HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Իշխանության և ճնշված հասարակության ստատուս-քվոն խորացվում է»

Հարցազրույց քաղաքագետ Մանվել Սարգսյանի հետ

-Խորհրդարանական ընտրությունների նախնական արդյունքներն արդեն հայտնի են: Դուք սպասո՞ւմ էիք, որ մասնակից 9 ուժերից հենց ՀՀԿ-ն, «Ծառուկյան» ու «Ելք» դաշինքները և ՀՅԴ-ն կմտնեն ԱԺ: Եվ արդյոք կանխատեսելի էր գալիք խորհրդարանում ուժերի ներկայացվածության նման համամասնությունը:

-Այստեղ մի քանի հանգամանք կա: Առաջին՝ որևէ արտառոց արդյունք չի եղել, որովհետև մեզ մոտ այդ միջոցառումը, որ ընտրություններ է կոչում, արդեն իսկ ընթացքի մեջ ցույց է տալիս, թե դեպի ինչ արդյունք է տանում: Բազմաթիվ շինծու տարբեր կազմակերպությունների միջոցով արդյունքներ էին տալիս, և պարզ էր, թե գործող վարչակազմն ինչ պատկեր էր ուզում ստանալ: Եվ նման պատկեր էլ ստացավ: Դրա համար զարմանալու բան չկա այստեղ:

Երկրորդը՝ ամենակարևորն այն է, որ դեռ մինչև ընտրությունները, երբ արդեն փոփոխված Սահմանադրությամբ այդ նոր օրենսգիրքը ստեղծվեց, պարզ ու հստակ երևում էր, որ մի ընտական համակարգ է ստեղծված, որտեղ գործող ադմինիստրատիվ համակարգը 100 տոկոսով իրավիճակը կարող է պահել իր ձեռքում: Հիմնական երկու մեխանիզմ է գործել՝ ադմինիստրատիրվ ռեսուրսը անազատության մթնոլորտ է ստեղծել, և կաշառքը: Ավելի հմուտ են դարձել, պրակտիկորեն իմաստ չկար կեղծել հենց տեղերում, թեև նկատել են նման բաներ, բայց դա չէր որոշիչը: Որոշիչն այդ մեքենան էր, որը ստեղծվել է և բերվել այդ հարթություն:

-Ըստ Ձեզ՝ ի՞նչ է փոխվել 2012-ի ԱԺ ընտրությունների համեմատ, եթե հաշվի չառնենք ընտրակարգի փոփոխությունը: Նկատի ունեմ՝ պայքարի բովանդակության, ձևի, միջոցների փոփոխությունը:

-Գտնում եմ, որ այդ ստրկացնող մթնոլորտը առաջադիմություն ապրեց, երբևէ այդպես չի եղել, որ այս աստիճանի ճնշման մեքենան կարողանա աշխատի, էսպես թե էնպես, ավելի ազատ էր:

Ավելի պրակտիկ ու փորձառու է դարձել հանրությունն այս վիճակում, լավ գիտակցում էր այդ ամենը: Բոլոր առումներով ընդհանուր գնահատականներն ավելի ռացիոնալ էին: 2012-ին էլի ոգևորվածություն կար, այս կամ այն ուժով, ընդդիմադիր ուժով էլի ինչ-որ մի բան կար, մարդիկ նայում էին, տեսնում էին ինչ-որ ալտերնատիվ, ինչ-որ ձայներ էլ այդպես էին գնում: Իսկ այս անգամ այդ հանգամանքն էլ գոյություն չուներ, մասնակցող ուժերի նկատմամբ ընդհանուր նիհիլիզմը կամ ավելի պրակտիկ, ռացիոնալ գնահատականը ցածր աստիճանում էր: Այստեղ խաբվածության խնդիր չի եղել, երևի սա առաջին անգամ էր Հայաստանի ընտրությունների պատմության մեջ, որ այստեղ խաբված մարդ չկար, բոլորը շատ պրագմատիկ ձևով մասնակցություն են ունեցել: Եվ անգամ մարդիկ, ովքեր մասնակցություն չեն ունեցել և ասել են, որ բոյկոտելու են, չեն գնալու, նույնպես շատ ռացիոնալ են մտածել:

Այսինքն՝ երկու մոտեցում է ստեղծվել. այս միջոցառումը պարզ է, թե ինչ է, ընտրություններ կոչել չի կարելի, դա համակարգի վերընտրվելու միջոցառում է, և ընդամենը մնում էր ցույց տալ վերաբերմունքը: Հանրության մի մասը որոշեց մասնակցություն ունենալ՝ օգտվելով այս վիճակից:

Ընտրողները և ընտրվողները շատ էական բան են. կոալիցիաները, կուսակցությունները շատ հստակ մտել են խաղի մեջ և օգտվել, ընտրողներն էլ որոշել են օգտվել այս վիճակից տարբեր ձևով՝ ադմինիստրատիվ ռեսուրսի հետագա ճնշումներից իրենց հեռու պահելու համար ձայներ տալով և այլ մոտիվացիաներով: Դա եղել է մոտեցում՝ գնալ, մասնակցել, օգտվել, և եղել է մյուս մոտեցումը՝ ուղղակի չառնչվել այս երևույթին:

-Այս անգամ մասնակից ուժերը, բացառությամբ «ՕՐՕ» դաշինքի, ընդունել են արդյունքները: Սա որակակա՞ն փոփոխության հետևանք է, նոր մշակույթ ենք տեսնո՞ւմ, թե՞ բոլորն էլ պարզապես համակերպվել են:

-Սկզբից մեր զրույցն սկսվեց նրանով, որ արդեն իսկ ստեղծվել է մի ճնշող մթնոլորտ, որի մեջ ընդհանրապես բողոքարկելու գաղափարը տեղ չի թողել: Թվում է, թե ահագին ուժեր դրսում են մնացել, բայց որևէ բողոքարկում չենք տեսնում: Դա էլ հետաքրքիր բան է: Չեն էլ մտածում դրա մասին, կատարվում է մի երևույթ, որը բոլորի համար էլ պարզ է, և ոչ ոք ցանկություն էլ չունի բողոքարկելու: Սա, իմիջիայլոց, բավականին նոր երևույթ է, որովհետև հիշում եմ՝ 2007-ից հետո էլի նման բան եղավ, երբ բազմաթիվ ուժեր 1,5-2 տոկոսի շեմում մնացին: Այն ժամանակ բավականին ուժեղ հետընտրական բողոքարկումներ են եղել, բայց հիմա որևէ մեկի մտքով չի անցնում անել դա, որովհետև, իսկապես, նոր մեքենա է աշխատում, որը որևէ իմաստ չի թողնում բողոքարկման: Մեկը կարող է ավելի քաղաքական ձևակերպմամբ, մեկը՝ արհամարհական ձևով, բայց, այսպես թե այնպես, բոլորը ցույց են տալիս, որ հաշտվել են այս իրավիճակի հետ:

-ՀՀԿ-ն իր խոսնակի միջոցով հնարավոր է համարել կրկին ՀՅԴ-ի հետ համագործակցությունը: Փաստորեն, 2016-ի փետրվարից մեկնարկած քաղաքական դասավորությունը շարունակվելու է նաև առաջիկայում: Ի՞նչ է տալու սա մեզ՝ քաղաքացիներիս: Արտաքին և ներքին ճակատներում քաղաքականության փոփոխության չսպասե՞նք:

-Եթե կոալիցիա են ուզում ստեղծել, փաստորեն, քաղաքական ստատուս-քվոն պահում են: Գոնե ներքին կյանքում պարզ է, որ որևէ փոփոխություն չի լինի, արտաքինի մասին շատ դժվար է խոսել, թե ինչ կազդի կամ չի ազդի, անմիջապես չեմ կապում դա:

Ծառուկյանը կմնա ընդդիմադիր, որովհետև Սահմանադրությունն է պահանջում, ուզած-չուզած պիտի մնա ընդդիմադիր: Եվ հիմա պառլամենտում պիտի խաղան այդ դերը՝ ինչ-որ ձևով արդարացնելով իրենց գոյությունը: Որևէ որոշման մեջ, բնականաբար, առանձին կարծիք ունենալ չեն կարող, և մտածել, թե կարևոր որոշում կարող է լինել, որտեղ ԲՀԿ-ն դեմ կգնա ՀՀԿ-ի ասածին, անիմաստ է: Մենք տեսել ենք, որ այս խորհրդարանում կարևորագույն որոշումները՝ ԵՏՄ-ի մասնակցության խնդիրը, գազի խնդիրը, շատ հանգիստ գնացին, ինչ որ թելադրեցին, դա էլ քվեարկեցին: Այդ մթնոլորտը, այդ մեխանիզմը պահել են, և ոչ մի բան էլ չի փոխվել:

-Պարոն Սարգսյան, այս ընտրություններն ի՞նչ են փոխելու հայաստանցու կյանքում:

-Այս ընտրությունները ոչ մի բան չեն փոխելու: Սրանք ցույց տվեցին, որ իշխանության և ճնշված հասարակության ստատուս-քվոն խորացվում է: Ավելի հմուտ են դարձել՝ ինչ-որ ձևով ապացուցելու համար, որ մեր դեմ խաղ չկա: Սա է կատարվել: Միակ բանը, որի վրա աշխատում են, մեխանիզմներն են:

Մեկնաբանություններ (1)

Սահակ
մխիթարվենք ... մեզ ծանոթ գայլերը կուտեն

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter