HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անուշ Քոչարյան

Սուրճի «լաբորատորիա» Դիլիջանում

Լուսանկարում Անին ու Մարիամն են․ ընթրում են։ Ճաշելու համար ընտրվել է հարմար պահ, երբ իրենց յուրահատուկ «լաբորատորիայում» այս պահին հաճախորդ չկա։ Գունավոր ափսեների մեջ բադի ձվի դեղնուցները խառնում են իրար ու արագ հավաքում սեղան-բարը։

Անին ու Մարիամը Դիլիջան են տեղափոխվել յոթ ամիս առաջ՝ Երեւանից։ Անին արվեստաբան է, Մարիամը՝ ֆինանսիստ:

Երեք օր է, ինչ Դիլիջանում եմ։ Առաջին օրը քայլում եմ դեպի Մյասնիկյան փողոց, որտեղ էլ գտնվում է նրանց «Caffeine Brew Lab»-ը (հայերեն՝ «Կոֆեին թմրելու լաբորատորիա»)։

Մյասնիկյանի յուրահատուկ փոքրիկ, եռանկյունի տանիքներով տնակները շարված են կողք-կողքի․ դրանցից մեկը «լաբորատորիան» է։ Նախկինում պանրի արտադրամասի, այնուհետեւ մսի, ապա մթերային խանութի բարձր առաստաղ ունեցող շինությունում այսօր այլընտրանքային սուրճ համտեսելու հնարավորություն եւ էլ ավելի այլընտրանքային «տիրուհիների» հետ շփվելու հրաշալի մթնոլորտ կա։

 Մարիամը պատրաստում է մենյուների նոր տարբերակները

Մինչ Մարիամը հատուկ ֆիլտրի միջոցով անցկացնում է specialty դասի սուրճը (որն իրենք են բովում), Անին փորձարկում է նոր քաղցրավենիքի պատրաստման մեթոդը, ես մտածում եմ Դիլիջանի փոփոխությունների մասին։

«Մի անգամ որոշեցի վարդագույն բուրգեր սարքել։ Մտածեցի, եթե կա յուրահատուկ «սեւ» բուրգեր, ինչի չլինի նաեւ վարդագույնըինչ պատրաստում ենք, բացառապես օրգանական սնունդ է պարունակում»,-ասում է Անին։

Անին պատրաստվում է նոր հաց թխել

Իսկ թե Դիլիջանում ինչպես են ընդունել իրենց «վարդագույն» բուրգերները ու «լաբորատորիական» մոտեցումները, նույնպես հետաքրքրության է արժանի։

«Սկզբում ուսումնասիրում էին, հետո կամաց-կամաց սկսեցին «սովորել» մեզ, օգնեցին վերանորոգման աշխատանքներին՝ ով ինչպես կարող էր, մտերմացան, նրանցից շատերը հիմա մեր ընկերներն են ու մշտական հաճախորդները»,- ասում է Մարիամը։

Դիլիջանցիները, ինչպես նաեւ Երեւանից ու այլ քաղաքներից ժամանած հյուրերը կանգ են առնում «լաբորատորիայի» մոտ ու եթե սուրճ խմելու ժամանակ չունեն, գնում են թթխմորով պատրաստված հացը կամ անվանումներ չունեցող, բայց իրենց հայտնի թխվածքաբլիթները։

«Կաֆֆեինը» առաջին հայացքից տարածության ազատության զգացում է տալիս (պատճառն, ըստ երեւույթին, բարձր առաստաղն է ու կահավորանքի պարզությունը), հետո, երբ հարմար տեղավորվում ես փայտե վառարանի կողքին, սկսում ես ուսումնասիրել ամեն դետալը՝ անկյունում դրված կանաչ սոխի փոքրիկ հողե արկղը, խորհրդային սպասքի յուրահատուկ նմուշները, Անիի՝ Երեւանից Դիլիջան տեղափոխած արվեստաբանական գրքերը, նրա էջանիշով «White house»-ը (որը երեւի հիմա կարդում է), սուրճի քաշի ճշգրտությունը ստուգող փոքրիկ կշեռքը, «Արագած» սառնարանը, կոլբաներն ու տափաշշերը․․․

Սրճարան-լաբորատորիայի ներքին հարդարանքի աշխատանքների արդյունքում շենքի պատմական մթնոլորտը պահպանվել է․ հատակի փոքրիկ խորհրդային արտադրության սալիկները՝ տեղ-տեղ գունաթափված, պատերն ու առաստաղը տարիների իրենց յուրահատուկ խամրությամբ գրավում են զբոսաշրջիկներին ու հարցեր առաջացնում։

Իսկական լաբորատորիա հիշեցնող կահույքը նույնպես հետաքրքիր պատմություն ունի

«Կահույքը սարքել է Էնդրյու դը Ֆրեյտաշը՝ Բրազիլիայից, ով մասնակցում էր «Դիլիջանի արվեստների դիտարան» նախագծին։ Նոր էինք եկել, ոչինչ չունեինք, նոր պետք է կահույք սարքվեր, վերանորոգում էինք անում ու դռան դիմացից սուրճ վաճառում։ Մի օր նախագծի մասնակիցներից մի քանիսը եկան սրճելու, Էնդին մեզ սիրեց, որոշեց իր ինստալլացիան նվիրել մեզ ու կահույք սարքեց մեզ համար «Իմպուլս» գործարանի եղածից»,- ասում է Անին։

Լաբորատորիան նախ էնտուզիաստի գաղափար է․ փորձարկումը՝ որպես բիզնես-նախագիծ «անցկացրել» է առաջին ձմեռային սեզոնը, առջեւում տաք օրեր են, ու Մարիամը մայթին շարում է բույսերից շատերը, արեւային նույն տրամադրությամբ վերադառնում ու սկսում հավաքել ներսի սեղանը։ 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter