գլխավոր լուսանկարը)։

Եղել են պահեր, երբ նախաձեռնել եմ, համախմբել, որ պորտրետներ ստանամ, բայց հիմնականում լուսանկարները դուրս են երկխոսություններից։ Ու ընդհանրապես, էդ տղերքի հետ մեծ եղբոր պես էի, իրենք ինձ էին հարգում ու սիրում, ես՝ իրենց։ 

Այդ օրերին

Էդ օրերին ի՞նչ համակարգ․ նախ դու ինքդ ես որպես համակարգ քանդվում, դառնում ես ոչ մի բան, դառնում ես էն, ինչ ծնվել ես․ էն պահն է, երբ չգիտես՝ հայրենիքը, սերը, թշնամին ինչ է իրականում․ հա՛, դրա մասին գիտես, բայց էդ իմացածդ չի․․․Դառնում ես եսիմ ինչ, համակերպվում ես էն մտքին, որ գնում ես, ու, եթե ստացվի հետ կգաս, գուցե նաեւ հավաքվես։

 ««Եղնիկներում» նույնպես հրաժեշտ տվեցի ամբողջ աշխարհին՝ կնոջս, էրեխեքիս, էն ամբողջին, ինչ դեռ չէի հասցրել տալ էրեխեքիս, ծնողներիս, ախպերներիս, ընկերներիս, մասնագիտությանս, սիրած գործիս, ապարատիս, սիրած ուտելիքներիս, բատինկեքիս, սիրելի քաղաքներիս, երկրիս ու ինձ։ Դարձա մի փոքր կետ, շատ փոքր կետ։ Համարյա ոչինչ։ Ու սկսեցի ապրել ստեղծված նոր իրականության մեջ։ Դա հենց էն խավարն էր, որի մասին լուրջ գրքերում գրում են․ խավարը զարհուրելի էր»։

Չեմ ուզում բողոքեմ, ծանրացնեմ էս ամեն ինչը, մեկ է, ամեն ինչ շարունակվելու է իր հունով, ոչ մի նպատակ չունեմ որեւէ մեկին վնասելու իմ խոսքով, բայց փաստն էն է, որ որպես անհատ, որպես մարդ արժեզրկվում ես, հետեւումդ անորոշություն է. կինոն սկսվեց հենց էն պահից, երբ մեզ «ճանապարհում» էին դիրքեր՝ ուղղակի ամեն հաջորդ րոպեին քեզ ավելի քիչ էիր մարդ զգում, ու դա սպանիչ էր․ ամեն ինչի արժեքը կորավ։ Էս ամենի ազդեցության տակ «մեռնում» ես ու ազատվում էդ համակարգային խնդիրներից։

«Ու գտա միակ ելքը էս անմարդային վիճակից․ սկսեցի իմ զինակից ջահելների համար ապրել։ Ու սկսեցի նորից գտնել ինձ։ Կտոր-կտոր հավաքվեցի, ու էն պուճուր կետը, որ դարձել էի, սկսեց ավելանալ։ Զգացի, որ նորից մարդ եմ դառնում։ Բոլոր դառնությունները մոռացա, բայց դե՝ դառնահամը դեռ կա»։

Երգեր, լոզունգներ, շքանշաններ․․․ Ամենը դառնում է ոչ մի բան։ Եթե մի քիչ էլ առողջ ես դատում, ոչ թե կարծրատիպերով, ինչ ունեիր, փլվում է, ու ուրիշ բան է հավաքվում։ 

ՀԳ լուսանկարները՝ Արեգ Բալայանի արխիվից («MOB.» լուսանկարչական շարք)։ 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter