HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Հերգնյան

ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի ավելի քան 2 հազ. դոլարի «պետական պարտք ունի»

Այս տարվա փետրվարի վերջի դրությամբ` Հայաստանի պետական պարտքը կազմել է 5 մլրդ 961 մլն ԱՄՆ դոլար։ Հունվարի վերջին գրանցված ցուցանիշի համեմատ` այն 9.5 մլն դոլարով կամ 0.1%-ով կրճատվել է։ Այս մասին են վկայում ՀՀ ֆինանսների նախարարության կողմից Ազգային վիճակագրական ծառայությանը տրամադրված տվյալները։

Փետրվարի վերջի դրությամբ` ՀՀ ներքին պարքը կազմել է 1 մլրդ 148 մլն դոլար, իսկ արտաքին պարտքը՝ մոտ 4 մլրդ 813 մլն դոլար։ Ընդ որում՝ ներքին պարտքը շարունակում է աճել. մեկ ամսում այն ավելացել է 15.4 մլն դոլարով կամ 1.4%-ով։ Իսկ արտաքին պարտքը նվազել է 24.9 մլն դոլարով կամ 0.5%-ով։

Իսկ եթե ընդհանուր պարտքը համեմատում ենք տարեսկզբի ցուցանիշի հետ, ապա այն ավելացել է 19 մլն դոլարով կամ 0.3%-ով։

Արտաքին պարտքի գերակշիռ մասը ՀՀ կառավարության պարտքն է, մնացածը՝ ՀՀ կենտրոնական բանկինը։ Իսկ ներքին պարտքի կազմում գերակշռում են ռեզիդենտների կողմից ձեռք բերված պետական պարտատոմսերը։

Մեկ քաղաքացու հաշվով պարտքը՝ ավելի քան 2 հազ. դոլար

Եթե հավատանք պաշտոնական վիճակագրությանն այն մասին, որ Հայաստանի բնակչության թվաքանակը, վերջին մարդահամարի  տվյալներով, կազմում է 2 871 771, ապա այս տարվա փետրվարի վերջի դրությամբ` յուրաքանչյուր քաղաքացու բաժինը պետական պարտքում 2075 ԱՄՆ դոլար է։ Ճիշտ մեկ տարի առաջ, օրինակ, յուրքանչյուրիս «պարտքը» կազմում էր 1783 դոլար, երկու տարի առաջ՝ 1516 դոլար, երեք տարի առաջ՝ 1606 դոլար և այլն։

Սա պետական պարտքի և բնակչության թվաքանակի հարաբերակցությունն է: Այսինքն՝ պետական պարտքը մեկ շնչի հաշվով։ Կան երկրներ, որտեղ այս ցուցանիշն անհամեմատ ավելի բարձր է։ Ճապոնիայում, օրինակայն նախորդ տարվա վերջի դրությամբ` հատել էր 85 հազ. դոլարը, Սինգապուրում՝ 56 հազ. դոլարը, Իռլանդիայում՝ 67 հազ. դոլարը, Կանադայում՝ 42  հազ. դոլարը։

Ինչպես ներկայացրել է howmuch.net-ը, թվարկվածներն այն երկրների շարքում են, որոնք պետական պարտքի և բնակչության թվաքանակի հարաբերակցությամբ աշխարհի «առաջատարների» ցանկում են։ Սակայն դա դեռևս չի նշանակում, որ նրանք անհաջող տնտեսական քաղաքականություն են վարում, քանի որ պետական պարտքն ինքնին վտանգավոր չի համարվում, եթե օգտագործվում է արդյունավետ։ Նույն տրամաբանությամբ` Հայաստանի պետական պարտքի մեկ շնչի հաշվով, մյուս երկրների համեմատ` նվազ ցուցանիշը դեռևս չի նշանակում, որ երկիրը խիստ հաջող տնտեսական քաղաքականություն է վարում։

լուսանկարը` http://knowledge.ckgsb.edu.cn

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter