HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Առաքելյան

Վարչապետը` «աքցանի» մեջ, կամ պառլամենտական «դեժավյու»

Ապրիլի 2-ի ընտրություններով ձևավորված խորհրդարանը գոնե մինչև 2018թ. ապրիլ կլինի կանխատեսելի և նույնքան վերահսկելի, գործադիր իշխանությունից նույնքան կախյալ վիճակում, որքան անցած գումարման ԱԺ-ն: Նոր խորհրդարան անցած բոլոր 4 ուժերն էլ ծանոթ են նախկինից: ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն Աժ-ում վերարտադրվել են նույնությամբ, «Ծառուկյան» դաշինքի ճնշող մեծամասնությունը ներկայացնում են նախկին ԲՀԿ խմբակցությունը, իսկ «Ելք» դաշինքի քաղաքական կուրսի որոշման վրա մեծ ազդեցություն ուենցող երեք լիդերներից երկուսը՝ Նիկոլ Փաշինյանն ու Էդմոն Մարուքյանը, անցած խորհրդարանում ներկայացնում էին համապատասխանաբար արմատական և չափավոր ընդդիմությունը՝ առանց քաղաքական մեծամասնության գործունեության և քաղաքականության վրա ազդելու լուրջ լծակների: Այնուամենայնիվ, թե չորս ուժերի դասավորությունը և թե նրանց թիմերի ներքին բովանդակային առանձնահատկությունները թույլ են տալիս մեկնարկային որոշ դիտարկումներ անել նրանցից յուրաքանչյուրի հնարավոր դերակատարության և առհասարակ ապագա խորհրդարանի որակի մասին:

ՀՀԿ

ՀՀԿ խմբակցության կեսը կկազմեն ռեյտինգային պատգամավորները, որոնք գրեթե  ամբողջ կազմով օդիոզ, բայց հատկապես օլիգարխիկ կերպարներ են: Սա լուրջ հանգամանք է՝ երեք հիմնական պատճառով: Առաջին՝ բացահայտում է, որ ՀՀԿ-ն ամբողջությամբ քաղաքական թիմ չէ, ինչի տպավորությունն այս ուժը ստեղծում էր ընտրարշավում քաղաքական «մաքուր» դեմքերից կազմված  համամասնական անցողիկ ցուցակով: Եթե նախորդ խորհրդարանում այս կոնտինգենտը ՀՀԿ խմբակցության մոտավորապես 40 տոկոսն էր կազմում, հիմա արդեն՝ ուղիղ կեսը: Սա նշանակում է, որ այս մարդկանց ներկայացվածությունը, հետևաբար նաև ազդեցությունը ոչ միայն ՀՀԿ խմբակցությունում է մեծանում, այլև ընդհանուր առմամբ իշխանությունում: Ռեյտինգային համամասնական ընտրակարգը ՀՀԿ քաղաքական և օլիգարխիկ-օդիոզ բևեռների միջև որոշակի գործարքային հավասարակշռում է ապահովել՝ փաստացի մեծացնելով միմյանց հանդեպ փոխադարձ պարտավորությունները: Կուսակցությունն իր ցուցակով նրանց Աժ անցնելու և իրենց շահերի լոբբինգն անմիջականորեն իրականացնելու հնարավորություն է տվել, իսկ ռեյտինգայինները աննախադեպ քանակությամբ ձայն են ապահովել ՀՀԿ-ի համար՝ ցույց տալով, որ առանց իրենց, նույնսիկ վարչական ռեսուրսով, ընտրություններում ՀՀԿ-ն որպես կուսակցություն բացարձակ մրցունակ լինել չի կարող:  

Երկրորդ՝ չնայած խմբակցությունում կլինեն նաև նոր և բավականին ադեկվատ դեմքեր, սակայն ընդհանուր պատկերը, ձեռագիրը, ավանդույթները, հավաքական որակը էականորեն չի փոխվելու. այն մարդկանց մեծամասնությունը, ովքեր գլխավորում էին ՀՀԿ նախընտրական ցուցակը և որոնք ՀՀԿ-ի թարմացման իմիտացիա էին ստեղծում, «գործուղվելու են» գործադիր իշխանություն, և Աժ-ում մնալու է անցած խորհրդարանի ՀՀԿ-ական «փաղանգը»:

Երրորդ՝ նման երկդեմ խմբակցության հետ լուրջ խնդիր է ունենալու «բարեփոխիչ» վարչապետ Կարեն Կարապետյանը, ում դիրքերը, թվում է, բավականին հաջող անհատական քարոզարշավի շնորհիվ ՀՀԿ-ում պետք է ավելի ամրապնդվեին: Իրականում, ի դեմս ՀՀԿ խմբակցության՝ նա ստանում է մի մեծամասնություն, որի կեսը հանդես է գալիս տնտեսության ազատականացման բարեփոխումների ցանկացած առողջ նախաձեռնության դիմադրողի դիրքերից, և որտեղ ինքն անձամբ մեծ ներկայացվածություն, հենարան չունի: Այսինքն՝ սա  իշխանական կոնյունկտուրայի նույն՝ մեծամասամբ կոճակ սեղմողների թիմն է, որն արմատապես վերափոխելու «ռազմակոչով» Կարեն Կարապետյանը «ներխուժեց» ՀՀԿ վերնախավ:  Սա փաստացի ոչ թե նրա, այլ գործող նախագահի մեծամասնությունն է, և այս հանգամանքը չի կարող չկաշկանդել դեռևս գործարար-վարչարարից քաղաքական ֆիգուր չդարձած Կարապետյանին, նրան գոնե նախնական փուլում չդնել Սերժ Սարգսյանից և նրա քաղաքական պլաններից ուժեղ կախվածության մեջ: Կարապետյանը, սակայն, ունի այս «աքցանը» ճեղքելու մեկ հիմնական խաղաքարտ. Ռուսաստանի և ռուսաստանահայ գործարար էլիտայի կարծես թե անվերապահ աջակցությունը, որը ներհայաստանյան մակարդակում ձեռք է բերում քաղաքական կշիռ: Եթե այդ գործարարներից ամենաքաղաքականացվածի՝ Սամվել Կարապետյանի եղբայրը՝ Կարեն Կարապետյանը, զբաղեցնի ԱԺ նախագահի պաշտոնը, հնարավոր է՝ Կարապետյանների տանդեմը սերժսարգսյանական մեծամասնությանը չափավորող, հակակշռող ներթիմային բևեռի վերածվի

«Ծառուկյան» դաշինք 

Որակական առումով մեծ փոփոխություն չկա նաև 31 մանդատ ստացած «Ծառուկյան» դաշինքում: Ինչպես նախկին ԲՀԿ խմբակցությունը, այնպես էլ այս դաշինքը հանդիսանում է իշխանության ցուցակից դուրս մնացած օլիգարխների այլընտրանքային հավաքատեղի:

Ֆորմալ առումով այս դաշինքը, թերևս, կտեղավորվի ընդդիմադիր գոտում: Աժ-ում կփորձի ուժեղ ընդդիմության իմիտացիա ստեղծել՝ հատկապես «Ելք» դաշինքի ճնշման ներքո: Բայց այն կլինի իրավիճակային ընդդիմություն, ինչպես «քառյակ-եռյակի» ձևաչափից դուրս նախկին ԲՀԿ խմբակցությունն էր: Այս դաշինքը ընդդիմություն կլինի միայն հրապարակային ելույթների մակարդակում, իսկ սկզբունքային, գործնական հարթությունում կլինի իշխանության համար վերահսկելի: Ի դեմս «Ծառուկյան» դաշինքի՝ ՀՀԿ-ն ապահովել է լիակատար վերահսկելի խորհրդարանական փոքրամասնություն: Դաշինքն այն հիմնական ռեսուրսը կլինի, ինչից մեծամասնությունն առատորեն կօգտվի, երբ ընդդիմության հետ կոնսենսուսային որոշումների խնդիր ունենա:«Ծառուկյան» դաշինքն այս իմաստով ոչ ընտրությունների ժամանակ, ոչ էլ խորհրդարանական գործունեության առումով չի փոխել այլընտրաքային իրական բևեռի, իրական ազդեցիկ ընդդիմության ստեղծման հեռանկարը ոչնչացնող բուֆերային գործառույթը: Եվ Գագիկ Ծառուկյանը, որպես այդ ծառայության դիմաց փոխհատուցում, կշարունակի օգտվել Աժ չգալու, բայց բացակայությունները հարգելի ճանաչելու իր արտոնությունից: Ինչպես ասում են՝ «մավրն արեց իր գործը, մավրը կարող է հեռանալ»:

Արտաքին քաղաքականության հիմնական առաջնահերթություններում, ներքին հասարակական-քաղաքական ստատուս քվոյի պահպանման, կառավարման մշակույթի, էլիտայի մտածողության առումով «Ծառուկյան» դաշինքը իշխանական «անտիմատերիան» է, նրա շարունակությունը ընդդիմությունում: Այս երկու ուժերը միասին կշարունակեն առանց չափազանցության անապատացնել քաղաքական համակարգը:

ՀՅԴ

Աժ է անցել ամբողջ քաղաքական թիմով և երբեք չի թաքցրել, որ շարունակելու է համագործակցությունը ՀՀԿ-ի հետ՝ դիրքավորվելով իշխանական թևում: Անկախ դրանից՝ դասական, իրական կոալիցիա կազմել չի կարող: Ընտրություններից հետո արած հայտարարությամբ հասկանալի է դարձրել, որ ՀՀԿ-ի հետ ձգտելու է ավելացնել իր ներկայացվածությունը Կառավարությունում: Սակայն մեծ շանսեր չունի: Խնդիրն այն է, որ չնայած ԱԺ-ին վերապահված՝ առանցքային պետական պաշտոններում նշանակումների, սահմանադրական կարգավիճակ ունեցող օերնքների ընդունման համար ՀՀԿ-ին ՀՅԴ-ի աջակցությունն անհրաժեշտ է լինելու, սակայն «Ծառուկյան» դաշինքի կամ նրա մի մասի հետ ստվերային, ոչ ֆորմալ գործակցության հնարավորությունը թուլացնում են պորտֆելների հարցում ՀՅԴ-ի բանակցային դիրքերը: Շատ ավելի հավանական է, որ նրանք պահպանեն անցած տարվա ընթացքում ձևավորած համամասնությունը: Քաղաքական իշխանությանը ՀՅԴ-ի հետ գործակցությունն անհրաժեշտ է երկու հիմնական նկատառումով: Առաջին՝ այն հնարավորություն է տալիս առաջին հերթին լուծելու վերարտադրված իշխանական կոնյունկտուրայի լեգիտիմությունը սփյուռքում և պահպանել այն տպավորությունը, թե ՀՀԿ-ն ազգային գծի վրա է: Երկրորդ՝ ՀՅԴ-ի հետ գործակցությամբ ԼՂ հիմնահարցի կարգավորման բանակցություններում կոշտ դիրքերը պահպանելու ուղերձ է հղվում միջազգային հանրությանը: Նախընտրական շրջանում ՀՅԴ-ն ցույց տվեց, որ քաղաքական լանդշաֆտում միակն էր, որ պաշտպանում է չզիջելու գաղափարը: Սակայն, բանակցություններում իրավիճակի որոշակի փոփոխության դեպքում ՀՅԴ-ն կկանգնի հարաբերությունները ՀՀԿ-ի հետ ճշգրտելու անխուսափելի երկընտրանքի առջև՝ հաշվի առնելով, որ ամեն դեպքում ՀՅԴ-ն դեմ է մադրիդյան սկզբունքներով  խնդրի կարգավորման՝ ՀՀԿ-ի համաձայնությունը ստացած կոնցեպցիային:

Մինչ այդ պահը ՀՅԴ-ն կարող է հայտնվել ՀՀԿ-ի կցորդը դառնալու և այդպիսով հանրային վստահության ունեցած ռեսուրսը փոշիացնելու վտանգի առջև, եթե չհասնի նրան, որ համագործակցության դեպքում վերանայվեն ԱԺ մեծամասնությունում որոշումների կայացման և գործադրման գործող ավանդույթները: Ուղենիշային կլինի՝ արդյո՞ք ՀՀԿ-ն և ՀՅԴ-ն կգործակցեն 2016թ. հուշագրի հիման վրա, թե՞ ինչ-որ նոր փաստաթուղթ կմշակեն, իսկ հուշագիրը շարունակելու դեպքում որքանո՞վ ՀՅԴ-ն կդնի դրա բոլոր կետերի հստակ իրագործման պահանջ: Խնդիրն այն է, որ հուշագրում ամրագրված է, որ հայեցակարգային և ռազմավարական նշանակության նախագծերի շուրջ պետք է քննարկումների միջոցով ձևավորվի միասնական դիրքորոշում, իսկ որպես դրա ձևաչափ՝ պետք է ձևավորվի «համագործակցության խորհուրդ»: Անցած մեկ տարվա ընթացքում հուշագրի այս կետը փաստացի չի գործել: Եթե հիմա ՀՅԴ-ն կարողանա հասնել նրան, որ որոշումները ոչ թե Մելիք-Ադամյան փողոցի ՀՀԿ գրասենյակում կայացվեն, այլ այս խորհրդում, ապա կարող է հավակնել այսպես կոչված «ներքին ընդդիմության» կարգավիճակին և գործնականացնել իր հռչակած՝ «փոփոխություններ ներսից» գաղափարը: Հակառակ դեպքում լինելու է անցած մեկ տարվա ընթացքում ԱԺ-ում նրա գործունեության պատճենը:

«Ելք» դաշինք

Չնայած արտախորհրդարանական ուժերի սուր և հիմնականում չարախնդությունից սնվող քննադատությանը՝ «Ելքը» լինելու է խորհրդարանի մաքուր ընդդիմադիր դիրքերից հանդես եկող միակ ուժը: Առայժմ պարզ չէ՝ որքանո՞վ այդ դիրքավորումը կլինի արմատական կամ կառուցողական:

Դաշինքը խորհրդարանական միակ ուժն է, որն արտաքին քաղաքականության, աշխարհըմբռնման և արժեքային առումով առավելապես ուղղորդված է դեպի արևմուտք, ավելի ճիշտ՝ Եվրոպա:

«Ելք»-ի ուժեղ կողմերն են բավականին երիտասարդ, նախաձեռնող, կրեատիվ մտածողությամբ և համարձակ թիմը, ծրագրային հետաքրքիր, նորարական մոտեցումները և որոշումների կայացման կոլեկտիվության մեթոդաբանությամբ առաջնորդվելը: Հիմնական ռիսկային գործոնը դաշինքային ձևաչափն է: Հայաստանյան պառլամենտարիզմի ողջ պատմության ընթացքում չի եղել դաշինքի տեսքով ԱԺ մտած որևէ ուժ, որը հետագայում չի պառակտվել:

Որևէ հիմք չկա պնդելու, որ երկու պոտենցիալ ընդդիմադիր դաշինքների միջև ԱԺ-ում կարող է լայն համագործակցություն ծավալվել: Դրանք կլինեն, բայց կկրեն իրավիճակային բնույթ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter