HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մարիամ Չախոյան

«Այլևս չեմ ցանկանում լինել պարզապես սփյուռքահայ»․ ֆրանսահայ քույրերը պատմում են ընտրությունների իրենց տպավորությունների մասին

Ֆրանսահայ քույրերը պատմում են խորհրդարանական ընտրությունների դիտարկման իրենց փորձի մասին և իրենց ուղերձը հղում հայկական սփյուռքին․ հայ լինելը բավարար չէ, գումար ուղարկելը բավարար չէ, հարկավոր է ավելի շատ մասնակցություն ունենալ Հայաստանի քաղաքական կյանքին և փոխել իրականությունը։

Լիլիթ և Տաթև Խաչիկյանները Ֆրանսիայից Հայաստան էին ժամանել՝ արձագանքելով «Քաղաքացի դիտորդ» նախաձեռնության կոչին՝ մասնակցել Հայաստանում խորհրդարանական ընտրությունների դիտարկմանը։ Առաջինը «Citizen Observer»-ի մասին իմացել էր Տաթևը՝ կարդալով Արսինե Խանջյանի գրառումը, որով վերջինս կոչ էր անում սփյուռքահայերին ակտիվորեն մասնակցել առաջիկա խորհրդարանական ընտրություններին` որպես դիտորդ։

Տաթևը իր մտադրության մասին պատմում է քրոջը՝ Լիլիթին։ Քույրերը Հայաստան էին եկել ընդամենը չորս օրով։ Տաթևին ընկերներից մեկը համոզում է հանդես գալ որպես «Ելք» կուսակցության վստահված անձ։ Նա սիրով համաձայնում է՝ վստահելով ընկերոջ ընտրությանը։ Աղջիկները Հայաստան են գալիս կարոտած և հույսով, որ իրենց մասնակցությամբ կհաջողվի ինչ-որ բան փոխել մարդկանց կյանքում։

Քույրերն ականատես էին եղել բազմաթիվ խախտումների, սակայն, ինչպես իրենք են ասում, անկարող էին պայքարել, որովհետև հասկացել էին, որ քաղաքացիները կատարել էին իրենց ընտրությունը և ընտրել են ընտրակաշառքը։

Տաթևին հանդիպեցի Մալաթիա-Սեբաստիայի թիվ 7/19 ընտրատեղամասում։ Նա արդեն հասցրել էր առնչվել ընտրատեղամասի մյուս դիտորդների հետ. նրանցից մեկի վարքը կասկածելի էր թվացել 33-ամյա ՏՏ մասնագետ հայ կնոջը և նա փորձել էր ավելի ուշադիր հետևել վերջինիս քայլերին․ «Ազատ հասարակության ինստիտուտը» ներկայացնող դիտորդ Վահագն Մկրտչյանը ֆրանսահայուհուն «զգուշացրել» էր՝ հեռու մնալ իրենից։

Ընտրություններին մասնակցած դիտորդական կազմակերպություններին և, մասնավորապես, հենց Վահագն Մկրտչյանին կանդրադառնանք առանձին նյութով։  

Մասնագիտությամբ բժշկուհի 43-ամյա Լիլիթ Խաչիկյանը Նոր Նորքի ընտրատեղամասերից մեկում էր դիտարկում ընտրությունները: Նա հայտնվել էր համանման իրավիճակում։ Նա պատմում է, որ իրենց փոքրիկ թիմին հաջողվել էր խախտումների մի մասը շտկել, բայց բաներ կային, որոնք «Քաղաքացի դիտորդ» կազմակերպության վերահսկողությունից դուրս էին։

Նա ցավով է նշում, որ հիասթափված է այն բանից, որ ուղիղ մեկ տարի առաջ տեղի ունեցած սահմանի բախումներն ու կրած ծանր կորուստները չէին սթափեցրել ո՛չ հանձնաժողովի անդամներին և ո՛չ էլ ընտրողներին, որոնց «թվում մայրեր էին», ինչպես ինքն է նշում։ Լիլիթը սկզբում շնորհակալություն էր հայտնել ընտրատեղամաս եկած զառամյալ տատիկներին, երբ տեսել էր, թե ինչ դժվարությամբ են նրանք տեղաշարժվում, բայց  հետո, դիտարկելով անցուդարձը, հասկացել էր, թե ինչ էր կատարվում․ անապահով խավի և հատկապես տարեցների խոցելի վիճակն ու միամտությունը դարձել էին ընտրակեղծարարների գլխավոր թիրախը։

«Ընտրությունների այս ընթացքն ուղղակի թքեց անցած տարի զոհված մեր լուսավոր երիտասարդրենրի հիշատակի վրա: - ասում է նա, - Բայց ինչն էր ավելի ցավալի, որ հանձնաժողովի անդամների մեծ մասը կանայք էին, բայց հայ մայրերը, իմանալով հանդերձ, թե ինչ է կատարվում, և այն կուսակցությունների անդամները, որոնք բազմաթիվ անարդարություններ էին գործում, և այդ անարդարություններից շատերն ակնհայտ էին, որևիցե մի պահ չհիշեցին նրանց»։

«Սփյուռքը պետք է հասկանա, որ իր մասնակցությունը Հայաստանի քաղաքական կյանքին մեծ պետք է լինի, - ասում է Տաթևը, - միայն սփյուռքահայ լինելը, միայն հայ լինելը բավարար չէ, - Մենք պետք է հասկանանք, որ մեր երեխաները, որոնք ծնվել և ծնվելու են օտար երկրներում, նրանք հայ լինելու են միայն և միայն Հայաստանի օգնությամբ․ այս փոքրիկ հողակտորն է, որ նրանց հայ է պահելու։ Սփյուռքում ապրելը չի նշանակում, որ դադարում ես հայ լինելուց։ Ես իմ անձնագիրը վերականգնել եմ մի քանի ամիս առաջ։ Ափսոս, որ չկարողացա գրանցվել և ընտրել։ Ես գրանցվելու եմ, ամեն հինգ տարի գալու եմ, մեկ ամիս առաջ եմ գալու։ Հինգ տարի հետո ոչ թե երկուսս ենք լինելու, այլ 20, գուցե 200 հոգի։

Տաթևին ցնցել էր դիտորդ ներկայացող Վահագն Մկրտչյանի կողմից արված արտահայտությունը․

«Ես երբեք չէի սպասի, որ դա կլսեմ Հայաստանում։ Նա ասաց․ «Թալեաթը պիտի հայ ժողովրդի վերջը տար, մենք կեղտ ենք, մենք ազգ չենք»։ Ես լսում եմ այդ խոսքերը․ պապիկս ցեղասպանությունը վերապրած է․․», - հուզվեց նա։

Տաթևը հիշում է նաև է, որ երբ առավոտյան 4-ին լքում էր ընտրատեղամասը, հանձնաժողովի նախագահը կատակել է․ «Հասնես տեղ, տելեգրամ ուղարկի, որ տեսնենք կենդանի ես»։

Այնումանենայիվ, հիասթափությունը ստիպեց քույրերին ոչ թե հեռանալ առանց ետ նայելու, այլ ճիշտ հակառակը՝ հարկավոր է չնահանջել և շարունակել պայքարել ու ձգտել փոխելու իրականությունը։

«Սա պատմական օր էր ինձ համար, - ասում է Տաթևը, - ես չեմ կարող վերադառնալ և շարունակել ապրել այնպես, ինչպես ապրում էի»։

լուսանկարում` Լիլիթ և Տաթև Խաչիկյանները` «ՌեպատԱրմենիայի» կողմից կազմակերպած հանդիպման ժամանակ / RepatArmenia

Մեկնաբանություններ (2)

Վահագն
ԸՆԴԱՄԵՆԸ բառում «Հ» տառ չկա։Ուղղե՛ք, «Հետք» ին չի սազում։
Armine
Մենք կախաղան ենք հանում մանր-մունր գողերին, իսկ խոշոր գողերին հանձնում ենք պետական կառավարման ղեկը: Եզոպոս

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter