HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վարորդները դժգոհում են գազալցակայաններից

Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության շուկայի վերահսկողության տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ Արթուր Մկրտչյանի խոսքով` 2016թ. ընթացքում և 2017թ. անցած ամիսներին իրենց ստորաբաժանման կողմից ավտոգազալիցքավորման ճնշակայանների (ԱԳԼՃԿ) շահագործման վերահսկողություն չի իրականացվել՝ ստորաբաժանման վերաձևավորման պատճառով։ «Ապրիլ ամսին կսկսենք ստուգումները», - հայտնեց Արթուր Մկրտչյանը:

Իսկ մինչ այդ վարորդները ահազանգում են Ալավերդի, Աքորի և Հաղպատ համայնքների վարչական տարածքներում տեղակայված ավտոգազալիցքավորման կայաններում կատարվող ապօրինությունների մասին:         

«Ալավերդի ավտոմեքենան գազ լիցքավորելիս ամեն օր մեզանից մինիմում 1000 դրամ են տանում: Մենք մեր տաքսիները լիցքավորում ենք նաև Վանաձորի և Սևանի մայրուղու վրա գտնվող գազի այլ լցակայաններում: Վանաձորում մեզ նորմալ սպասարկում են միայն «Սեզամ» գազի լցակայանում: Սևանի մայրուղու բոլոր լցակայաններում մեզ հոյակապ են սպասարկում: Էնտեղ միջինը 1000 դրամ պակաս ենք վճարում՝ Ալավերդու գազալիցքավորման կայանների համեմատ, կմ-ն էլ շատ ենք քշում: Եթե ազգանունս գրեք, զապռավկի տերերը թշնամի են դառնում: Բայց հիմնականում վիճակն էդ է»,- ասում է վարորդներից մեկը:

«Ալավերդիում ավտոմեքենաների գազի թանկ լիցքավորման պատճառը ոչ ոք չի կարողանում բացատրել: Բայց դա մենք մեր գրպանի և մեր քշածի վրա զգում ենք: Չեմ կարող ասել գազը որակ ունի, որակ չունի, դա սարքավորումներից, թե սեփականատերերից է, բայց որ մեր գազի լցակայաններում ավտոմեքենաները լիցքավորելիս գազի թանկությունը մեր մաշկի վրա զգում ենք, էդ լավ երևում է», - հայտնեց վարորդ Գառնիկ Մեջլումյանը:

Գառնիկի վարած տաքսու գազի բալոնի տարողությունը 13 խմ է: «Եթե դատարկ բալոնով գնում եմ Ալավերդու որևէ ավտոգազալցակայան տաքսիս լիցքավորելու, 3600-3700 դրամ եմ վճարում, որը 20 խմ գազի վճար է: Ջերմաստիճանից էլ է կախված: Եթե եղանակը տաք է լինում, քիչ է բռնում գումարը, բայց Ալավերդիում լիցքավորված գազով ավելի քիչ ենք քշում: Սառը եղանակներին գումարը ավելի շատ է բռնում: Նույն ջերմաստիճանի դեպքում Վանաձորի «Սեզամ»-ում իմ ավտոմեքենան լիցքավորելիս գազի գումարը կազմում է 2600-2700 դրամ», - ասում է Գառնիկը:

Վարորդներից մեկը պնդեց, որ ավտոգազալցակայանների համակարգիչներում հաշվիչի ծրագիրը կամ լիցքավորողներն են խախտում կամ այդ ծրագիրը լցակայանների համակարգիչներում տեղադրելիս է խախտվում, որովհետև տաքսիների 10խմ տարողությամբ գազի բալոնը լիցքավորելուց հետո լցակայանների հաշվիչը 15 խմ է արձանագրում: Ալավերդու Թումանյան փողոցում կայանող տաքսիստներից մեկը պատմեց, որ Երևան գնալիս ճանապարհի շատ լցակայններում, երբ 3 հազար դրամ է տալիս իր ավտոմեքենայի 13խմ բալոնը լիցքավորելու, լիցքավորողը բացատրում է, որ 3 հազար դրամի գազը շատ է 13խմ տարողությամբ բալոնի համար:

Ալավերդիում 3 հազար դրամով հնարավոր չէ լիցքավորել 13 խմ բալոնը: Վերջինս նաև բացատրեց, որ նորմալ՝18-20 աստիճան ջերմաստիճանում լիցքավորման դեպքում 13խմ տարողությամբ գազի բալոնը հնարավոր է լիցքավորել իր տարողության համապատասխան: Բայց ավտոգազալիցքավորման կայաններում ջերմաստիճանի արհեստական խախտմամբ՝ վարորդներից գումարներ են շորթվում: Վահան Բեգջանյանին և Մարտիկ Բաբայանին պատկանող, Աքորի գյուղի վարչական տարածքում գտնվող «Ձորագազ» ՍՊԸ-ի  ավտոգազալիցքավորման կայանի գազի լիցքիվորումից Ալավերդու գրեթե բոլոր վարորդներն են դժգոհում:

«Ձորագազ» ՍՊԸ-ի գազալցակայանը գտնվում է Ալավերդու Սանահին կայարանային թաղամասից Շահումյան թաղամաս եկող ճանապարհաեզրին: Գազացկայանի տնօրեն Գագոյից չհասցրեցինք ազգանունն իմանալ: Գագոն իր ղեկավարած լցակայանից վարորդների դժգոհության մասին մեր հարցը լսելուն պես սկսեց գոռալ: Գագոն այդ մարտավարությամբ էլ խուսափեց վարորդների դժգոհությունը հերքող մեզ որևէ փաստարկ ներկայացնելուց:

Ալավերդու մուտքի մոտ գտնվող «Վարս գրուպ» ՍՊԸ-ին պատկանող գազի լցակայանի սեփականատեր Արտակ Սիմոնյանը մեզ բացատրեց. «Կոնկրետ մեր զազալցակայանում դրված են այնպիսի կոմպրեսորներ, որոնք մաքրում և տալիս են համեմատաբար մաքուր գազ: Մենք  օրական 4-5 լիտր յուղ ենք դուրս տալիս այդ գազից: Բայց կա վարորդների մի տեսակ, որոնց հետ մենք չենք կարող միշտ իրենց ուզածով աշխատել: Ինչքան էլ էժան տաս, միևնույնն է, ինքը պետք է բողոքի: Մենք  գազի մեկ խորանարդը վաճառում ենք 180 դրամով: Հաշվիչի վրա ցույց է տալիս գազի կգ-ը և գումարը:  Եթե վարորդի ասելով գումարը ավել է բռնում, 5 անգամ 180 դրամը ինքը կարող է հասկանալ ինչ է դա: Այսինքն, ավել չի կարա բռնի: Մենք ունենք մեր մշտական հաճախորդները, որոնք մեզնից միշտ գոհ են»:

«Ճիշտն ասած՝ գազալցակայնների գների տարբերությունը այնքան էլ չեմ հասկանում, բայց որպես հաճախորդ` իրենք ինձ լավ են սպասարկում, մարտի 8-ին էլ անփող իմ ավտոմեքենան լիցքավորել են»,- ասաց Ա. Սիմոնյանի գազալցակայանում իր ավտոմեքենան լիցքավորող Սոնա Մարտիրոսյանը:

«Կարեն» ՍՊԸ-ի գազալցակայանի տնօրեն Սասուն Ծատինյանի խոսքով` գները գազի բոլոր լցակայաններում իրար նման են: «Մեր գները Վանաձորի գազալցակայնների գներին նման են: Ես չգիտեմ` վարորդները ինչի են դժգոհում: Դե որ մեզնից բողոքեն, չեն գա էստեղ, էլի»,- ասաց Ս. Ծատինյանը:

«Ես Ճոճկանցի եմ: Էստեղ 1000 դրամի զապռավկա եմ անում Նոյեմբերյանի խաչմերուկից քիչ ներքև գտնվող գազալցակայան հասնելու համար, էնտեղ եմ լիցքավորում իմ ավտոմեքենան: Էնտեղ 2 հատ գազի կալոնկա կա, դաժե 3-րդն էլ Պտղավանինն է, շատ ընտիր կալոնկեք են, 2800, 2900 դրամ է բռնում իմ ավտոմեքենայի 25խմ տարողությամբ բալոնի լիցքավորումը»,- ասաց «Կարեն» ՍՊԸ-ի լցակայանում իր ավտոմեքենան լիցքավորող Սամվել Խուդինյանը:

«Ախթալշին տրեստ» ՍՊԸ-ին գազի լցակայանը պատկանում է Լոռու մարզպետին: Այս լցակայանը գտնվում է Ալավերդու  նախկին «Ախթալշին տրեստի» շենքի դիմաց՝ Դեբեդ գետի ափին: Շենքը նույնպես պատկանում է մարզպետ Արթուր Նալբանդյանին: Ալավերդու շատ վարորդներ խուսափում են «Ախթալշին տրեստ» ՍՊԸ-ին պատկանող գազացալցակայանում իրենց ավտոմեքենաները լիցքավորելուց, նույնպես իրենց վրա թանկ նստելու պատճառով: Մեր այցելության պահին այս լցակայանում լիցքավորվող որևէ ավտոմեքենա չհանդիպեցինք:

Հաղպատ համայնքի վարչական տարածքում` Ալավերդի-Բագրատաշեն միջպետական ճանապարհաեզրին, Ալավերդու հին գերեզմանատան մոտ գտնվող «Ձորահույս» ՍՊԸ-ին պատկանող լցակայանը, Հաղպատի գյուղապետարանի տեղեկատվությամբ, պատկանում է Նեղոց համայնքի բնակիչ Արտաշ Բեգջանյանին:

Վերջինս մեր այցելության պահին իր գազալցակայանում էր: Վարորդների դժգոհության մասին լսելուց հետո Ա. Բեգջանյանը իր գազալցակայանի տնօրեն Ռոման Ղորխմազյանին հարցրեց. «13խմ բալոնը ինչքանո՞վ եք լցնում դուք»: «Նայած օրվա որ ժամին»,- պատասխանեց տնօրենը: Վերջինս մեզ փորձեց բացատրել Վանաձորի «Սեզամ» ավտոգազալցակայանից ալավերդցի վարորդների գոհունակության պատճառները: «Մենք  քաղաք մտնող գազն ենք ստանում, մեր գազի մեկ խորանարդի արժեքը 121 դրամ է, վաճառում ենք 180 դրամով: Բայց, եթե վերցնենք, էդ բողոքավորին մենք մուֆթա էլ գազ տանք, նա էլի բողոքելու է: Կարող է «Սեզամի» գումարը քիչ է բռնում, բայց կիլոմետրաժով մեր լիցքավորած գազով ավելի շատ են քշում վարորդները»,- բացատրեց Ռոման Ղորխմազյանը: Ալավերդցի վարորդները, սակայն, պնդեցին հակառակը: Նրանց խոսքով` «Սեզամից» լիցքավորված գազը համապատասխանում է իրենց ավտոմեքենայի գազի բալոնի տարողությանը և ի տարբերություն «Ձորահույս» և «Ձորագազ» ՍՊԸ-ների ու Ալավերդու մյուս 3  երեք ավտոգազալցակայաններում լիցքավորած գազի՝ կմ-ով երկար է քշվում:

առաջին լուսանկարում` «Ձորագաս» ՍՊԸ-ի գազալցակայանը

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter