HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կոչ աշխարհի արվեստագետներին

Այսօր՝ ապրիլի 3-ին անվանի սփյուռքահայերի մի խումբ, այդ թվում Սերժ Թանկյանը, Արսինե Խանջյանը, Ատոմ Էգոյանը և Էրիկ Նազարյանը ժամանել են Արցախ` տարածաշրջանում եռօրյա այցելություն կատարելու նպատակով: Սփյուռքի հեղինակավոր գործիչները Արցախ են ժամանել Արցախի կյանքին ծանոթանալու, ժողովրդին ճանաչելու և Թուֆենկյան բարեգործական հիմնադրամի կողմից Արցախի սահմանային գոտիներում տարվող աշխատանքներին ծանոթանալու համար: Այցը կազմակերպել է Թուֆենկյան հիմնադրամը:

Ստեփանակերտ ժամանելուն պես հյուրերը հանդիպեցին ԱՀ նախագահի և արտաքին գործերի նախարարի հետ՝ քննարկելու համար Արցախին վերաբերող հիմնահարցերը: Հանդիպմանը հաջորդեց մամլո ասուլիս, որի ընթացքում Սերժ Թանկյանը, Արսինե Խանջյանը, Ատոմ Էգոյանը և Էրիկ Նազարյանը խոսեցին դեպի Արցախ իրենց այցի և դրա առաքելության մասին, իսկ այնուհետև պատասխանեցին լրագրողների հարցերին:

Ասուլիսի ընթացքում հյուրերն աշխարհի արվեստագետներին կոչ արեցին այցելել Արցախը և աջակցել երիտասարդ և տաղանդավոր այն Արցախցիներին, ովքեր շարունակում են գրել, ստեղծագործել, նվագել և նկարել, անգամ այն ժամանակ, երբ պատերազմի պատճառով մեկուսացած են աշխարհից և շրջափակման մեջ են գտնվում:

Կոչ աշխարհի արվեստագետներին

Մեկ տարի առաջ՝ ճիշտ այս օրերին, Արցախյան հակամարտության շփման գիծը դարձյալ բռնկվեց, երբ ադրբեջանական զինված ուժերն անակնկալ հարձակումով կրակ թափեցին ոչ միայն առաջնագծի դիրքերին, այլև խաղաղ բնակավայրերի, դպրոցների և անզեն բնակիչների վրա: Արցախի ինքնապաշտպանական ուժերը, սակայն, արդեն որերորդ անգամ, ինքնապաշտպանական գործողություններով կասեցրեցին ադրբեջանական այս ագրեսիան, որի միակ արդյունքը մարդկային և նյութական վնասները եղան՝ երկու կողմերի համար:

1988-ից ի վեր, կամ այն օրից, երբ Արցախի կամ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը, Խորհրդային Միության և միջազգային օրենքների տառն ու ոգին հարգելով, որոշեց կերտել իր սեփական ճակատագիրը և գործադրել ազատ ինքնորոշման իր իրավունքը, Ադրբեջանը հակադարձեց պոգրոմներով, տեղահանություններով, հարձակումներով և ռազմական լայնածավալ գործողություններով: Հակառակ այս բոլորին, Արցախի ժողովուրդը կարողացավ պաշտպանել իր պապենական հողերը, անկախության հանրաքվե իրականացնել և պետություն ստեղծել:

Հակառակ նրան, որ միջազգային հանրությունը այլևայլ պատճառներով դեռևս չի ճանաչել Արցախի պետությունը, հազարավոր տարիներ ի վեր այս հողի վրա ապրող ժողովրդի զավակները շարունակում են ստեղծագործել և արարել, կառուցել և ծաղկեցնել, նույնիսկ երբ սահմանների  երկայնքով չեն դադարում ադրբեջանական հարձակումները, ռումբի պայթյունները, զենքերի կրակոցները: Այստեղ՝ այս պատմական հողի վրա, ուր զինադադարի խախտման, վիրավորների և զոհերի մասին լուրերը շատ ավելի են, քան որևէ այլ տեղեկատվություն, հազարավոր երեխաներ ու երիտասարդներ զրկվում են ստեղծագործելու և արարելու իրենց արդար իրավունքից, քանի որ երկիրը դեռևս մնում է շրջափակված, իսկ զինադադարը՝ փխրուն: Հազարավոր տաղանդներ գրիչ և վրձին բռնելու փոխարեն ստիպված են լինում զենք վերցնել և ճակատ մեկնել՝ իրենց տունն ու հայրենիքը պահելու համար: Ադրբեջանական հարձակումների և այս պարտադրված պատերազմի բերումով, այս երիտասարդները զրկված են խաղաղության մեջ ստեղծագործելու և իրենց տաղանդը բացահայտելու իրավունքից: Սահմանամերձ բնակավայրերում ապրող հազարավոր աշակերտներ դպրոցներում երգ ու երաժշտություն լսելու փոխարեն պայթող ռումբի և կրակոցների ձայներն են լսում:

Բայց այս բոլորով հանդերձ՝ մեծ է այն տաղանդավոր երիտասարդների և արվեստագետների թիվը, որոնք շարունակում են գրել, ստեղծել, նվագել և նկարել, նույնիսկ երբ պատերազմի պատճառով մեկուսացած են աշխարհից և գտնվում են շրջափակման մեջ: Դժբախտաբար, նրանք աշխարհի իրենց գործընկերների հետ շփվելու շատ քիչ առիթ են ունենում, շրջափակումն ու մեկուսացումը խոչընդոտում են փոխադարձ այցելություններին, շփումներին և փորձի փոխանակմանը: Այս ստեղծագործ տաղանդները աշխարհին բացվելու և փոխադարձ ճանաչողության շատ սահմանափակ հնարավորություններ ունեն:  Նրանք պարզապես զրկված են արվեստագետի համար կենսական այս իրավունքից:

Ահա այս պատճառով, աշխարհի բոլոր ազատ մտածող արվեստագետներին կոչ ենք ուղղում, որ այցելեն Արցախ, դառնան խաղաղության և համերաշխության գործընկերներ, կապ և շփում հաստատեն տեղի արվեստագետների և ստեղծագործ, տաղանդավոր մարդկանց հետ, աջակցեն, որ նրանք ևս աշխարհին բացվելու հավասար հնարավորություն ունենան և կարողանան իրականացնել խաղաղության մեջ ստեղծագործելու և աշխարհի հետ կիսվելու իրենց համամարդկային իրավունքը:

Սերժ Թանկյան, Արսինե Խանջյան, Ատոմ Էգոյան, Էրիկ Նազարյան

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter