HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Քաղաքաշինության պետական կոմիտեն համակարծիք է. փուլային տարբերակով դպրոցների վերանորոգումներն անարդյունավետ են

Տևական ժամանակ է` ուսումնասիրում ենք մարզերում իրականացված 2006-2015թթ. դպրոցաշինական ծրագրերը: ՀՀ կառավարության առընթեր քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահի տեղակալ Արմեն Ղուլարյանը գրավոր հայտնել է, որ կառավարության հանձնարարությամբ կոմիտեում քննարկվել են «Հետքի» հրապարակումներում արձանագրված թերությունները, ուսումնասիրվել են դրանց վերացման ուղղությամբ Արագածոտնի, Արմավիրի, Գեղարքունիքի և Վայոց ձորի մարզպետարանների կողմից ձեռնարկված միջոցառումները:

Նշենք, որ «Հետքն» իր հրապարակումներով անդրադարձել էր «փուլային»՝ երկարաժամկետ վերանորոգումների անարդյունավետությանը: Մասնավորապես այն, որ օրինակ՝ 9 տարիների ընթացքում մեկ դպրոց վերանորոգելը հավասարազոր է չվերանորոգելուն, քանի որ մինչ շինարարությունն ավարտվում է, դպրոցում դարձյալ վերանորոգման կարիք է զգացվում: Կամ վերանորոգվել է դպրոց, ծախսվել են խոշոր գումարներ, հետագայում պարզվել է, որ դպրոցը սողանքային գոտում է և նոր դպրոց կառուցելու անհրաժեշտություն է առաջացել:

«Հարկ է նշել, որ այսպես կոչված «փուլային մոտեցումով» շինարարական աշխատանքների իրականացման անարդյունավետության հարցում Կոմիտեն համակարծիք է «Հետքի» հրապարակումներում արձանագրած տեսակետին: ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտեն իր գործառույթների շրջանակում այսուհետ ևս հետամուտ կլինի դպրոցաշինության ոլորտում անհրաժեշտ վերահսկողություն իրականացնելուն և կատարվող աշխատանքների բարձր որակ ապահովելուն»,- ասում է Արմեն Ղուլարյանը:

Կոմիտեի փոխնախագահը տեղեկացնում է, որ շինարարության ընթացքում կատարված անորակ աշխատանքները, ինչպես նաև շինարարության ավարտից հետո մեկ տարվա ընթացքում առաջացած նոր թերությունները վերացվել են կապալառու կազմակերպությունների կողմից՝ իրենց միջոցների հաշվին:

«Միաժամանակ նշում ենք, որ շինարարության ոլորտում առկա հիմնախնդիրները բազմաթիվ անգամ քննարկվել են ինչպես Կոմիտեի աշխատանքային ծրագրերի, այնպես էլ ՀՀ կառավարության առանձին հանձնարարականների համաձայն, որի արդյունքում սահմանվել են որոշակի մոտեցումներ»,- հայտնում է կոմիտեի նախագահի տեղակալը:

Արմեն Ղուլարյանի խոսքերով՝ դպրոցաշինության ոլորտում կոռուպցիոն ռիսկերը նվազեցնելու և ներդրված պետական միջոցների ծախսերի արդյունավետությունը բարձրացնելու նպատակով պետական բյուջեում ընդգրկվող շինարարական ծրագրերի համար Կոմիտեի կողմից սահմանվել են մի շարք սկզբունքային չափորոշիչներ՝ օբյեկտների շինարարության տևողությունը չպետք է գերազանցի 2, բացառության դեպքում՝ 3 տարին: Պետական բյուջեում կարող են ընդգրկվել այն օբյեկտները, որոնք ունեն սահմանված կարգով փորձաքննություն անցած նախագծահաշվային փաստաթղթեր:

Արմեն Ղուլարյանը տեղեկացնում է, որ նոր կառուցվող և վերակառուցվող (ուժեղացվող) օբյեկտների նախագծային լուծումների արդյունավետությունը բարձրացնելու նպատակով Կոմիտեի նախագահին կից գործում է  նախագծային աշխատանքների ընթացքը համակարգող հանձնաժողով, որի դրական եզրակացության դեպքում միայն նախագծային աշխատանքները կարող են երաշխավորվել և ավարտին հասցվել:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter