HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Հերգնյան

Ուր է արտահանվում հայկական ծխախոտը

Ծխախոտի արտադրության ծավալներն ու դերը Հայաստանի արդյունաբերության ոլորտում աճում են։  2016 թվականի ամբողջ ընթացքում մեր  երկրում ծխախոտի արտադրության ծավալները, համադրելի գներով, ավելացել են 23.5%-ով  ու ընթացիկ գներով կազմել 135.1 մլրդ դրամ։ Տվյալները տրամադրում է ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը։

Ծխախոտի արտադրության համեմատաբար էական ծավալներ են գրանցվում սկսած 2014 թվականից։

Եթե 2015 թվականին ծխախոտի արտադրությունը զբաղեցնում էր Հայաստանի մշակող արդյունաբերության մոտ 12%-ը, ապա 2016-ին այն հասել է 15%-ի՝ ունեցած կշռով զիջելով միայն սննդի արտադրությանն ու հիմնային մետաղների արտադրությանը։

Արտահանվել է  209 մլն ԱՄՆ դոլարի սիգարետ

2016 թվականին Հայաստանից արտահանվել է մոտ 21 մլրդ հատ սիգարետ (սիգար, սիգարիլլա), որի մաքսային արժեքը կազմել է 209 մլն ԱՄՆ դոլար։ 2015 թվականի համեմատ արտահանվածի քանակն աճել է մոտ 5 մլրդ հատով կամ 31%-ով, իսկ արժեքը՝ 38 մլն դոլարով կամ 22%-ով, տեղեկանում ենք ՀՀ մաքսային ծառայությունից։ Ինչպես տեսնում եք, արժեքն ավելի փոքր տեմպերով է ավելացել, քան քանակը, ինչը կարող է նշանակել, որ նախորդ տարի արտահանված սիգարետի կազմում համեմատաբար էժան սիգարետներն ավելի շատ են եղել, քան 2015 թվականին։

Ըստ 2016-ին գրանցված միջին փոխարժեքի՝ ծխախոտի արտադրությունը մեր երկրում կազմել է  շուրջ 281 մլն դոլար։ Իսկ արտահանվել է, ինչպես նշեցինք, 209 մլն դոլարի։ Այսինքն՝ արտադրվածի 75%-ի չափով արտահանվել է։Արտահանվող հայկական սիգարետի խոշորագույն գնորդը շարունակում  է մնալ Իրաքը։ Այս երկրին է բաժին հասել է արտահանված սիգարետի քանակի  շուրջ 60%-ը։ Խոշոր գնորդներ է նաև Սիրիան (16%-ը):   Ընդ որում, 2015 թվականի համեմատ, Սիրիան  շուրջ 30%-ով, իսկ Իրաքը՝ 9%-ով  ավելի շատ սիգարետ են ներմուծել Հայաստանից։

Հայկական սիգարետը նախորդ տարի «նվաճել» է՝ Արաբական Միացյալ Էմիրությունները։ Արտահանվածի  12.5%-ն առաքվել է դեպի այս երկիր։ Եթե 2015-ին Հայաստանից  ԱՄԷ է արտահանվել ընդամենը 60.3 մլն հատ սիգարետ, որի արժեքը 1 մլն դոլարի էլ չի հասել, ապա 2016-ին արտահանել է 2 մլրդ 617 մլն հատ՝ մոտ 26 մլն դոլարով։ Նախորդ տարիներին ևս Էմիրություններ հայկական սիգարետ է արտահանվել, սակայն առնվազն վերջին հինգ տարիներին այն նման զգալի ծավալներ չի ունեցել։

Իսկ «կորցրած» շուկան Թուրքմենաստանն է, որը վերջին տարիներին  Հայաստանից զգալի ծավալի սիգարետ է գնել։  Իսկ նախորդ տարի, ըստ ՀՀ մաքսային ծառայության տվյալների, առհասարակ չի գնել։  Չի արտահանվել նաև Հորդանան, որը ևս հայկական ծխախոտի գնորդներից էր։

Դեռևս երկու տարի առաջ  «Գրանդ Հոլդինգի»-ի սեփականատեր Կարեն Վարդանյանը լրագրողների հետ հանդիպամանը նշել էր, որ հայ գործարարները ճիշտ գործելու պարագայում կարող են օգուտներ քաղել Եվրասիական տնտեսական միությանն (ԵԱՏՄ) ադամակցելուց, մասնավորապես՝ մեծացնելով արտահանման ծխավալները։ Սակայն, հայկական ծխախոտի արտահանման, համար, ինչպես երևում է, այս կառույցին անդամակցելը տեսանելի օգուտներ չի տվել առ այսօր։ 2016 թվականին Հայաստանը մոտ 660 մլն հատ սիգարետ է արտահանել ՌԴ, ու թեև այս ցուցանիշը 2015-ի համեմատ աճել է, սակայն այն ծխախոտի արտահանման կազմում ընդամենը  3%-ն է զբաղեցնում։ Իսկ Բելառուս, Ղազախստան ու Ղրղզստան առհասարակ հայկական ծխախոտ չի արտահանվել։

Թե որ երկիր որքան սիգարետ է արտահանվել Հայասատանից 2016 թվականին, կարող եք տեսնել քարտեզում։ Ներկայացված են հիմնական գնորդ-երկրների ցուցանիշները։

Աճել է նաև Հայաստան ներմուծվող սիգարտեի ծավալը, բայց՝ ոչ այն տեմպերով, որքան արտահանումը։ 2016 թվականին Հայաստան է ներմուծվել  3 մլրդ հատ սիգարետ՝ 40.5 մլն ԱՄՆ դոլար մաքսային արժեքով։ Քանակն աճել է մոտ կես միլիարդ հատով կամ 18%-ով (տես Ինֆոգրաֆիկա 3-ը), իսկ արժեքը՝ 1.5 մլն դոլարով կամ մոտ 4%-ով (տես Ինֆոգրաֆիկա 2-ը)։ Հայաստանը սիգարետ է ներմուծում մեծամասամբ Ուկրաինայից ու Ռուսաստանից։

 

Ծխախոտ արտադրողը՝ հանրապետության երկրորդ խոշոր հարկատու

Ծխախոտի արտադրության ոլորտում գրանցված աճով պայմանավորված՝ աճել է նաև ոլորտից պետբյուջե հոսող հարկերի ծավալը։ Ըստ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի տրամադրած տվյալների՝ 2016 թվականի տարեկան արդյունքներով «Գրանդ  Տոբակո հայ-կանադական ՀՁ»-ն Հայաստանի երկրորդ ամենախոշոր հարկատուն է։ Այս ընկերությունը տարվա ընթացքում պետբյուջե է վճարել մոտ 22.6 մլրդ դրամի հարկ, որը 8.9 մլրդ դրամով կամ 65%-ով ավելին է, քան 2015-ի նույն  ցուցանիշը։

Հիշեցնենք, որ Հայաստանում ծխախոտի արտադրությամբ զբաղվում է երեք խոշոր ընկերություն։ Ամենախոշորը հենց «Գանդ  Տոբակո հայ-կանադական ՀՁ»-ն է, մյուս երկուսը՝ «Ինտերնեշնլ Մասիս Տաբակ»-ը և «Մասիս Տոբակո»-ն։ Երեքն էլ պատկանում են   «Գրանդ Հոլդինգ»-ին։ «Ինտերնեշնլ Մասիս Տաբակ»-ը նախորդ տարի վճարել է 9.4 մլրդ դրամի հարկ (աճը՝  2.2 մլրդ դրամ), իսկ «Մասիս Տոբակո»-ն՝ 486 մլն դրամի հարկ (աճը՝ 14 մլն դրամ):

 

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter