ՈՒրբաթ, 21 սեպտեմբերի

Նախարարը՝ բջջային օպերատորներ-OTT խաղացողներ պայքարին միջամտելու մասին



Այս տարվա հունվար-փետրվարին Հայաստանում կապի ոլորտի ընդհանուր հասույթը կազմել է 21.9 մլրդ դրամ։ Ոլորտում հասույթի անկումը, որը սկսվել է դեռևս 2014 թվականից, շարունակվում է։ 2016 թվականի հունվար-փետրվարի համեմատ՝ այս տարվա համապատասխան ժամանակահատվածում անկումը կազմել է 6.5%։ Այս մասին  են վկայում Հայաստանի ազգային վիճակագրական ծառայության տվյալները (ՀՀ ԱՎԾ):

Հայաստանյան կապի ոլորտում առյուծի բաժինը զբաղեցնում է հեռահաղորդակցությունը։ Նշված 21.9 մլրդ դրամից 20.8 մլրդ դրամն ապահովել է այս ենթաոլորտը,  որի հասույթի կրճատմամբ էլ պայմանավորված է կապի ոլորտի ընդհանուր ցուցանիշի նվազումը։ Այս տարվա առաջին երկու ամիսներին հեռահաղորդակցության հասույթը կրճատվել է 7.2%-ով։

Կապի ոլորտում 770 մլն դրամի շրջանառություն է ապահովել հեռուստածրագրերի կազմման և հեռարձակման ոլորտը, մոտ 320 մլն դրամ էլ՝ ռադիոծրագրերի կազմման և հեռարձակման  ոլորտը։ Առաջինի դեպքում գրանցվել է  հասույթի 5.3% աճ, երկրորդի դեպքում՝ 10.2%, բայցի քանի որ նրանց կշիռը անհամեմատ փոքր է կապի ոլորտում, գրանցված աճերը էական ազդեցություն չեն ունեցել ոլորտի ընդհանուր հասույթի վրա։

Չնայած ներկայացված են ընդամենը երկու ամսիների ցուցանիշները, սակայն պատկերը նույնն է նաև տարեկան կտրվածքով. վերջին տարիներին հեռահաղորդակցության ոլորտում շրջանառությունը կրճատվում է։ Այս ոլորտն էլ իր հերթին բաժանվում է ենթաոլորտների, որոնց կազմում ամենամեծ կշիռն ունի բջջային կապը, ավելի կոնկրետ՝ բջջային հեռախոսակապը։ Եվ, ինչպես գրել ենք նախկինում, բջջային կապի հասույթի անկումը պայմանավորված է աշխարհում OTT (անգլ. Over the Top) ծառայությունների լայն տարածմամբ։ Անմասն չէ նաև Հայաստանը։ OTT-ների ամենահայտնի օրինակներից են Skype-ը, Viber-ը, Messenger-ը, WhatsApp-ը և այլն։ Մարդիկ գնալով ավելի շատ են օգտվում այս ծառայություններից և ավելի քիչ՝ բջջային հեռախոսակապից։  

Հայաստանում գործող երեք բջջային օպերատորները հավաստիացնում են, որ «Ղ-Տելեկոմ»-ը (VivaCell-MTS), «ԱրմենՏել»-ն (Beeline) ու «Յուքոմ»-ը (Ucom)  OTT խաղացողների դեմ պայքարելու իրենց ծրագրերն ունեն։ Հաճախ քննարկվում է նաև՝ արդյոք պետությունը պե՞տք է միջամտի այս հարցին, թե՞ ոչ։ Կան տեսակետներ, որ պետության միջամտությունը հարկավոր է բացառել, բայց կան նաև հակառակ տեսակետներ՝ պետությունը պետք է սահմանափակումներ կիրառի OTT ծառայությունների տարածման հարցում։

Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանն օրեր առաջ «Հետք»-ի հետ զրույցում անդրադարձել է այս հարցին։ «Այս խնդիրը միայն Հայաստանում չէ։ Այն ամբողջ աշխարհում է։ Մենք խոսում ենք և ՏՏ ոլորտի զարգացումից, և միաժամանակ՝ բջջային կապի հասույթի մասին։ OTT ծառայությունները հենց ՏՏ ծառայություններ են։ Մեկը մյուսին (ՏՏ ծառայությունները՝ բջջային կապին-հեղ.) փոխարինելով՝ կապի հասույթը կարող է մեծանալ»,- նշեց նախարարը։

Հարցին, թե որքանով է դա ներկայում իրատեսական, եթե հաշվի ենք առնում, որ հայաստանյան հեռահաղորդակցության ոլորտի շրջանառության առյուծի բաժինը ներկայում ապահովում է բջջային շուկան, իսկ ինտերնետի դերը փոքր է, Վ. Մարտիրոսյանը պատասխանեց. «Ինտերնետի բաժնը փոքր է, բայց պոտենցիալը մեծ է»։

Անդարդառնալով տեսակետներին, որ պետությունը պետք է միջամտի այս հարցում և սահմանափակի OTT ծառայությունների տարածումը, նախարարը նշեց, որ դեմ է այդ մոտեցմանը. «Դեմ եմ, քանի որ պետք չէ խոչընդոտել տեխնոլոգիական զարգացմանը։ Այս թեման քննարկել ենք բջջային օպերատոների հետ, հանդիպել ենք։ Իրենցից էլ կարծիքներ կան, որ կարելի է սահմանափակել, ուրիշներն էլ կողմ են, որ թողնենք զարգանան»։

Լուսանկարը՝ ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության կայքից


Գլխավոր էջ



Մեկնաբանություններ (1)
1. Արմեն13:25 - 6 ապրիլի, 2017
Մեկնաբանությունը... ինչպե՞ս կարող է հհկ-ն թույլ տա ինչ որ մի ծառայությունից ժողովուրդն անվճար օգտվի, այն էլ իր շահույթի հաշվին...
Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ