HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

Բագրատաշենում «Յուքոմ» ընկերությունն ապօրինի ալեհավաք է կառուցել. պնդում են նախկին և ներկա համայնքապետերը

Տավուշի մարզի Այրում համայնքի Բագրատաշեն բնակավայրում «Յուքոմ» ընկերությունն արդեն մի քանի ամիս է՝ շահագործում է ալեհավաք, որն ապօրինի է կառուցվել:

2016 թվականին ընկերությունը ցանկություն է հայտնել Բագրատաշենի գյուղապետարանի բակում ալեհավաք կառուցել, ինչից հետո Բագրատաշենի ավագանու անդամները քննարկել են համապատասխան տարածքը ընկերությանը վարձակալությամբ տալու կամ վաճառքի համար աճուրդ հայտարարելու հարցը: «Յուքոմը», սակայն, հայտնել է, որ տարածքը վարձակալությամբ չի ցանկանում վերցնել, այլ պատրաստ է գնել:

2016-ի հունիսի 20-ին ավագանին որոշում է կայացրել Բագրատաշենի համայնապետին թույլատրել, որպեսզի գյուղապետարանի բակում գտնվող և համայնքային սեփականություն հանդիսացող վերը նշված տարածքի համար աճուրդ-վաճառք հայտարարի` մեկնարկային գին սահմանելով մեկ միլիոն դրամը: «Յուքոմը», սակայն, հրաժարվել է այդքան գումար վճարել և առանց որևէ պայմանագրի առկայության կառուցել ու սկսել է շահագործել ալեհավաքը:

Բագրատաշենի ղեկավար Արկադի Մակյանը «Հետք»-ի հետ զրույցում ասաց, որ  ավագանու որոշումից հետո աճուրդ- վաճառք չի հայտարարվել:

«Աճուրդը պիտի գյուղապետարանը հայտարարեր, բայց իրենք (նկատի ունի՝ «Յուքոմ» ընկերությանը - հեղ.) մինչև աճուրդ հայտարարելը եկան և ասացին, որ մեկ միլիոնը շատ է, իրենք չեն գնում հողատարածքը, որ նորից ավագանու նիստ հրավիրվի այս հարցով»,- ասաց Մակյանը՝ նշելով, որ դրանից հետո «Յուքոմի» որևէ ներկայացուցիչ այդ հարցով իրենց չի դիմել, ընկերության հետ պայմանագիր չի կնքվել, սակայն ալեհավաքի շինարարությունը սկսվել է:

Ավագանու որոշումից ամիսներ անց Բագրատաշեն գյուղը համայնքների խոշորացման ծրագրի շրջանակներում խոշորացվել է և ընդգրկվել Այրում համայնքի մեջ: 2016-ի սեպտեմբերից սկսած Այրումի համայնքապետը Արայիկ Պարանյանն է:

Մակյանի խոսքով՝ Պարանյանի և «Յուքոմ» ընկերության ներկայացուցչի միջև այս հարցով հանդիպում է եղել՝ ալեհավաքի կառուցման փաստաթղթեր կազմելու համար:

«Դեռ ոչ մի բան չկա, իրենք Պարանյանի մոտ են գնացել, ընթացքի մեջ է, շուտով այդ փաստաթղթերի հարցերը կլուծվեն: Թղթաբանություն չկա, հետին սիստեմով կանեն, իրենք գնացել են Պարանյանի մոտ»,- ասաց Արկադի Մակյանը:

Վերջինս ընդունում է, որ երբ «Յուքոմ» ընկերությունը ալեհավաքի շինարարությունը սկսել է, ինքը քայլեր չի ձեռնարկել ապօրինությունը կանխելու համար:

«Ասել ենք կստացվի, կվաճառենք, գումարը կտրամադրվի գյուղապետարանին, ճանապարհները կսարքենք, գյուղում կապը լավ կլինի, խոստացել են, որ գյուղապետարանին էլ կապ կտան»,- ասում է Արկադի Մակյանը:

Այրումի համայնքապետ Արայիկ Պարանյանը մեզ հետ զրույցում չհաստատեց, որ իր և «Յուքոմի» միջև որևէ բանակցություն կա` ապօրինի ավեհավաքի խնդրին որևէ լուծում տալու համար:

«Ապօրինի շինարարություն է, որը պիտի  օրինականցնեն»,- ասաց Պարանյանը: Մեր հարցին՝ ապօրինի կառուցելուց հետո ինչպե՞ս պիտի օրինականացնեն, արդյո՞ք այս հարցով բանակցություններ կան, Պարանյանը պատասխանեց` ոչ մի բանակցություն չկա:

«Մենք ավագանու նիստ կանենք, որոշումը կուղակենք իրենց, որ պիտի ապամոնտաժվի»,- ասաց Պարանյանը:

Ալեհավաքի վերաբերյալ հարցում էինք ուղարկել նաև «Յուքոմ» ընկերությանը՝ պարզելու համար ալեհավաքի կառուցման վերաբերյալ ընկերության մեկնաբանությունը: Ի պատասխան հարցման` ընկերությունը հայտնել է, որ առաջադրված հարցերի ուսումնասիրման համար լրացուցիչ ժամանակ է անհրաժեշտ և հարցմանը կպատասխանեն մինչև ապրիլի 21-ը, սակայն նշված ժամկետում ընկերությունից պատասխան չի ստացվել:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter