HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Բանտում մահացած հիվանդ դատապարտյալը «Նուբարաշեն» ՔԿՀ-ն անվանում էր «բիզնես կենտրոն»

«Նուբարաշեն» բիզնես կենտրոն. այսպես է իր վերջին ամիսների նամակների վերջում գրել երեկ «Արմավիր» ՔԿՀ-ում մահացած դատապարտյալ Հրաչյա Գևորգյանը:

«Գևորգյանն այն քիչ մարդկանցից էր, ով դատապարտված լինելով, իր մեջ ուժ էր գտնում բարձրաձայնել շատ ու շատ խնդիրների մասին». դատապարտյալի փաստաբան, «Հելսինկյան ասոցիացիայի» նախագահ Նինա Կարապետյանցը Հրաչյա Գևորգյանի մահը կապում է քրեակատարողական հիմնարկներում, մասնավորապես «Նուբարաշեն» ՔԿՀ-ում տիրող իրավիճակի մասին նրա պարբերական բարձրաձայնումների հետ, որոնք հրապարակվել են մամուլում:

«Ես մտավախություն ունեմ, որ Հրաչյա Գևորգյանի մահը կարող է կապված լինել քրեակատարողական հիմնարկի բարձրաստիճան պաշտոնյաների մասին բողոքների հետ»,-ասում է պաշտպանը՝ մանրամասնելով, որ նրա նամակների մեջ գրված են եղել կոնկրետ ծանր հանցագործությունների մասին: Օրինակ՝ պաշտպանի փոխանցմամբ, իր պաշտպանյալը բարձրաձայնում էր, որ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում թմրամիջոցի մեծ շրջանառություն կա, ըստ Գևորգյանի, դա կատարվում էր հենց ՔԿ-ի աշխատակիցների միջոցով:

«Հելսինկյան ասոցիացիան» 6 տարի զբաղվել է Հրաչյա Գևորգյանի գործով: Բազմաթիվ նամակներ, գրություններ է ուղարկել տարբեր գերատեսչություններ, համապատասխան պաշտոնյաների: «Այսինքն՝ բոլորը տեղեկացված էին նրա վիճակի մասին»,-ասում է իրավապաշտպան Արման Վեզիրյանը:

Քրեական գործեր՝ Հրաչյա Գ.-ի հաղորդման հիման վրա

«ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցների կողմից  պաշտոնեական դիրքի չարաշահման, կաշառք ստանալու, խոշտանգման և ազատազրկման վայրում թմրամիջոցների ապօրինի իրացման դեպքերի մասին նույն հիմնարկի կալանավոր Հրաչյա Գ.-ի` 29.12.2016թ.-ին և 16.02.2017թ.-ին տված հաղորդումների հիման վրա Հատուկ քննչական ծառայությունում հարուցվել է  երկու քրեական գործ, որոնք, բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննության անհրաժեշտությամբ պայմանավորված, միացվել և քննվում են մեկ վարույթում»: Գրված է ՀՔԾ-ի հաղորդագրության մեջ: Ըստ նույն աղբյուրի, Հրաչյա Գ.-ն տեղեկություններ է հայտնել այն մասին, որ դիմումներ գրելու համար ՔԿՀ պաշտոնյաներն իր նկատմամբ բռնություն են կիրառել, դատապարտյալներին տեսակցություն թույլատրելու համար 30.000-ից մինչև 50.000 ՀՀ դրամի կաշառք են վերցրել և բջջային հեռախոսներ վաճառել:

Փաստաբան. «Վստահ եմ, որ որևէ մեկը պատասխանատվություն չի կրի»

Ըստ ԱՆ ՔԿՎ տեղեկատվության՝ Գևորգյանը հանկարծամահ է եղել ապրիլի 5-ին, երեկոյան 17:05-ին: Արդարադատության նախարարի հրամանով ծառայողական քննություն է նշանակվել, ինչն, ըստ դատապարտյալի պաշտպանի, «ձևական բան էր, որը պիտի անեին»:

Նինա Կարապետյանցը չի հավատում, որ որևէ մեկը պատասխանատվության կենթարկվի դատապարտվածի մահվան համար. «Ես չեմ հավատում, որ իրականությունը մեզ ասելու են: Մենք ամեն ինչ անելու ենք, բայց վստահ եմ՝ որևէ մեկը պատասխանատվություն չի կրի»:

«Ճնշումը բարձր էր լինում, Վալերիանայի կաթիլներ էին տալիս»

Փաստաբանը նշեց, որ Գևորգյանը հիվանդ էր քրոնիկական հեպատիտ C-ով, քրոնիկական բրոնխիտով՝ սրացման շրջանում, Պարկինսոնի համախտանիշով, արտերիալ հիպերտենզիայով, ալերգիկ դերմատիտով։ Փաստաբանը պնդում է, որ պատշաճ բուժում չի ստացել իր պաշտպանյալը. «դեղեր բերում էին հարազատները»:  

Մինչդեռ այլ է պետական մարմնի դիրքորոշումը: Մասնավորապես Արդարադատության նախարարությունից պատասխանել են դատապարտյալին, որ կատարվել են հետազոտություններ և, որ անձը ստանում է մեթադոնային բուժում:

«Այդ հետազոտություններն էլ արդյունք են ՄԻԵԴ-ի պահանջի»,-ասաց Արման Վեզիրյանը: Բանն այն է, որ 2016-ի մայիսին ՄԻԵԴ-ը Հրաչյա Գևորգյանին անհրաժեշտ բժշկական օգնություն և խնամք տրամադրելու ուղղությամբ անհապաղ միջոցներ ձեռնարկելու վերաբերյալ գրություն է ուղղել մեր պետությանը:

Պատշաճ բուժում ստանալու պահանջով կալանավորը մի քանի անգամ հացադուլ էր հայտարարել, վերջին անգամ 57 օր գտնվել էր հացադուլի մեջ: Տեղաշարժվում էր սայլակով: «Բազմիցս եղել եմ «Նուբարաշենում», ես ինքս գնում էի բուժ.մասի նրա խուց, քանի որ սայլակով էր... ճնշումը բարձր էր լինում, Վալերիանայի կաթիլներ էին տալիս»,-պատմում էր Հրաչյա Գևորգյանի պաշտպանը:

Պարկինսոնի հիվանդությունը (պարկինսոնիզմ` արտահայտված ակինետիկ-ռիգիդային համախտանիշով) ներառված է պատժի կրման հետ անհամատեղելի հիվանդությունների ցանկում, մինչդեռ հետագա պատժից ազատելու գործընթաց չի ձեռնարկվել: Ինչպես նշեց Նինա Կարապետյանցը, պետությունը բավարար հիմքեր չի տեսել Հրաչյա Գևորգյանին հետագա պատիժը կրելուց ազատելու համար: Երբեմն էլ՝ ոչ պաշտոնական խոսակցությունների ժամանակ ասել են, թե նա սիմուլյացիա է անում. «Հիմա մա՞հն էլ է սիմոիլյացիա անում»,-ասում է փաստաբան Կարապետյանցը:

Հրաչյա Գևորգյանը սայլակի վրա է հայտնվել 2014 –ից, երբ  «Դատապարտյալների հիվանդանոցում», իր պնդմամբ, թունավորվել է ներարկումից, ապա տեղափոխվել է քաղաքացիական հիվանդանոց, որտեղ 10 օր կոմայի մեջ է գտնվել: Արթնանցել է, սակայն չի կարողացել քայլել: Դատապարտյալի մայրը՝ Նախշուն Ենգիբարյանը, 2013-ին նախագահի նստավայրի մոտ ցանկացել է ինքնահրկիզվել, ոստիկանները միջամտել են:

«6 տարվա մեջ 1 անգամ է մորը հանդիպել, ասում էին սայլակով է՝չենք կարող բերել տեսակցությունների սենյակ»,-ասաց Նինա Կարապետյանցը: Եթե Հրաչյա Գևորգյանը լիներ հովանավորյալ, բարձրաստիճան պաշտոնյայի որդի կամ եղբայր, ապա ինչպես կդասավորվեր նրա ճակատագիրը «Հետքի» հարցին փաստաբան Արայիկ Պապիկյանն ասաց. «Լավ խցեր կան, 5000 դոլար կարող էր տալ, մնալ»:

 
Հրաչյա Գևորգյանի դեպքը եզակի չէ

Փաստաբանների, իրավապաշտպանների պնդմամբ` Հրաչյա Գևորգյանի դեպքը միակը չէ: ՔԿՀ-ներում բազմաթիվ հիվանդ կալանավորներ ու դատապարտյալներ կան: Նրանք կապ են տեսնում ՔԿՀ-ների ծանրաբեռնվածության, վերջին տարիներին համաներում չկիրառելու, կալանքը որպես խափանման միջոց 90 տոկոսով կիրառելու, պայմանական վաղաժամկետ ազատումները հազվադեպ երևույթ դարձնելու միջև. «Ինչքան շատ քաղաքացի լինի ՔԿՀ-ներում, այնքան շատ՝ եկամուտ»,-ասում են նրանք:

Փաստաբան Արայիկ Պապիկյանի կարծիքով, «ցավոք այնպիսի զգացողություն է, որ կալանավորվածը ոչ թե անձ է, այլ ապրանք, հնարավոր եկամտի աղբյուր: Անձինք որքան երկար ու որքան շատ լինեն, ոչ օրինական եկամուտները ավելի շատ կլինեն»:

Հ.Գ. Ըստ մեղադրանքի՝ Հրաչյա Գևորգյանը և ևս մեկ քաղաքացի պատանդ են վերցրել Հրաչյա Գևորգյանի հետ քաղաքացիական ամուսնությամբ ապրող կնոջը և նրա երեխային, ապա պատանդներին ազատելու պայմանով կնոջ հորից`պահանջել են գումար, որն ստանալուց հետո ազատ են արձակել պատանդներին: Հրաչյա Գևորգյանը դատապարտված է եղել 8 տարվա ազատազրկման:

 
Հրաչյա Գևորգյանի լուսանկարը՝ epress.am կայքի տեսանյութից

Մեկնաբանություններ (1)

Հասմիկ Ա. Ա.
Սիրելի Զարուհի, հոդվաածներիդ հետևելով' տարիներ առաջ եմ եկել այն եզրահանգման, որ Հայաստանում ՔԿՀ-ն եկամտի աղբյուր է հենց իշխանությա'ն համար: Այլապես' այսքան աղմկահարույց դեպքերից հետո գոնե ինչ-որ բարեփոխումներ կիրականացնեին: Փաստորեն այսօր ՔԿՀ կոչվածում գտնվող ամենադաժան հանցագործը հրեշտակ է այս խոշտանգողնորի համեմատ: Միթե՞ ևս մի քանի տարի ոչինչ չի փոխվելու: Անհավանական անտանելի՜ է:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter