HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Շատ մի՛ ժպտա, hամեստ եղի, համեստ»

Սևանի Մ. Մաշտոցի անվան թիվ 1 դպրոցի նախկին ուսուցչուհի, 54-ամյա Անահիտ Սահակյանը պատմում է, որ այս ազատ գաղափարական ժամանակաշրջանում էլ տղաների մեծ մասը մերժում է այնպիսի բաներ, որոնք իր համար անհասկանալի են. «Ես իմ շրջապատում շատ տղամարդկանց հետ եմ շփվել, այստեղ շատերն են իրար ճանաչում, և ծանոթ եմ իրենց մտքերին, բայց չեմ կարողացել ընկալել դրանք: Նրանց մեծ մասը 17-18 տարեկան աղջիկների հետ են նախընտրում ընկերություն անել, որոնք, ըստ իրենց, ընկեր չեն ունեցել, չգիտեն ընկերություն անել և, իրենց լեզվով ասած, տղու էրես չեն տեսել»:  

Սևանում ապրող մի քանի տղաների հարցրի, թե ինչ տարիքի աղջիկներ են  նախընտրում, ծիծաղելով պատասխանեցին, որ փոքր տարիքի աղջիկներին հեշտ է իրենց ուզած ձևով դաստիարակել, ճիշտ ապրել սովորեցնել ու հետո պատրաստ կլինեն տուն տանելու համար:

Տիկին Անահիտի խոսքերով՝ նրանք անհատներ չեն, այլ կյանքի ճիշտն ու սխալը առանձնացնող, կյանքի օրենքներ ստեղծող և այդ օրենքներն ուրիշներին պարտադրող խմբեր են:

«Հիմնականում ընկերներով բոլորն էլ էդպիսին են լինում, դա մի մեծ շրջապատ է, բոլորն էլ նույն կերպ են մտածում ու ապրում, և գյուղերում սա ավելի ամուր հիմքերի վրա է դրված»,-ասում է նա:  

Գաղափարապես նման այդ խմբերը շատ ժպտալն անգամ անվանում են ազատ, անհամեստ աղջկա պահվածք, որն իրենց մտածելու տեղիք է տալիս. արդյո՞ք ճիշտ ընտրություն են անում: Վարդենիսի քսանամյա բնակչուհի Լ. Հակոբյանը պատմում է, որ մի տղայի հետ էր սկսել ընկերություն անել, բայց առաջին հանդիպումը եղավ վերջինը. «Առաջին հանդիպումը մի տեսակ ուրիշ ձև ես պատկերացնում՝ ուրախ, հանգիստ զրույց, բայց այդպես չեղավ. անմիջական, առանց լարվելու, ժպտալով, կատակելով սկսեցի խոսել նրա հետ, բայց ասաց..․ «Դու կարողա սենց անմիջական ես, էդ քո տեսակն ա, բայց վաղը մյուս օր որ լուրջ ընկերություն անենք, ընկերներիս հետ ուզեմ քեզ ծանոթացնեմ ու սենց անմիջական խոսես, ժպտաս, իրանք ուրիշ բաներ կմտածեն, ուրիշ ձևի աղջկա տեղ կդնեն. շատ մի՛ ժպտա, համեստ եղի, համեստ», սա էլ դեռ քիչ էր, նրան դուր չէր եկել իր աչքերի մեջ նայելս, որը բնութագրեց որպես համարձակություն (ծիծաղում է)»:

Դժվար է հասկանալ, թե ժպտալն ու չժպտալը ի՞նչ կապ ունի համեստության հետ: Չնայած այս առումով առավել շեշտվում են հենց գյուղերը, բայց քաղաքն էլ ետ չի մնում: 29 տարեկան երևանաբնակ Դավիդ Աբրահամյանն, որի շրջապատում էլ կան այդպիսի տղաներ, պատմում է. «Իրանք իրանց համար օրենքներ ունեն, թե աղջիկը ոնց պիտի իրան պահի, անգամ իրանց ընկերներին են խանդում: Չեն ընդունում ընկերուհիների հումորները, ժպիտները ընկերների մոտ: Եթե դու տենց չապրես, իրանք կծաղրեն քեզ, որ ընկերուհուդ չես կարողանում կանտրոլի տակ պահես, որ ստեղ-ընդեղ ժպտումա կամ հումորա անում, էդ իրանց համար ազատ աղջկա դրսևորումա, իսկ ազատ աղջիկներին լուրջ ուզող տղեքը էդ շրջապատում տեղ չունեն, իսկ եթե իրանց պես չես մտածում կամ ապրում, քեզ չեն թողնում իրանց շրջապատ»: 

Տասնութամյա Նարինե Գալստյանը պատմում է, որ իր ընկերը նրան չէր թողնում տաքսի ծառայություն զանգել, որ ուրիշը նրա ձայնը չլսի: «Դրանից հետո վերջ եմ տվել մեր հարաբերություններին, անիմաստ խանդ էր, որը հետո կարող էր ավելի վատ հետևանքներ ունենալ. մաման ինձ շատ օգնեց՝ այդ ամենը բացատրելով. մի օր էլ կարգելեր պատուհանից նայել, դուրս գալ տանից կամ շփվել որևէ մեկի հետ», -ասում է Նարինեն։

Կարելի է կարծել, թե այդ մտածելակերպով տղաները երբեք մենակ չեն թողնի իրենց կողակցին, բայց հենց նրանք են մեկնում երկրից արտագնա աշխատանքի՝ մենակ թողնելով իրենց կանանց: Ծովագյուղում ապրող Արփինեն, ով ամուսնությունից մի քանի ամիս հետո նույնպես ճանապարհել է իր ամուսնուն այլ երկիր, ասում է, որ երբեք չէր մտածի, թե այդպես կլինի. «Մենք երեք տարի ընկերություն ենք արել ու այդ ընթացքում անգամ մամայի հետ չէր թողնում երեկոյան դուրս գալ: Ամուսնացանք, գնաց: Ճիշտ է՝ գալիս-գնում է, սկզբում զարմանում էի, թե ինչպես կարող է ինձ արգելել դուրս գալ տնից անգամ մայրիկիս հետ, բայց հետո ամիսներով մենակ թողնել ինձ ու հեռանալ»: Այնուհետև կապ հաստատեցինք Արփինեի ամուսնու՝ Արթուրի հետ, ով  արդեն տասը տարի է Ռուսաստանում է: Նա չցանկացավ այդ մասին երկար  խոսել ու ասաց, որ ընտանիքը պահելու համար է էնտեղ, իսկ այն հարցին, թե երկա՞ր է պատրաստվում հեռվից պահել իր ընտանիքը, պատասխանեց. «Էդ իմ գործն ա, երբ ուզեմ կբերեմ իրանց, հիմա չեմ ուզում»:

Ռուզան Գաբրիելյան

Ժուռնալիստիկայի ֆակուլտետ, 4-րդ կուրս 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter