Շաբաթ, 22 սեպտեմբերի

90-ամյա կնոջ փոխարեն միայնակ քվեախցիկ մտավ և ընտրեց նրա աղջիկը



Թիվ 24/57 ընտրատեղամասային հանձնաժողովի նախագահ Ալիտա Հովհաննիսյանը Մեծ Այրումի գյուղապետ Սահակ Նազարյանի կինն է: Մեր այցելության պահին գյուղապետ Ս. Նազարյանը նույնպես գտնվում էր Մեծ Այրումի 24/57 տեղամասում: Դեռ հեռվից լսեցինք նրա խոսակցության բարձր ձայնը: Ալիտա Հովհաննիսյանը սկզբում մեզ հայտնեց, որ Սահակ Նազարյանը Հանրապետական կուսակցության ցուցակով ԱԺ պատգամավորի թեկնածու Կարեն Կարապետյանի վստահված անձն է:

Քիչ անց նա փոխեց իր խոսքը և հայտնեց, որ շփոթվել է՝ Սահակ Նազարյանը ոչ թե Կարեն Կարապետյանի, այլ Հանրապետական կուսակցության վստահված անձն է հանձնաժողովում: Մի խոսքով Մեծ Այրումում ԱԺ ընտրությունների տեղամասային հանձնաժողովի աշխատանքները գյուղապետ Սահակ Նազարյանը վերահսկում էր ընտանիքով:

Հիշեցնենք, որ նախօրեին մենք ահազանգ էինք ստացել Մեծ Այրումում ընտրակաշառք բաժանելու մասին: Երեկ՝ ապրիլի 1-ի ուշ երեկոյան Մեծ Այրումի փողոցներից մեկում մեզ հանդիպած  միակ այրումցին 58-ամյա Սիրամարգ Բեջանյանն էր. «Հա, ցուցակագրել են: Չէ, պասպորտս վեր չեն կալել, նոր տեմ տանի: Հա, էգուց տենք տանիլ, որ փողը տան: Հարևանս ասել է էգուց ըեն տալ»,-ասաց Սիրամարգը:

Սիրամարգի ամուսին Բախշիկն էլ մեզ բացատրեց, որ ինքը Եղվարդում է գրանցված, Մեծ Այրումում չի ընտրելու, սակայն կինը՝ Սիրամարգը, ժամանակավոր գրանցված է Մեծ Այրումում և պետք է  մասնակցի ընտրությանը: «Ինչքան են փող տալու»,- հարցրի Սիրամարգին: Կնոջ փոխարեն Բախշիկը պատասխանեց. «5-ից մինչև10 հազար դրամ»: «Սիրամարգին են էդքանը խոստացե՞լ»,- հարցրի: «Չէ, ընդհանրապես այդքան են տալիս»,- ասաց Բախշիկը:

Մեծ Այրումցի 90-ամյա Ոսկի Դանիելյանի աղջիկը մորն այսօր ավտոմեքենայով ժամը 13-ի սահմաններում տեղափոխել էր  24/57 տեղամաս՝ ընտրելու: Նա այդ մասին տեղեկացրեց հանձնաժողովին: «Խնդիր չկա, էնքան գա ինքը մատը դնի»,- ասաց հանձնաժողովի նախագահ Ալիտա Հովհաննիսյանը: «Համաձայն եմ»,-ասաց կինը: Ոսկի Դանիելյանին երկու երիտասարդ ավտոմեքենայից տեղափոխեցին տեղամաս: «Էս ուր եք ինձ տանում»,-կերկերուն ձայնով հարցրեց 90-ամյա կինը: Նա տեխնիկական սարքից չկարողացավ օգտվել, որովհետև սարքը ցույց տվեց, որ անձնագիրը ժամկետանց է: Հանձնաժողովի նախագահը մոր փոխարեն ընտրելու իրավունքը աղջկան տվեց՝ ընտրողների ցուցակով: «Հիմա կարող եք տանել, աղջիկն իր փոխարեն կընտրի»,- հայտարարեց Ա. Հովհաննիսյանը: Ոսկի Դանիելյանին ինչպես բերել էին, նույնկերպ էլ տարան: 


Գլխավոր էջ


Տես նաև՝

ավելին



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ