HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ՀՀ քաղաքացին դարձյալ տանուլ տվեց ընտրությունները

Ապրիլի 2-ին, Ազգային ժողովի ընտրությունների օրը, Կոտայքի մարզի Ողջաբերդ, Գեղադիր, Հացավան, Գառնի, Գողթ համայնքների ընտրատեղամասերն աչքաթող էին արվել ԶԼՄ-ների կողմից, այստեղ քվեարկության ընթացքին միայն «Հետքն» էր հետեւում։ Միջազգային դիտորդներն ընտրատեղամասերում լինում էին 10-20 րոպե առավելագույնը, իսկ տեղական դիտորդների ու վստահված անձանց ոչ բավարար պատրաստվածությունն ու մի քանի ձայն շահելու «փոխզիջումը» միայն ջուր լցրեցին իշխանության ջրաղացին։ Դիտորդների ու վստահված անձանց զգալի մասը երիտասարդներ էին՝ 18-25 տարեկան։ Նկատելի էր ինչ-որ բան փոխելու նրանց պատրաստակամությունը, սակայն նրանցից շատերը չէին պատկերացնում իրենց անելիքը, պատվո պահակի կեցվածք ընդունած կանգնած էին ընտրատեղամասի մի անկյունում։

Ընտրատեղամասերից մեկում, երբ ընդամենը մեկ ժամ էր մնացել քվեարկության ավարտին, տեղական դիտորդներից մի երիտասարդ մոտեցավ եւ խնդրեց օգնել իրեն գրանցելու գոնե մեկ ընտրախախտում, քանի որ իրենից պահանջում են հաշվետվություն, իսկ ինքը ողջ օրվա ընթացքում ոչ մի խախտում չի նկատել։ Դա այն դեպքում, երբ մեր զրույցի պահին անգամ, ընտրություններն ընթանում էին ընթացակարգային խախտումներով։

Վստահված անձանց մոտ «փոխըմբռնման մթնոլորտ» էր՝ աչք փակել այսպես ասած «ոչ արտառոց» խախտումների վրա` չքվեարկած ընտրաթերթիկները քվեախցիկից դուրս բերելու, ուղղորդված քվեարկություն կատարելու, տարեցները քվեարկում էին «օգնությամբ», որը շատ դեպքերում ընթանում էր առանց նրանց մասնակցության ու գիտության, հաճախ` նաեւ անթաքույց ուղղորդումներով։ Նրանցից յուրաքանչյուրը հստակ գիտեր ընտրատեղամաս մտնող իր «ընտրազանգվածին» եւ հարկ եղած դեպքում աչք-ունքով մեսիջներ էին փոխանակում։ Երբ ընթացքի վերաբերյալ հարցով դիմում էի վստահված անձանց կամ տեղական դիտորդներին՝ պատասխանը մեկն էր. «Ամեն ինչ նորմալ է, օրենքի շրջանակում»։

Սույն երեւույթի վրա աչք էին փակում նաեւ հանձնաժողովի անդամները։ Միայն, երբ տեսնում էին փաստն արձանագրելու պատրաստ ֆոտոխցիկը նետվում էին առաջ «կանխելու» խախտումը, միաժամանակ դիվանագիտորեն փակելով ֆոտոխցիկի տեսադաշտը։ Նրանք մեղադրում էին ԶԼՄ-ներին ու ԿԸՀ-ին նախընտրական փուլում ընտրական ընթացակակարգի նորամուծությունները ոչ բավարար չափով լուսաբանելու ու մեկնաբանող տեսահոլովակը քիչ ցուցադրելու համար։ Խախտումներով կատարվող քվեարկությունը վերագրում էին միայն թյուրըմբռնմանը։

Տեղամասեր այցելած միջազգային դիտորդների՝ ընտրությունների անցկացման, նոր ընտրական համակարգի վերաբերյալ մեր հարցադրումների պատասխաններն ընդհանրական էին` «համապատասխանում են սահմանադրական նորմերին, նորմալ են ընթանում»։ Ընթացակարգային նորամուծությունները համապատասխանո՞ւմ են ընտրական չափորոշիչներին մեր հարցին, Հայաստանում Շվեդիայի դեսպան Մարտինա Քուիկը պատասխանեց, որ ինքը վերջերս է ընդգրկվել եւ չի տիրապետում ողջ նյութին։ Միջազգային դիտորդ Ռախիմ ժան Իսակուլովն ասաց, որ իրենց այցելած տեղամասերում ընթացքը նորմալ էր, բայց իհարկե կարեւոր է, որ՝ «ժողովրդի համար լավ լինի»,- եզրահանգեց նա։

ԱՊՀ դիտորդ Սերգեյ Յուսովի տպավորությամբ` ընտրության ընթացակարգը շատ բարդ էր, հատկապես տարեցների համար։ Նրանք ոչ մի կերպ չեն կողմնորոշվում քվեաթերթիկների քանակի մեջ։ Նա միաժամանակ նշեց, որ արդեն քանի տարի ինքը դիտորդություն է անում ԱՊՀ տարբեր երկրներում, բայց նման բարդ համակարգի ոչ մի տեղ չի հանդիպել։

Ընտրական ընթացակարգում արված նորամուծությունները թե՛ այդ նորամուծություններից գլուխ չհանող տարեց ընտրազանգվածին, թե՛ ուղղորդողներին, թե՛ «օգնությամբ» քվեարկողներին եւ թե՛ անփորձ ու օրենսդրական նորմերին չտիրապետող երիտասարդներին իրենց շահերին ծառայեցնելու իշխանության հերթական հաշվարկած քայլն էր։

Մետաքսե Պետրոսյան

 

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter