HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

Հովհաննես Հարությունյանի բուժման կազմակերպման համար համագործակցությունը չի ստացվում

Ինչպես արդեն հայտնել էինք, մարտի 21-ին փաստաբան Հայարփի Սարգսյանը Մարդու իրավունքների եվրոպական դատարանից ստացել էր որոշում, որի համաձայն՝ Հայաստանի կառավարությանը պահանջ էր ներկայացվել «Սասնա ծռեր» խմբի անդամ Հովհաննես Հարությունյանին տեղափոխել քաղաքացիական հիվանդանոց և կազմակերպել նրա հետագա բուժումը։

Համագործակցությունը փաստաբանի և կառավարության միջև մինչ այս պահը չի ստացվում. կողմերը չհամագործակցելու համար միմյանց են մեղադրում։

Հայարփի Սարգսյանը պնդում է, որ կառավարությունը չի կատարում ՄԻԵԴ-ի՝ Հովհաննես Հարությունյանին քաղաքացիական հիվանդանոց տեղափոխվելու պահանջը։ Ասում է՝ Հովհաննեսին տեղափոխել են հիվանդանոց, հետազոտել առանց բուժօգնության, ապա կրկին տեղափոխել «Նուբարաշեն» ՔԿՀ։

«Տարել, գցել են անմարդկային և նվաստացուցիչ պայմաններում՝ առանց բուժօգնության, ցավերի մեջ, ներքին օրգանների խնդիրներով, նույնիսկ արյունահոսությամբ է արտահայտվում դա, սակայն իրենք նշում են կոնսիլիումի մասին, այո, պիտի բժիշկների խումբ ձևավորվի ըստ Եվրոպական դատարանի երկրորդ պահանջի, և դա չպիտի անհարգելի պատճառով ձգձգվի», - նշեց փաստաբանը։

Կառավարությանը բացի Հովհաննես Հարությունյանին քաղաքացիական հիվանդանոց տեղափոխելու պահանջից, նաև պահանջ էր ներկայացվել պաշտպանական և կառավարության ներկայացուցիչների կողմից ձևավորել բժշկական հանձնաժողով, որը պետք է հետազոտեր Հովհաննեսին, դրա արդյունքների հիման վրա ընտրեր համապատասխան բուժում։

Հայարփի Սարգսյանի փոխանցմամբ՝ իրենց կողմից ներգրավված, արտերկրում գտնվող բժիշկը ցանկանում է ստանալ բոլոր հետազոտությունների պատասխանները, այդ թվում՝ ռենտգեն-նկարները, բայց դրանք չեն տրամադրում։ Ասում է՝ փոխարենը իրեն տրամադրել են ռենտգեն-նկարների նկարագրերը, որոնք բավարար չեն։

Նրա խոսքով՝ մարտի 11-12-ին գնացել է «Դատապարտյալների հիվանդանոց» այդ փաստաթղթերը վերցնելու համար, սակայն հայտնել են՝ աշխատակիցը այնտեղ չի։ Հիմա կրկին դրանք պահանջում է, սակայն չեն տրամադրում.

«Ասում են՝ իբր նոյեմբերին ինձ առաջարկել են մեր բժշկին տանեմ, տեղում ուսումնասիրելու, իբր հրաժարվել եմ, բայց իրականում մեր բժիշկն արտերկրում էր, և անհրաժեշտ էր դա ուղարկել նրան, բացի դա, նշում են` իբր ինձ առաջարկել են հեռախոսով նկարել, իբր ես հրաժարվել եմ, բայց դա սուտ է, քանի որ ես ինքս եմ առաջարկել իմ հեռախոսով նկարել, իրենք մերժել են»։

Փաստաբանի փոխանցմամբ՝ իրենց կողմից ներգրավված բժիշկը նաև ցանկանում է իմանալ, թե այստեղի բժիշկների խմբում ինչ մասնագետներ են ընդգրկված, որպեսզի իրենք ևս նույն մասնագիտացում ունեցող բժիշկների ընգրկեն, սակայն այդ մասին տեղեկություն ևս չեն տրամադրում։

Իսկ արդարադատության նախարարի տեղակալ Արտակ Ասատրյանի այն հայտարարությանը, թե Հայարփի Սարգսանը ձգձում է իրենց կողմից ներկայացվելիք բժիշկների անվանացանկը տրամադրելու խնդրանք, փաստաբանը այսօր ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է փաստաթղթեր, որ մարտի 24-ին նախարարությունից ուղարկված գրությունը ստացել է ամսի 27-ին և հաջորդ օրը առձեռն մուտքագրել է պատասխանը՝ չուշացնելով այն։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter