HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ու՞ր են «անհետացել» քրեական գործի նյութերը

Զարուհի Մեջլումյան

Հոր մահվան առեղծվածը պարզելու համար իրավաբանի մասնագիտությունն ընտրած Գայանե Հովհանյանը փնտրում է քրեական գործերից մեկի գտնվելու վայրը, սակայն դեռ ապարդյուն:

Բանն այն է, որ Գայանեի հոր՝ Գյանջիրով Հովհանյանի մահվան քրեական գործով կար նաև անջատված մաս, որը վերաբերում էր աշխատանքային փաստաթղթերում Գյանջիրով Հովհանյանի ստորագրության կեղծմանը: Մահացած Գյանջիրով Հովհանյանը աշխատել էր Արարատ քաղաքում՝ քարի արտադրամասում: Թեպետ դատաձեռագրաբանական փորձաքննությամբ հաստատվել էր, որ Գյանջիրով Հովհանյանի ստորագրությունը կեղծվել է, այդուհանդերձ քրեական գործը դարձյալ կասեցվել էր, այս դեպքում՝ մեղադրյալի ներգրավման ենթակա անձը հայտնի չլինելու հիմքով: «Այսինքն՝ ասում են, որ հորս ստորագրությունը կեղծել են, բայց չեն կարողանում նույնականացնել, թե ով է դա արել»,- ասաց Գայանե Հովհանյանը:

Կասեցման այս որոշումը ևս բողոքարկվում է դատական կարգով, մահացածի աղջիկը այն բողոքարկել է նաև վերադաս դատախազին: Դեռևս այս տարվա հունվարի վերջին Գլխավոր դատախազությունից ստացվել էր գրություն, ըստ որի Հովհանյանի դուստրը՝ տուժողի իրավահաջորդը, տեղեկացվում էր, որ ստորագրության մասով (ՔՕ 325 հոդվածի1-ին մասով) քրեական գործը կասեցման որոշմամբ ուղարկվել է Քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչություն՝ այտեղ քննված «մայր» քրեական գործին միացնելու հարցը քննարկելու նպատակով:  

Գայանեն մեզ պատմեց, որ ինքն է ժամանակին դիմել քննիչին, որ երկու քրեական գործերը միացվեն, սակայն ապարդյուն:

Ըստ տուժողի իրավահաջորդ Գայանե Հովհանյանի` ակնհայտ է փաստաթղթեր, ստորագրություն կեղծելու մասով քրեական գործը դիտավորությամբ էին նախ անջատել, «որ փոշիացնեն, հանկարծ ոչ մի կերպ պատասխանատվության չենթարկվելու միտումով»:

Գայանեն համոզված է, որ չի կարող ինչ- որ մեկը գաղտագողի մտնել, գտնել իր հոր փաստաթղթերը, կեղծիքներ կատարել բազմաթիվ անգամներ «ու կողքը կամ դարձ երեսին միևնույն ժամանակ տնօրենը ստորագրի ու չկարողանան պարզել, թե ով է հորս ստորագրությունը կեղծողը: Կարծում եմ՝ ակնհայտ կերպով օգնում են կեղծողին՝ նրան պատասխանատվության չենթարկվելու համար», - ասում է Գայանեն:

Օրերս Գայանեն դարձյալ դիմել է Գլխավոր դատախազին՝ խնդրելով իր ուշադրության կենտրոնում պահել այս գործը: Բացի այդ նա ցանկանում է գտնել հոր ստորագրությունը կեղծելու վերաբերյալ վարույթի նյութերը: «Դրանք չեն ստացվել Քննչական կոմիտեի ՀԿԳ գլխավոր վարչությունում, այն չի վիճարկվում նաև Արարատի և Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանում, քանի որ դատարանին չի տրամադրվել գործը, այդ գործի նյութերին ես նույնպես չեմ ծանոթացել», - գրում է Գայանե Հովհանյանը Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին ուղղված դիմումի մեջ:

Նա ակնկալում է Գլխավոր դատախազի անմիջական օգնությունը՝ «հույսով, որ ամեն ինչ չէ, որ զոռբաների կարողությունների ու օրենքի և անօգնական տուժողների իրավունքների անտեսմամբ ու ոտնահարմամբ լուծվի»:    

Հիշեցնենք, որ 2013թ. հունիսի 26-ին 65-ամյա Գյանջիրով Հովհանյանի դին գտնվել էր Արարատ քաղաքից 3 կմ հեռու մասնավոր այգում՝ ծառից կախված վիճակում՝ բռնության հետքերով: Մինչ օրս մահացածի դուստրը համոզված է, որ հայրը ոչ թե ինքնասպան է եղել, կամ նրան հասցրել, դրդել կամ հակել են ինքնասպանության, այլ տեղի ունեցածը սպանություն է եղել, բայց որևէ մեկը պատասխանատվություն չի կրել:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter